Տարբեր թեմաների շուրջ քննարկումներ անցկացնող «Փաստարկ» ակումբի աշխատակազմը երեւի ճիշտ կանի, եթե տեղափոխվի նոր գրասենյակ։ Պատճառը ճնշումները կամ ներկա գրասենյակի անհարմարությունը չի։ Պարզապես, երեկվա հյուրից հետո դա թերեւս շատ կարեւոր է։ Իսկ ո՞վ է այդ հյուրը. կհարցնեք դուք։
Դա այն մարդն է, ով հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած Ռամիլ Սաֆարովի սպանության դիմաց պատրաստ էր վճարել 120 հազար դոլար։ Պատրաստ էր հրաժարվել ոչ միայն իր փողերից, այլեւ քրեական պատասխանատվության ենթարկվել սպանության փորձ կատարելու համար։
Դա այն մարդն է, ով քաջաբար «րՑՐպսՍՈ» արեց Կովկասի մահմեդականների հոգեւոր առաջնորդ Ալլահ Շուքյուր Փաշազադեին՝ հայերի դեմ Սրբազան պատերազմի կոչ անելու համար։ Ավելին, նրան հրապարակավ անվանեց վախկոտ, քանի որ Փաշազադեն չէր ներկայացել, իսկ ինքը սահմանի վրա երկար սպասել էր նրան։ Նա սահմանի մոտ էր հրավիրել նաեւ Հրանտ Դինքի սպանողներին աջակցող հայտարարության հեղինակներին, բայց սրանք էլ վախեցան։ Դա այն մարդն է, ով, Ռոբերտ Քոչարյանի փոխարեն, պատասխանել էր Րաֆֆի Հովհաննիսյանի հարցերին, ով Ռոբերտ Քոչարյանից եւ «ՀայՌուսգազարդի» տնօրեն Կարեն Կարապետյանից շուտ գիտեր, թե ռուսներն ինչ գին են սահմանելու գազի համար, եւ ով ժամանակին ցանկանում էր երիտասարդների խմբեր ստեղծել՝ քաղաքում կարգուկանոնը պահպանելու համար (մանավանդ, միտինգների ժամանակ)։ Եվ վերջապես, դա այն մարդն է, ով կարդացել է համաշխարհային գրականության բոլոր գրքերը։ Այո, խոսքը Հայաստանի առաջադիմական կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանի մասին է։
Նա սրտնեղում է՝ ընթերցասիրությունը մեզանում վատ է ընկալվում, թերթերն իրեն վատաբանում են միայն այն բանի համար, որ ինքը ծանոթ է, ասենք, Ժյուլ Վեռնի գրականությանը։ Իսկ ընթերցասիրությունը վատաբանելու արդյունքում, ըստ նրա, ձեւավորվում է այնպիսի խորհրդարան, որի անդամները նոր են պարզում, որ «Կարլ Մարքս-Ֆրիդրիխ Էնգելսը» չորս տարբեր մարդիկ չեն։
Ու որպեսզի ապագա խորհրդարանն այդպիսի մարդկանցով չհամալրվի, այն պետք է համալրվի Տ. Ուրիխանյանի նման «ինտելեկտուալ» անձանցով։ Տ. Ուրիխանյանն ու իր կուսակցությունը մասնակցելու են ԱԺ ընտրություններին միայնակ։ ՀԱԿ առաջնորդը կողմ չէ այլ ուժերի հետ միավորումներ կամ դաշինքներ կազմելուն, սակայն հաճույքով բացատրում է ընդդիմության չմիավորվելու պատճառները։ Ասենք, ինքն այդ մասին շուտ էր նշել, դեռ 2-3 տարի առաջ էր «ցույց տվել մեդալի հակառակ երեսը»։ Իսկ հակառակ երեսին, պարզվում է, գրված է, որ մեր ընդդիմությունն ի վիճակի չէ ժողովրդին առաջնորդել. այնտեղ կան միայն ամբիցիաներ, անհատական եւ կուսակցական շահեր։ Որպես միակ ռեալ ընդդիմադիր ուժ՝ Տ. Ուրիխանյանը համարում է «Այլընտրանքը»։
Իսկ այլոց հետ միավորումներ կազմելու միակ հիմքը կարող են լինել համոզմունքները։ Տ. Ուրիխանյանը դրանցից կարեւորում է խաղաղությունը, կայունությունը եւ զարգացումը։ Հանուն այս ամենի, նա պատրաստ է զիջել իր դիրքերը։ Եվս մի հետաքրքիր փաստ. այս ամենին հասնելու ճանապարհը ՀԱԿ ղեկավարը տեսնում է անպայման ՀՀԿ-ի մասնակցությամբ։
Այս ամենով հանդերձ, պրն Ուրիխանյանն իրեն չի պատկերացնում ապագա Ազգային ժողովում։ Այդ դեպքում հետաքրքիր է, թե ինչո՞ւ է գնում։ «Ընկել ենք, պիտի քաշենք»,- անկեղծ ժպիտով ասում է նա՝ ավելացնելով, որ պատգամավորական մանդատն իրեն ոչ մի նոր բան չի տալու՝ ո՛չ հնարավորությունների, ո՛չ փողի, ո՛չ այլ առումներով։ Փառք աստծո, փողը հերիքում է անգամ Ռամիլ Սաֆարովի համար գլխագին սահմանելու։
Այսինքն՝ Տ. Ուրիխանյանը չուզելո՞վ է գնում Ազգային ժողով։ Ոչ, նա ուզում է պետք գալ ժողովրդին։ Տ. Ուրիխանյանն ասելիք ունի։ Նա միշտ ասելիք ունի, անգամ այն դեպքերում, երբ լռությունն ավելի խոսուն է։ Պարզվում է, նա անելիքներ էլ ունի, այն էլ` պահանջված անելիքներ։ Եվ դրա համար էլ գնում է ընտրությունների։ Սակայն… պայմանով։
Եթե պարզվի, որ պրն Ուրիխանյանի հետ նույն ընտրատարածքում մեծամասնականով առաջադրված թեկնածուներից որեւէ մեկը ՀԱԿ նախագահի ստացած ձայների կեսից ավելին է ստացել, նա խոստանում է վայր դնել մանդատը։ Այսինքն, եթե թիվ 9 ընտրատարածքում ինքը ստանա, ասենք, 1000 քվե, ապա կհրաժարվի պատգամավորի աթոռից, եթե Մհեր Շահգելդյանը, Նապոլեոն Ազիզյանը կամ Արարատ Զուրաբյանը հավաքեն 500-ից ավելի ձայն։ Սա արվում է զուտ նրա համար, որ պրն Ուրիխանյանը համոզվի, որ ինքը պահանջարկ ունի հասարակության կողմից։ Իսկ այդ դեպքում ո՞ւր կմնան անելիքները, որ պետք է նա կատարեր՝ լինելով ԱԺ պատգամավոր։ Ենթադրենք, Արարատ Զուրաբյանը հավաքել է 501 ձայն, արդյոք արժե՞ այդ մեկ ձայնի պատճառով ԱԺ-ը եւ ժողովրդին զրկել Տիգրան Ուրիխանյանից։ Դժվար թե։ Սակայն երեկվա քննարկումը ցույց տվեց, որ Տ. Ուրիխանյանը լուրջ է տրամադրված եւ այդ մեկ ձայնի պատճառով մեր խորհրդարանը կարող է դատապարտվել։ Տ. Ուրիխանյանն ասում է, որ վստահ է իր ուժերին։ Իրենք հարցում են արել եւ պարզել, որ 100 հոգուց 5-ը նախընտրում են Տ. Ուրիխանյանին, 2-ը՝ մնացած բոլորին, 93-ն էլ ընդհանրապես անտարբեր են ընտրությունների նկատմամբ։ Մի խոսքով, ամեն ինչ ցույց կտա ժամանակը, ավելի կոնկրետ՝ մայիսի 12-ի ընտրությունները։ Այս հարցում էլ, Տ. Ուրիխանյանը կարծում է, որ առաջընթաց կլինի։ Այսինքն, երկրի ընդհանուր առաջընթացի մեջ առաջընթաց կապրի նաեւ ընտրությունների գործընթացը, սակայն «միանշանակ, ՈՉ ընդդիմության ջանքերի շնորհիվ»։
Հիմա վերադառնանք սկզբին։ Ի՞նչ եք կարծում, ճիշտ չէ՞ր լինի, եթե «Փաստարկ» ակումբը հենց երեկվանից տեղափոխվեր մեկ այլ շենք, իսկ իր այժմյան գրասենյակը ամուր փակեր՝ ոչ մի իր տեղից չշարժելով, եւ վերածեր այն Տիգրան Ուրիխանյանի տուն-թանգարանի՝ մուտքի վրա գրելով. «Այստեղ ասուլիս է տվել Ինքը՝ Տիգրան Ուրիխանյանը, ով…»։ «Ով»-ից հետո կարելի էր շարունակել այն ոչ լրիվ ցանկը, որը բերված է հոդվածի սկզբում՝ սկսած 120 հազար դոլարից, վերջացրած համաշխարհային գրականությամբ։ Թեեւ կարելի է ընթերցասիրությանը վերաբերող մասը հանել. չէ՞ որ, ըստ Ռոբերտ Քոչարյանի, գիրք կարդալու ժամանակները վաղուց անցել են։