Այսօր Երեւանի գրեթե բոլոր համայնքներում առկա է վերելակների խնդիրը: Նոր Նորք համայնքն էլ ունի վերելակների հետ կապված լուրջ խնդիրներ: Վերելակները հին են, ունեն 30-35 տարվա պատմություն, այնինչ այս վերելակների շահագործման ժամկետն ընդամենը 25 տարի է: Վերելակների հին լինելու հետ մեկտեղ՝ երկար տարիներ է, ինչ ներդրումներ չեն կատարվում: Միայն վերջին 2-3 տարին է, որ սկսել են ներդրումներ անել: Նոր Նորքի թաղապետարանից ասացին, որ մեկ վերելակ վերանորոգելու համար անհրաժեշտ է 1մլն-ից ավելի գումար, քանի որ Հայաստանում այդ մասերը չեն արտադրվում եւ դրանք բերվում են արտասահմանից:
Նոր Նորք համայնքն ունի 500-ից ավելի վերելակ, եւ դրանք վերանորոգելու համար հսկայական գումարներ են անհրաժեշտ, որը ոչ թաղապետարանն ունի, ոչ էլ բնակիչները: Նորքի թաղապետարանը քաղաքապետարանի միջոցով դիմում է ներկայացրել ՀՀ կառավարությանը՝ այս հարցը քիչ թե շատ կարգավորելու՝ անվտանգ շահագործելու, ամենաանհրաժեշտ մասեր գնելու համար, որոնց ընդհանուր գումարը 16մլն դրամ է կազմում, սակայն կառավարությունն ասել է, որ գումար չունեն:
Անցյալ տարի Նորքի թաղապետարանը վերանորոգել է թալանված 17 վերելակ, որոնք 10-15 տարի չեն աշխատել: Թաղապետարանից ասում են, որ հնարավորության սահմաններում տարեկան կարող են վերանորոգել 15-20 վերելակ:
«Շատ մեծ ծրագրեր ունենք: Եթե անցյալ տարի վերանորոգել ենք 17 վերելակ, ապա այս տարի նախատեսված է ավելի շատ՝ 22-23 վերելակ: Պարզապես ֆիզիկապես հնարավորություն չունենք»,- ասում է Նոր Նորք վերելակային ծառայության գլխավոր ճարտարագետ Գագիկ Խուրշուդյանը: Ֆիզիկապես հնարավորություն չունենալն, ըստ Գ. Խուրշուդյանի, պայմանավորված է մասնագետների պակասով եւ աշխատավարձի ցածր լինելով: Ժամանակին կադրեր էին պատրաստում, իսկ հիմա այդպիսի մասնագետներ չկան, եւ երիտասարդներն էլ ցանկություն չունեն այս մասնագիտությամբ աշխատելու, քանի որ վտանգավոր աշխատանք է, եւ բնակիչների հետ շփվելը շատ բարդ է: Էլեկտրամեխանիկների միջին աշխատավարձը 50.000-150.000 է՝ կախված նրանից, թե ինչ կարգի աշխատանք է: Իսկ թե ինչպես են արձագանքում բնակիչների բողոքներին, գլխավոր ճարտարագետն ասաց. «Աշխատում ենք հնարավորության սահմաններում օգնել բնակիչներին: Մեծ բնույթի բողոքներ չունենք, հիմնականում թալանված վերելակների համար են շատ բողոքներ լինում, որն էլ հսկայական գումարների հետ է կապված»:
Փոքր դետալների վնասվելու դեպքում մասնագետները շուկաներից են ձեռք բերում:
«Շատ դժգոհ եմ: Մեզանից ժամանակին գումարները հավաքում են, բայց փչանալու դեպքում ժամանակին չեն վերանորոգում: Մեկ տարի առաջ հավաքում էին 3000 դրամ, իսկ հետո ասացին, որ գումարը չի հերիքում, եւ 500 դրամ էլ ավելացրին: Մի խոսքով, էժան ժամանակ ավելի լավ էին սպասարկում, քան, որ թանկացրել են: Չեմ հասկանում, մեր պետությունում ամեն ինչ հակառակն է. ինչքան գները բարձրանում են, այնքան սպասարկման մակարդակն իջնում է»,- ասում է 9-րդ զանգվածի բնակիչներից մեկը:
Ըստ թաղապետարանի աշխատակցի՝ վերելակների համար բնակիչների վճարած 3500 դրամ ամսավարձով կարողանում են միայն աշխատավարձ տալ, իսկ հիմնական վերանորոգման համար թաղապետարանն է գումար տրամադրում: Եթե շատ թանկ մասեր են փչանում՝ շարժիչը, ճոպանները, որոնց վերանորոգման համար անհրաժեշտ է 150.000 դրամ, ապա դրա 40 տոկոսը վճարում է բնակիչը, իսկ 60 տոկոսը՝ թաղապետարանը: Ճարտարագետի խոսքերով՝ ոչ բոլորն են վճարում, շատերն անպարտաճանաչ են:
Նորքի վերելակային ծառայությունն ունի ընդամենը 2 դիսպետչերական կետ: Մեկը գտնվում է 9-րդ զանգվածում, որը սպասարկում է նաեւ 8-րդ զանգվածին, իսկ մյուս 7 զանգվածներին սպասարկում է իրենց մոտ տեղակայված դիսպետչերական կետը:
«Ուզում ենք այդ հնարավորությունն ավելացնենք: Գոնե երեկոյան 6-12-ը հերթապահություն լինի, եթե հանկարծ վերելակների մեջ մարդ մնա՝ կարողանան օգնել: Ծրագիրը կա, բայց այն իրականացնելու համար ֆինանս է պետք»,- ասաց Գ. Խուրշուդյանը:
«Լինում են դեպքեր, երբ ժամանակին գալիս եւ վերանորոգում են, կան դեպքեր էլ, երբ ուշանում են, որի պատճառով էլ առաջանում է բնակիչների դժգոհությունը: Ընդհանուր առմամբ՝ ձգտում են հասնել ժամանակին, բայց մասերի եւ մասնագետների պակասի պատճառով բնակիչները եւ վերելակային համակարգը շատ հաճախ չեն կարողանում իրար հետ փոխադարձ ըմբռնման գալ»,- ասաց 3-րդ զանգվածի բնակիչներից մեկը:
Բնակիչները մեզ հետ զրույցում ասում էին, թե հաճախ մասնագետներն իրենք են գողանում մասերը: Թաղապետարանի աշխատակիցը, բնականաբար, հերքեց դա. «Հիմնականում կոճեր են գողանում, որոնց արժեքը 25.000-30.000 դրամ է, դրանց մեջ կա ընդամենը չորս կիլոգրամ պղինձ, եւ 4000 դրամի համար մասնագետ մարդն իրեն թույլ չի տա նման բան անել: Բացի այդ, տվյալ աշխատավարձով օրվա հացի խնդիրն է լուծում»:
Նոր Նորք վերելակային ծառայությունը պայմանագիր է կնքել Տեխնիկական անվտանգության ազգային կենտրոնի հետ, որի փորձագետները վերելակները փորձարկելուց հետո ներկայացնում են համապատասխան եզրակացություն: 9 հարկանի շենքերի համար ամենամյա մեկ փորձագիտության արժեքը 2930 դրամ է, եւ որքան շենքը բարձրահարկ է, այնքան գումարը բարձր է: 9 վերելակ փորձարկելուց հետո պարզ է դարձել, որ բացի մեկից՝ մյուս 8-ը ենթակա են շահագործման:
Այս պահին Վեցերորդ զանգվածում երկու վերելակ կիսավթարային վիճակում է: Կան նաեւ վերելակներ, որոնք շահագործման ենթակա չեն, բայց աշխատում են:
«Թո՛, թո՛ւ, թո՛ւ, մինչեւ այսօր մարդկային զոհեր, արտառոց դեպքեր չեն եղել»,- ասաց թաղապետարանի աշխատակիցը՝ նշելով, որ վերելակների հաճախակի փչանալու գործում մեծ է նաեւ բնակիչների դերը. «Կեղտոտում են, խփում են դռներին, ջուր են լցնում եւ, ինչքան տեղավորվում են խցիկի մեջ, այնքան մտնում են: 9 հարկանի շենքերի վերելակները նախատեսված են 320-400կգ-ի համար, այսինքն՝ 3-4 մարդ՝ կախված չափսերից: Բացի այդ, վերելակները պետք է աշխատեն +5 աստիճանից ոչ ցածր ջերմաստիճանի դեպքում, քանի որ խոնավությունն էլ նշանակություն ունի»,- ասաց Գ. Խուրշուդյանը:
Անվտանգ շահագործման առաջին կետերից մեկը մեխանիկական փականների կիրառումն է, որ պարտադիր պետք է լինի, սակայն վերելակների 90 տոկոսը չունեն այդ փականները: Մութ ու ցուրտ տարիներին այդ փականները վերացան, որպեսզի վերելակի մեջ մարդ մնալու դեպքում բնակիչները նախքան մասնագետների գալը կարողանան օգնություն ցույց տալ: