ՀՀ մի շարք լրատվամիջոցների միավորմամբ կազմված վարքականոնի համաձայն` ԶԼՄ-ները լրագրության էթիկայի, տեղեկատվության տարածման եւ մի շարք խնդիրների հարցում համաձայնության են եկել եւ առաջին անգամ կամավոր կերպով պարտավորվել միասնական սկզբունքներով առաջնորդվել: Ինչպես երեկ «Ժուռնալիստական էթիկան որպես որակյալ լրատվամիջոցների հիմք» թեմայով սեմինարին ասաց ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի տնօրեն Վլադիմիր Պրյախինը, Հայաստանը դեռեւս մամուլի ազատության ձեւավորման սկզբնական փուլում է, ինչը բնորոշ է ԱՊՀ պետությունների մեծ մասին: ԱԺ Կրթության, գիտության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանը լրագրողական էթիկան պայմանավորեց անձանց եւ նրանցից տեղեկատվություն վերցնելու պայմաններով: Էթիկայի առկա խնդիրներից նա առանձնացրեց խաբեությամբ տեղեկատվություն վերցնելը, այն սուբյեկտիվ կերպով օգտագործելն ու տարածելը, կամ շահ ունենալու նպատակով գովեստին ու գովազդին դիմելը: Նա կարեւորեց լրագրողի սխալների դեպքում հենց նույն անձի կողմից իր սխալի ընդունումն ու դրա հերքումը, ինչպես նաեւ՝ տեղեկատվության աղբյուրի գաղտնիությունը: