Չընտրություն

16/03/2007 Տիգրան ՊԱՍԿԵՒԻՉՅԱՆ

Սկիզբը՝ նախորդ երկու համարներում

1988-ից մինչեւ 90 թվականն ընկած ժամանակահատվածում գրեթե հարյուրամյա ազգային կուսակցությունը՝ Հայ հեղափոխական դաշնակցությունը, որը հպարտանում է Հայաստանի առաջին անկախ հանրապետության հիմնադիրը լինելու պատմական փաստով, բայց ոչ մի կերպ չի ճանաչում դրա անկման ու տարածքների կորստի գործում իր ունեցած հսկայական բաժինը, երկյուղով ու թերահավատությամբ էր նայում ղարաբաղյան շարժման մեջ անկախականության աստիճանաբար գերակշռող միտումներին։ Այն ժամանակ անեկդոտի պես շուրթից շուրթ անցնում էր ՀՅԴ-ի՝ «Անկախության կողմ ըլլալով, անջատումին դեմ կըլլանք» դիրքորոշումը, որը ոչ այլ ինչ էր, քան հապաղում։

ՀՅԴ-ն հապաղում էր՝ ունենալով 1918-ի փորձը։ Նա գիտեր, որ անկախությունը ոչ թե ձեռք են բերում, ինչպես եղավ 1990-ին, այլ գտնում են կայսրության փլատակներում, ինչպես եղել էր 1918-ին։ Դրա համար պետք էր սպասել։ Սպասել ու տեսնել, թե երբ կփլուզվի մեծ կայսրությունը, իսկ եթե չփլուզվե՞ր, ի՞նչ կլիներ այդժամ Ղարաբաղը, որի դատը ջերմեռանդորեն պաշտպանում էին Սփյուռքի մեծաթիվ եւ Հայաստանի փոքրաթիվ դաշնակցականները։

Կասկածն այնքան մեծ էր, որ ՀՅԴ-ն նույնիսկ կառույց չէր ստեղծում Հայաստանում, այլ ներկայանում էր ՀԱԱԿ անունով կազմակերպությամբ, որն, ինչքան ինձ հայտնի է, նշանակում էր՝ Հայաստանի ազգային անկախության կուսակցություն։ ԽՍՀՄ չփլուզման դեպքում կարելի էր շատ արագ լուծարել ՀԱԱԿ-ը՝ թաքցնելով ՀՅԴ-ի հետքը, իսկ անկախության իրական հնարավորության ի հայտ գալու դեպքում՝ ներկայանալ որպես դաշնակցական եւ անկախության ջատագով։ Սա, փաստորեն, «Անկախության կողմ ըլլալով, անջատումին դեմ կըլլանք» դիրքորոշման կազմակերպական ձեւն էր։

«Բոլոր հայերը դաշնակցական են,- ասում էր ՀԱԱԿ-ի նախաձեռնողներից մեկն, ով այդ ժամանակ իմ գործընկերն էր,- պարզապես ոմանք դա գիտակցում են, ոմանք՝ ոչ»։ Նա շատ էր ափսոսում, որ ես չգիտակցողների շարքում եմ, եւ, անկախության մասին խոսելիս՝ միշտ ասում, որ դա կարող են վերականգնել միայն դաշնակցականները եւ ուրիշ ոչ մի ուժ։

Դաշնակցականներն ի սկզբանե ՀՀՇ-ին համարում էին համազգային շարժման փրփուր եւ գրեթե միշտ վերաբերվում թերահավատությամբ։ Նրանք գտնում էին, որ այդ կազմակերպվածքը շատ արագ կմասնատվի, եւ նրա մեջ եղած առողջ ուժերը կդառնան ՀՅԴ-ի կողմը։ Ի դեպ, որպես առողջ ուժ՝ ամենից հաճախ հիշատակում էին Վազգեն Մանուկյանի անունը։

Հայաստանյան քաղաքական իրականության մեջ հստակ կողմնորոշում չունեցող այս ուժը (առայժմ՝ ՀԱԱԿ) այդպես էլ չնկատեց, թե ինչպես Մոսկվայի քթի տակ ժողովրդավարական ընտրությամբ Գերագույն խորհուրդ ընտրվեց, թե ինչպես եկավ անկախությունը, որին համաժողովրդական քվեարկությամբ «Այո» ասաց իրեն դաշնակցական չգիտակցող ժողովրդի մոտ հարյուր տոկոսը։ Այսպես ՀՅԴ-ն բաց թողեց Հայաստանի անկախությունը վերականգնելու՝ իրեն եւ միայն իրեն վերապահված պատմական առաքելությունը։

Նախագահական առաջին ընտրությունը բացթողումը շտկելու լավ շանս էր, սակայն Հայաստան նոր-նոր ոտք դրած ավանդական այդ կուսակցությունը չէր կարող օգտագործել այն։ Հզոր ժողովրդական շարժումը բնականաբար խարիզմատիկ առաջնորդ էր պահանջելու, որը չէր կարող լինել ժողովրդական դերասան Սոս Սարգսյանը, որքան էլ նա սիրված ու հարգված էր ժողովրդի կողմից։

ՀՅԴ-ն կարող էր բաց թողնել այս ընտրությունը, սպասել հաջորդին, բայց քաղաքական ամբիցիաները թույլ չէին տալիս։ Թեեւ կուսակցությունն արդեն բացահայտված էր, բայց քաղաքական որեւէ գործչի փոխարեն ժողովրդական դերասանի թեկնածություն առաջադրելով՝ դարձյալ ապահովագրում էր իրեն։ 91-ի ընտրության ժամանակ Խորհրդային Միությունը, ճիշտ է, մասնատված էր, բայց ամբողջովին դեռ լուծարված չէր, եւ, Աստված մի արասցե, վերակենդանանալու դեպքում ժողովրդականի կարգավիճակը պետք կգար։

ՀՅԴ-ն բացառիկ հավակնություն ուներ նաեւ Արցախյան ազատամարտի նկատմամբ, բայց այս դեպքում եւս հաշվի չէր առնված համաժողովրդական պոռթկումը։ Օսմանյան Կայսրությունում հայդուկային շարժման, ինչից երբեմն անտեղյակ էր հայ հանրությունը, կամ Կովկասում կամավորական շարժման, ինչին քաջ տեղյակ էր Ռուսական Կայսրությունը, սկզբունքներով ազատամարտ կազմակերպելը ժամանակավրեպ էր։ Ամեն արցախցի՝ անկախ այդ սկզբունքներից, կամավոր ու հայդուկ էր, ամեն հայաստանցի հաստատակամորեն գնում էր թաղելու իր մեջ մեռած ստրուկին։ Եվ չնայած գաղափարական կամավորների որակյալ մեծամասնությանը եւ «Զենք կուսակցականության դիմաց» բանաձեւով անդամագրումներին, ՀՅԴ-ին չհաջողվեց ստանձնել ամբողջ ազատամարտի պատասխանատվությունը։ Ժողովուրդը դաշնակցական կամավորների մեծ հոսք էր ակնկալում Սփյուռքից, բայց միֆական գաղտնի բանակների եզակի նվիրյալներ եկան ազատամարտի դաշտ, եւ այդպես ձախողվեց բացառիկության եւս մեկ հավակնություն։

Հայաստանում ինքնահաստատվելու մի շանս էր մնում՝ ազատամարտում կոփված մարտիկների եռանդն օգտագործելով՝ ժամանակից շուտ գրավել իշխանությունը, չսպասել հերթական ընտրության։ Չսպասել, որովհետեւ հերթական ընտրությամբ կամ Տեր-Պետրոսյանի իշխանությունն էր շարունակվելու, կամ իշխանության էր գալու ԱԺՄ-ն։ Ընտրության միջոցով իշխանության գալու շանս ՀՅԴ-ն չուներ, որովհետեւ բացառիկության բարդույթով տառապելով, չուներ բացառիկ դեմքեր, իսկ ազատամարտի գաղափարն արդեն բացառիկ չէր։

Շարունակելի…