Երեխա են բերում, որ ապրեն

10/05/2005 Ժաննա ԱԼԵՔՍԱՆՅԱՆ, www.ArmeniaNow.com

Միհարկանի տան բակում ձյան վրա սահնակով խաղացող երեխաները ձմռան համար չափազանց թեթեւ են հագնված: 4-ամյա Արայիկի պատռված կոշիկների ճեղքերից երեւում են մերկ ոտքերը: Հագին բարակ ու մեծ սվիտեր է, որի թեւքերի մեջ թաքցրել է թաթիկները: Խաղից ոգեւորված` նա ցուրտ չի զգում: «Մրսըմ չեմ»,- Ղարաբաղի բարբառով ասում է մեծ ու փայլուն աչքերով փոքրիկը:

Արայիկը 37-ամյա Վիկտոր Հարությունյանի եւ 32-ամյա Աիդա Աղաջանյանի 12 տարվա համատեղ կյանքում ունեցած 7 որդիներից է: Երկու անգամ էլ Աիդան վիժել է: Մի քանի ամսից ծնվելու է ութերորդ երեխան:

Ղարաբաղի կառավարության վերաբնակեցման ծրագրի շրջանակներում չորս եւ ավելի երեխա ունեցող ղարաբաղցի ընտանիքներին հատուկ խրախուսական ավանդներ են հատկացվում: Պատերազմից ավերված Շուշիում (այժմ բնակչությունը 3300 է), որտեղ եկամտի միջոց գործնականում չկա, իսկ բնակարանային հարցը շատ սուր է, 64 ընտանիք չորս եւ ավելի երեխա ունի:

«Մարդասիրական օգնություն ցույց տալիս նախարարությունն առաջին հերթին օգնում է բազմազավակ ընտանիքներին»,- ասում է Շուշիի Սոցիալական ծառայության պատասխանատու Մանանա Գոգմաչաձեն: Այսինքն` Ղարաբաղի իշխանությունները վճարում են Վիկտորին եւ Աիդային, որ երեխա ունենան: Սակայն այստեղ ոչինչ հեշտ չի տրվում:

Հինգ տարեկան Սերժիկը ռախիտ ունի, չի քայլում: Երկու տարեկանում ընկել է եւ ուղեղի ցնցում ստացել: Աճը վերականգնելու համար նրան հատուկ բուժում է պետք: Սերժիկի քաշը 7 կգ է` նորմայից պակաս: Հիվանդոտ տեսք ունի նաեւ 7 ամսական Արկադին: Բժիշկների հավաստմամբ` Աիդայի վիժելու պատճառը թերսնվածությունն է եղել, սակայն քանի որ ընտանիքի բյուջեն կախված է Աիդայի երեխա բերելու ունակությունից, նա անընդհատ հղիանում է:

Չորս եւ ավելի երեխա ունեցող ընտանիքներին յուրաքանչյուր երեխայի համար տրվում է ամսական 2000 դրամ (մոտ 4 դոլար): Վիկտորն ու Աիդան իրենց յոթ երեխաներին պահելու համար ստանում են ամսական 28 դոլար: Բացի այդ, 4-րդ երեխայի ծնվելուց հետո պետությունն ավանդ է հատկացնում, որը փոխանցվում է բանկ, եւ այդ գումարից հնարավոր է օգտվել միայն երեխայի 18 տարին լրանալուց հետո: Իսկ մինչ այդ ծնողները կարող են ստանալ այդ գումարի տոկոսները: Վիկտորն ու Աիդան տոկոս են ստանում 6500 դոլար «ներդրումից»` ամսական 32 դոլար:

Եռամսյակը մեկ բազմազավակ ընտանիքներին 50 դոլար օգնություն է հատկացնում Հայ Ավետարանչական ընկերությունը: Մեկ-երկու բարեգործական կազմակերպություն էլ հագուստ եւ դասագիրք է տրամադրում ու նաեւ ամսական 5580 դրամ` 300 կվտ հոսանքի համար: Շուշիի վարչակազմի ղեկավարի տեղակալ Սամվել Հարությունյանն ասում է, որ մի քանի ընտանիք կա, որոնք ծանր պայմաններում են ապրում եւ «փորձում են գոյատեւել երեխաներին տրվող միջոցներով»: Սակայն Վիկտորի առայժմ` 9, շուտով` 10 հոգանոց ընտանիքի համար երեխաների այդ նպաստները բավարար չեն: «Մի խանութի հետ խոսում ենք, պարտք անում, հետո մեկ տարվա տոկոսը ստանում` պարտքերը փակում,- ասում է Աիդան: – Այսպես էլ ապրում ենք»: Երեք սենյականոց տունը դժվարությամբ են ստացել: Տունը կառուցված է հողի վրա, եւ հատակն արդեն խոնավությունից ուռել է: Բաղնիքն ու զուգարանը դրսում են:

«Մարտի 8-ին, երբ տեղափոխվեցինք, ուժեղ քամուց տանիքը պոկվեց: Լավ է` շինարարները մոտ էին, եկան-նորոգեցին»,- պատմում է Վիկտորը:

Ամբողջ ընտանիքը ձմեռն անցկացնում է մի սենյակում: Տունը չի ջեռուցվում: Բոլորը հավաքվում են վառարանի շուրջը: Հայրն ասում է, որ երեխաներն իրար նկատմամբ հոգատար են, իրեն էլ են օգնում տան գործերում: «Երեխաներիս շատ եմ սիրում: Անտառ էի գնացել փայտ բերելու, երեխաներից երեքին վերցրել էի հետս: Փայտը կտրել են, բերել-լցրել մեքենայի մեջ, ասում են` պապա, քիչ է, էլի լցնենք տանենք»,- երեխաներով հպարտանում է Վիկտորը: Նա 3-րդ կարգի հաշմանդամ է: Օգոստոսին վիրահատվել է եւ չի կարող ծանր աշխատանք կատարել, իսկ մինչ այդ շինարարությունում բանվոր է աշխատել, որի համար մինչեւ հիմա չի վճարվել: Պատերազմի հետեւանքներն ակնհայտ են Շուշիում, որը ժամանակին առողջարանային ու մշակութային կենտրոն էր: Այդուհանդերձ, պաշտոնյաների հավաստմամբ` վերջին երկու տարում բնակչությունն աճել է 400 մարդով: «Շուշիում վիճակն անփոփոխ է. եթե ասենք` վատացել է, սխալ կլինի, բայց ակնհայտ է, որ դրական տեղաշարժ էլ չկա: Աշխատատեղերի պակասն ամենաշատն է ազդում բնակչության սոցիալական վիճակի վրա,- ասում է Վիկտորը: – Շուշիում ինձ համար լավ է, որովհետեւ բնիկ շուշեցի եմ: Շուշին երբեք չեմ լքի: Երբ 1988-ին մեզ բռնագաղթեցրին Ստեփանակերտ, 3 տարուց հետո վերադարձա: Պահեր են եղել, շատ եմ հուսահատվել, ուզել եմ գնալ Երեւան, դիմել դեսպանատներին` երկրից հեռանալու համար: Ասել եմ` երեխաներիս վերցնելու եմ, գնամ: Ջղայնությունից էդպիսի մտածմունքների մեջ եմ ընկել, բայց էլի, մեկ ա, ուր էլ գնամ, իմ Հայրենիքն ինձ համար ամենաքաղցրն ա»: Շուշիում հողագործությամբ չեն կարող զբաղվել` ոռոգման ջրի պակասի պատճառով: Քաղաքի արվարձաններում բնակչության մի փոքր մաս զբաղվում է անասնապահությամբ: Վիկտորը կով է նվեր ստացել «Գուրգեն Մելիքյան» հիմնադրամից: Ասում է, որ եթե երկու հատ էլ ունենա, կկարողանա ընտանիքը պահել:

Սամվել Հարությունյանն ասում է, որ քաղաքը վերականգնելու համար մեծ ներդրումներ են անհրաժեշտ. «Միայն Ղարաբաղի կամ Հայաստանի միջոցներով անհնար է Շուշին վերականգնել, այն պետք է վերականգնվի համայն հայության մասնակցությամբ»:

www.ArmeniaNow.com