Փոթորիկ մի բաժակ հանքային ջրում

15/03/2007 Արա ԳԱԼՈՅԱՆ

Հայաստանի համար ջուրը միշտ էլ առանձնահատուկ երեւույթ է եղել: Բոլոր ժամանակներում՝ Նոյի ջրհեղեղից մինչեւ երկիրը ջրի վաճառքով պահելու տեսլականը: Թվում էր՝ հասկացել էինք, որ ջուր ծախելով ազգ չես պահի: Բայց փորձեր, այնուամենայնիվ, անում էինք: Ճիշտ է, ջրի արտահանումից ընդամենը մի երկու ընտանիք էին շահում, սակայն դա չէր խանգարում, որ ազգովի հպարտանայինք: Ու հանկարծ մի քանի երկիր իրար հերթ չտալով հայտարարեցին, որ արգելում են «Ջերմուկի» ներմուծումը: Համարյա համազգային իրարանցում սկսվեց, ամեն օր ասուլիսներ են անցկացվում: ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների գործակալությունը հստակ նշել էր պատճառը: Մեր «Ջերմուկում» արսենիում (կամ մկնդեղ) կա: Մերոնք խառնվել են իրար: Հայ մասնագետներից ոչ ոք այս փաստը չի ժխտում: Ավելին, ՀՀ Առողջապահության նախարարության տեսչության պետի տեղակալ Մ. Բասիլիսյանը հատուկ բացատրություն հրապարակեց: Պարզվում է՝ ամերիկացիների ասած 500-600 միկրոգրամ արսենիումի քանակը շատ ավելի պակաս է, քան Հայաստանում գործող ստանդարտը: Մենք մեզ թույլ ենք տալիս 100-200 միկրոգրամ ավելի պարունակող հանքային ջուր խմել: Ավելին, այդ թիթիզ արտասահմանցիները խմելու կարգին ջուր չունենալով հանդերձ՝ ինչ-որ դասակարգումներ են հորինել: Պարզվում է՝ նրանց մոտ ոչ միայն ատամի ու կոշիկի խոզանակներն են տարբեր, այլեւ ջրի տեսակները: Մենք աշխարհի լավագույն ջուրն ունեցող ազգ լինելով՝ «խմելու», «սեղանի» եւ «բուժիչ» ջրերը չենք տարբերակել, իսկ իրենք տարբերակել են: Հիմա, երբ խմելու մաքուր ջրի անվան տակ նրանց բուժիչ ջուր ենք տալիս, հրաժարվում են խմել: Հայոց աշխարհում արդեն բոլորը, նույնիսկ՝ բժիշկները, մոռացել են, որ տասնամյակներ առաջ մենք էլ էինք նույնքան բծախնդիր: Այն ժամանակ հանքային ջրերը ոչ թե խանութներում էին վաճառվում, այլ դեղատներում: Հետո խորհրդային ստանդարտների թեթեւ ձեռքով դրանք տեղափոխվեցին հանրային առեւտրի ցանց: Այս ամենը մոռացած՝ հիմա փորձում ենք աշխարհին համոզել, որ հանքային ջուրը կարելի է օգտագործել որպես սովորական խմելու ջուր: Մոտ 8-9-ը տարի առաջ մեր ներքին շուկայում «Ջերմուկ» հանքային ջուր հիմնականում արտադրում էին երկու ընկերություն՝ «Մայր գործարանը» եւ «Ջերմուկ գրուպը»: «Մայր գործարանի» արտասահմանցի սեփականատերերը (Ջանիկ Օսկանյան, Կայծակ Զեյթլյան) դիմել էին ՀՀ կառավարությանը՝ խնդրելով, որ իրենց ձեռնարկությանը «Ջերմուկի» արտահանման մենաշնորհ տրվի: Սփյուռքահայ հայտնի գործարարներն իրենց դիմումը հիմնավորում էին հետեւյալ կերպ. «Ջերմուկը» արեւմտյան շուկա այս բաղադրությամբ հանել հնարավոր չէ: Նրանք պնդում էին, որ զարգացած երկրների շուկա դուրս գալու համար լրացուցիչ սարքավորումներ է պետք ներկրել եւ «բեռնաթափել» այդ հանքային ջրի քիմիական բաղադրությունը: Առանց մենաշնորհի իրավունք ստանալու՝ նրանք համարում էին, որ իրենց ներդրումները կդառնան անիմաստ: Որովհետեւ արեւմտյան շուկա մտնելու ծախսեր անելուց հետո հայաստանյան «Ջերմուկ» արտադրող ցանկացած ընկերություն իր վատորակ ապրանքով կարող է մտնել այդ շուկա, եւ կկատարվեր այն, ինչ կատարվում է հիմա: Սփյուռքահայերը սարքավորումների մի մասը ներկրել էին: Նույնիսկ սկսեցին փորձնական արտադրություն՝ ներքին շուկայում հայտնվեց նոր ջուրը «Ջերմուկ-լայթ» անունով: Հետո սփյուռքահայերին մենաշնորհ չտրվեց, եւ այս փորձը ձախողվեց: Ավելին, նույն «Ջերմուկ» անունով ջուր լցնելու արտոնագիր ստացան մոտ չորս տասնյակ ընկերություններ: Ով՝ ինչ էր լցնում ու որտեղ էր վաճառում, պարզ չէ: Լեռնային երկրում դա այնքան էլ սարսափելի չէ: Դարեր շարունակ մենք խմել ենք մեր բարձրիկ լեռների սառնորակ ջուրն, ու մեր մտքով անգամ չի անցել, որ այն իր բաղադրությամբ տարբերվում է Վոլգայի ու Դանուբի ջրից: Աշխարհի ոչ լեռնային երկրների բնակիչները հնարավորինս մաքրել են իրենց գետերի ջրերն ու խմել: Մենք այս հոգսից միշտ ազատված ենք եղել: Որովհետեւ չենք ունեցել շրջակա միջավայրին սպառնացող ուրբանիզացիայի մակարդակ ու ունեցել ենք լեռնային գետակներ: Դրանց ջուրը խմել ենք՝ երբեք չմտածելով, ու այն հագեցած է աղերով, մետաղներով եւ այլեւայլ քիմիական երեւույթներով: Հիմա էլ շարունակում ենք խմել, ու հայաստանցիներս կյանքի տեւողությամբ ամենեւին էլ ամենավերջինը չենք աշխարհում: Սա, որպես փաստարկ թմբկահարելով՝ մեր մասնագետները զարմանում են ուրիշ մասնագետների վրա: Բայց այդ ուրիշներն, ախր, ուրիշ ջրերի են սովոր: Նրանց հաստատ շատ կզվարճացնեն այն կարծիքները, որ մերոնք հնչեցնում են: Տրվում են քաղաքական բացատրություններ՝ «Ջերմուկի» ներմուծումն արգելելը որակելով որպես ՀՀ-ի վրա տնտեսական ճնշման փաստ: Հանքային ջրերի ոլորտը մեր հարկային մուտքերում խիստ համեստ բաժին ունի: Բոլոր ձեռնարկությունները միասին կես միլիոն դոլարի չափ հարկ են մուծում: Դրանց բիզնեսին խփելը պետբյուջեին այնքան էլ չի վնասի: Կան, իհարկե, ավելի զարմանալի հայտարարություններ: «Ջերմուկ գրուպ» ՓԲԸ նախագահի խորհրդական Էդգար Ղազարյանն, օրինակ, լրագրողներին ասել էր, թե «ԱՄՆ Սննդամթերքի եւ դեղամիջոցների գործակալության տարածած հայտարարությունը դիտավորություն էր, որն ուղղված է Հայաստանի բոլոր հանքային ջրերի մուտքը ԱՄՆ շուկա կասեցնելուն»: Այսինքն, էս է հա, հայերով իրականացնում էինք ջրի վաճառքով ազգ պահելու մեր հին տեսլականը, բայց այն կանխվեց: Ընդ որում, կանխվեց անառողջ մրցակցության հետեւանքով: Իսկ գիտե՞ք դա ինչպես է արվում՝ «շուկայի մասնակիցներից մեկը համաձայնության է գալիս պետական որեւէ մարմնի կամ կազմակերպության հետ՝ դրա միջոցով տարածում հայտարարություն, դրանով իսկ վնասելով շուկայի այլ մասնակիցների հեղինակությանը»: Կարելի է ենթադրել, որ մեր ջուրն արդեն վաճառվում էր ամերիկյան բոլոր խանութներում ու բենզալցակայաններում ու արդեն այնքան լուրջ մրցակից էր, որ նրա դեմ սկսեցին պայքարել: Մնում է միայն զարմանալ, թե ինչու են «Ջերմուկ գրուպից» անցած տարի հարկային մարմիններն ընդամենը մոտ 100 մլն դրամ հարկ գանձել, եթե այդքան հզոր արտադրություն ունի: Այս աղմուկ-աղաղակը, կարծում եմ, հարկային մարմիններին լավ առիթ է՝ հետեւություններ անելու համար: