Հայաստանում առկա են ժողովրդավարության բոլոր բաղադրիչները` մամուլի ազատություն, ազատ ընտրություններ, քաղաքական ինստիտուտների միջեւ մրցակցություն, այնուամենայնիվ, դրանք բավարար չեն լիովին ժողովրդավարական պետություն համարվելու համար: Երեկ ԱՄՆ դեսպանատանը հրավիրված քննարկմանը նման տեսակետ է հայտնել քաղաքագիտության դոկտոր Վալերի Բանսը: Նա ամենից շատ հետաքրքրված է ՀՀ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններով: Վ. Բանսը խորհրդարանական ընտրությունների գործընթացը կարեւորում է այն հանգամանքով, որ քաղաքական բեմահարթակում հայտնվել են նոր ուժեր: «Այնուամենայնիվ, առավելապես կարեւորում եմ նախագահական ընտրությունները, քանի որ Հայաստանն ավելի շատ նախագահական երկիր է»,- ասել է նա: Ժողովրդավարական ընտրությունների կարեւոր նախապայմաններից Վ. Բանսն առանձնացրել է ընտրողների ճշգրիտ ցուցակների առկայությունը: Հետխորհրդային պետությունների ժողովրդավարացման գործընթացների համեմատական վերլուծություն անելիս` քաղաքագետը նկատել է, որ ՀՀ-ում, ինչպես եւ ԽՍՀՄ նախկին հանրապետություններում, ընդդիմությունը թույլ է: