Երբեմն մտովի վերադառնում եմ արդեն անցած 20-րդ դարի գյուղը՝ կոլխոզներում միավորված աղքատ գյուղացիական ընտանիքներ, տանջալի աշխատանք, որի դիմաց գյուղացին աշխօր կոչվող անհասկանալի վարձատրություն էր ստանում։ Անհասկանալի, որովհետեւ վերջինիս արժեքը պարզ էր դառնում տարեվերջին, երբ ամփոփվում էր տնտեսության հաշվեկշիռը եւ պարզվում, որ այն չնչին քանակությամբ մթերք ու մի քանի կոպեկ էր կազմում, իսկ որոշ դեպքերում՝ այդ աշխօրը ոչինչ չէր կազմում, զավեշտական է, սակայն ամբողջ տարվա աշխատանքի դիմաց գյուղացին ոչինչ չէր ստանում ու պարտք էր արձանագրում։ Այստեղ հարց է ծագում, իսկ ի՞նչ պարտք էր դա. եթե հավատանք տրված պարզաբանումներին, վերջինս կամավոր (սակայն իրականում հարկադրաբար) գրված փոխառություն էր, որ իբր գյուղացին տվել էր պետությանը, ուստի պատահական չէր, որ աշխօրի ձեւով ստացած իրենց վաստակը մարդիկ սուբահ (ստերջ) էին կոչում։
Չպատճառաբանված հարկերի բեռի տակ կքած ժողովուրդը շնչահեղձ էր լինում՝ ոչխար չունենալով՝ բուրդ ու մորթի պետք է հանձներ, անկախ այն հանգամանքից՝ հավ ունե՞ր, թե՞ ոչ, ձու պիտի հանձներ. յոթ կիլոգրամ յուղ էր պարտավոր հանձնել պետությանը՝ անկախ նրանից՝ իր մոզին երեք տարեկան է դարձել, ծնե՞լ է, թե՞ ոչ։ Ինչ խոսք, այս շարքը դեռ երկար կարելի է թվարկել, եւ պատկերն անկասկած, շատ ավելի վատը կստացվի, քան նկարագրված է Գոնչարովի «Օբլոմով» կամ Տոլստոյի «Աննա Կարենինա» վեպերում։
Հետագայում՝ Խրուշչովյան հալոցքի տարիներին, երկրի բարձրագույն ղեկավարության ուշադրության կենտրոնում հայտնվեցին գյուղն ու գյուղատնտեսությունը։ Բազմաթիվ միջոցառումների շնորհիվ գյուղատնտեսությունը սկսեց մղոնանոց քայլերով առաջ ընթանալ։ Գյուղատնտեսության վերածնունդն իրողություն դարձավ բազմաթիվ միջոցառումների, այդ թվում՝ ոռոգման ցանցերի ստեղծման, գյուղատնտեսության համար նախատեսված քիմիական պարարտանյութերի ինդուստրիայի, կերային բարձր արժեք ներկայացնող մշակաբույսերի ցանքատարածությունների ընդլայնման շնորհիվ։ Հարկ է նշել, որ վերջինիս արդյունքում հիմք դրվեց խոշոր անասնապահական համալիրների, թռչնաֆաբրիկաների ստեղծման համար։ Հացահատիկի բերքատվությունը հեկտարի հաշվով դարձավ քսան-երեսուն-քառասուն ցենտներ՝ առանձին տնտեսություններում հասնելով վաթսունից ութանասուն ցենտների։ Ջրարբիացումը կատարվում էր անվճար, չնայած, որ այն ժամանակ էլ (թեեւ Գագիկ Մարտիրոսյանը դեռ լույս աշխարհ չէր եկել) հայտնի էր, որ ջուրն ապրանք է եւ արժեք ունի, սակայն խելացի ղեկավարները գիտակցում էին, որ նման քաղաքականություն վարելով՝ հնարավոր է ավելի մեծ արդյունքի հասնել, քան այն եկամուտը, որ գոյանում է հիմա ջրի հարկից։ Նման քաղաքականության արդյունավետությունը հիմնավորող օրինակ կարող է հանդիսանալ նախկին Եղեգնաձորի Աղավնաձոր գյուղում ֆուրաժային կովի կաթնատվության բարձրացումը (այն 800 լիտրից հասավ 6000 լիտրի)։ Իհարկե, օրինակները շատ են, եւ բոլորն այստեղ թվելն ուղղակի անհնար է։
Բացի վերոնշյալ միջոցառումներից՝ իրականացվում էին նաեւ այլ, մասնավորապես գյուղատնտեսության համար բարձրորակ կադրերի պատրաստմանն ուղղված միջոցառումներ, քանի որ պետության հեռատես ղեկավարները քաջ գիտակցում էին, որ գյուղատնտեսության վերելքն ապահովելու համար անհրաժեշտ նախադրյալներից մեկն էլ այդ ոլորտում աշխատող կադրերի մասնագիտական պատրաստվածությունն է։ Նշված միջոցառումների շարքում անհրաժեշտ է առանձնացնել բարձր կրթաթոշակը, որն ունակ է ապահովել ժամանակի չափանիշներին համապատասխան, ուսանողի բոլոր՝ լիներ դա սննդի, հագուստի, մշակույթի օջախներ հաճախելու, ինչպես նաեւ՝ գրքեր ու գրենական պիտույքներ ձեռք բերելու պահանջմունքների բավարարումը։ Փաստորեն ստացվում էր, որ նման բուհերի ուսանողների մի ստվար մաս, որոնց ծնողները մեծամասամբ անկարող էին հոգալ իրենց երեխաների ապրուստի ծախսերը, ապրում էին իրենց կրթաթոշակի հաշվին՝ այդպիսով թեթեւացնելով առանց այդ էլ հոգսաշատ ծնողների հոգսը։ Անհրաժեշտ է նշել, սակայն, որ նման պրակտիկա կիրառվում էր բացառապես գյուղատնտեսական բուհերում, մինչդեռ այլ բուհերում կրթաթոշակը ցածր էր, իսկ «բավարար» գնահատական ստանալու դեպքում էլ ուսանողն ընդհանրապես զրկվում էր թոշակից։
Ուստի պատահական չէր, որ նախկին Գյուղատնտեսական ինստիտուտում (ներկայիս Գյուղատնտեսական ակադեմիա) ընդունելության քննությունների ժամանակ մեծ մրցույթներ էին լինում, մեկ տեղի համար հավակնորդների թիվը հասնում էր տասնհինգից քսան դիմորդի, արդյունքում ստացվում էր, որ գյուղատնտեսական բուհերում մեծ թիվ էին կազմում լավ սովորողները։ Ասվածի փայլուն հիմնավորում կարող են հանդիսանալ նախկին Գյուղատնտեսական ինստիտուտի ագրոֆակուլտետի ուսանող, հետագայում լայն ճանաչում ստացած Մուշեղ Գալշոյանի, Անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի ուսանող Վլադիմիր Մովսիսյանի օրինակները, եւ, բացի այդ, նույնիսկ Հայաստանից էին մեկնում արտասահման գյուղատնտեսական բուհերում ուսանելու։
Վլադիմիր Մովսիսյանի կուրսում մեծ թիվ էին կազմում լավ սովորող ուսանողները. եթե հիշողությունս ինձ չի դավաճանում, մոտ տասը գերազանցիկ կար, որոնց մեծ մասը հիմա ճանաչված գիտնականներ են։ Հիշում եմ, օրինակ, Վլադիմիր Մովսիսյանի մասին ասում էին, որ նա չկարդացող գերազանցիկ է, մյուսներն էլ, իհարկե, իրենց աշխատասիրությամբ էին հասնում բարձր առաջադիմության, եւ հետաքրքիր է, որ միայն ուսանողները չէ, որ ձգտում էին գերազանց գիտելիքներ ունենալ, դասախոսական կազմն էլ էր իր վրա աշխատում, կատարելագործում իր գիտելիքները՝ համապատասխանելու համար այն բարձր չափանիշներին, որ, թեկուզ ոչ պաշտոնապես, բայց, այնուամենայնիվ, ուսանողությունն արդեն հասցրել էր սահմանել։ Իսկ հիմա… Հիմա Գյուղատնտեսական ակադեմիայում ոչ Մուշեղ Գալշոյանի կհանդիպես, ոչ Վլադիմիր Մովսիսյանի… Ու գիտեք, գյուղացուն դրանում չես մեղադրի, չքավորության ու ծայրահեղ աղքատության եզրին գտնվող գյուղացին այսօր ի վիճակի չէ իր երեխային կրթության տալ՝ հաշվի առնելով այն պարադոքսալ հանգամանքը, որ գրեթե բոլոր ֆակուլտետների ուսման վարձը մի քանի անգամ գերազանցում է իր տարեկան եկամուտը։ Մարզի բնակչության ունեւոր խավն էլ իր երեխաներին ձգտում է ընդունել այսօր շատ մոդայիկ դարձած «էլիտար» որակումը ստացած ֆակուլտետներ՝ Երեւանի Պետական համալսարանի իրավագիտության, տնտեսագիտության ֆակուլտետները, Ոստիկանության ակադեմիայի համապատասխան ֆակուլտետները։
Փոխվել են չափանիշները… Հետաքրքիր է, գիտեք, երբ մեր սերունդն էր բուհն ավարտում (խոսքը մասնավորապես 1959 թվականի մասին է), մեզ հավաքում էին, առաջարկում, նույնիսկ համոզում, որ լեյտենանտի ուսադիրներով աշխատանքի անցնեինք Երեւան քաղաքի ոստիկանության ցանկացած բաժնում, սակայն ոչ ոք չէր համաձայնում ոստիկան դառնալ, նախընտրում էին թեկուզ Հայաստանի հեռավոր գյուղերում, բայց անասնաբույժ աշխատել, իսկ այսօր Ոստիկանության Ակադեմիայում ընդունելության քննությունների ժամանակ մեկ տեղի համար 15 թեկնածու է դիմում։
Ասվածն, իհարկե, չի վերաբերում նախկին Խորհրդային Հայաստանի իշխանական վերնախավի երեխաներին, որոնք, իհարկե, անասնաբուժական ֆակուլտետներ չէին դիմում, նրանք ուսանում էին նույն այսօրվա «Էլիտար» ֆակուլտետներում կամ մեկնում արտասահմանյան բուհերի համանուն ֆակուլտետներում ուսանելու։ Խոսք նրանց մասին չէ, այլ գյուղական վայրերում, գյուղացու ընտանիքում մեծացած երեխաների մասին։ Չէ, ունեւոր մարդու երեխան անասնաբույժ չի դառնա՝ աչքի առաջ ունենալով աշխատանքի այնպիսի մի անհրապույր վայր ունենալու հեռանկարը, ինչպիսին գոմն է։
Հիշում եմ, մի հեռուստաելույթում ժողովրդական արտիստ Ջիվան Գասպարյանն ասաց, որ մտադիր է աղքատ ընտանիքների երեխաների համար դուդուկի դպրոց բացել, եւ ի պատասխան այն հարցին, թե ինչու է ընդգծում հատկապես աղքատ ընտանիքների երեխաների հանգամանքը, արտիստը շատ դիպուկ նկատեց, որ հարուստ ընտանիքի երեխան դուդուկ նվագելով չէ, որ կձգտի իր ապրուստը հոգալ։ Համամիտ եմ, հազար անգամ ճիշտ է ասված, միայն ցանկանում եմ հավելել, որ հարուստ ընտանիքի երեխան ոչ միայն դուդուկ չի նվագի, այլեւ անասնաբույժ չի դառնա։
Իրողությունը՝ իրողությամբ, սակայն հարց է ծագում, թե ինչպես կարելի է շտկել կամ գոնե փորձել շտկել նման վիճակը։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է վերականգնել բոլոր այն արտոնությունները, որ գործում էին գյուղատնտեսական բուհերում ուսանող երիտասարդների համար՝ այդպիսով ապահովելով հիմնականում գյուղական վայրերի դպրոցների փայլուն շրջանավարտների ոչ միայն ներհոսքը գյուղատնտեսական ֆակուլտետներ, այլեւ հետագայում նրանց լուրջ ներդրումը գյուղատնտեսության ոլորտի զարգացման գործում։
Զավեշտական մի հանգամանք եւս այսօր չի վրիպում իմ ուշադրությունից, բանն այն է, որ խորհրդային իշխանության տարիներին մեր երկրից էին անասնաբույժներ ու կենսաբաններ գործուղում արեւմտյան պետություններ, իսկ արդի ժամանակներում գործն այնպիսի ընթացք է ստացել, որ հակառակ պրոցեսն է տեղի ունենում, ու, բացի այդ, գործուղվում էին հիմնականում ոչ թե կոմպետենտ մասնագետներ, այլ իրենց մասնագիտությանը չտիրապետող ճարպիկներ, որոնց գրավում էր արտերկրում լինելու հանգամանքը։ Հաշվի առնելով ներկայումս մեր հանրապետություն ժամանած արտասահմանյան փորձագետների ու մասնագետների հետ շփման իմ փորձը՝ հանգում եմ այն եզրակացության, որ վերջիններիս միակ առավելությունն իրենց մայրենի լեզվի (որպես կանոն՝ անգլերենի) լավ իմացությունն է, իսկ նրանց մասնագիտական պատրաստվածությունը բացարձակապես ոչ մի հույս չի ներշնչում։ Բոլորովին վերջերս տեղի ունեցած մի դեպք պատմեմ. Եվրոպայից ժամանած մի պրոֆեսոր, որի առաքելությունը մեր կադրերի որակի բարձրացումն էր, հավաքեց լաբորատորիաներից մեկի աշխատակիցներին, իր ուսապարկից հանեց լակմուսի թուղթ եւ ընկղմեց հեղուկի մեջ (դե, պարզ է, որ կախված այն հանգամանքից, թե միջավայրը թթվայի՞ն է, թե՞ հիմնային, ռեակցիան տարբեր կերպ է ընթանում՝ լակմուսի անգույն թուղթը կամ կարմրում է, կամ կապտում)։ Պարզունակ փորձի ավարտից հետո, որը նա, չգիտեմ ինչու, որպես հրաշք էր ներկայացնում, ինքնագոհ նայելով ներկաներին, նա, դարձյալ չգիտես թե ինչու, նրանց զարմացած հայացքներն էր ակնկալում։
Չե՞ք կարծում, որ սա խորհելու տեղիք է տալիս եւ, ինչո՞ւ չէ, նաեւ վիրավորական դառնում, որ մեզ Ամազոնի ափին ապրող աբորիգենների տեղ են դրել։ Գուցե ժամանա՞կն է, որ սկսենք ճիշտ գնահատել մեր ներուժը, վստահենք մեր մասնագետներին ու ձգտենք նոր սերնդի գիտնականներին դաստիարակել նրանց՝ ավանդույթներով հարուստ ու հիմնավոր գիտելիքների բազայի եւ ոչ թե կասկածյալի ծագում ունեցող ճեպազրույցների հիման վրա, որոնք ավելի շատ աղավաղում, քան ավելացնում են եղած գիտելիքները։ Բացի այդ, հաշվի առնելով այն հիմնավոր կանխատեսումը, որ, ինչպես ներկայումս, այնպես էլ՝ մոտ ապագայում Հայաստանում գյուղատնտեսությունը տնտեսության գերակայող ճյուղն է լինելու, ուստի առաջնային է դառնում բարձրորակ մասնագիտական կադրերի պատրաստման հարցը, իսկ վերջինս էլ, ինչպես նշվեց վերեւում, հնարավոր է միայն գյուղական դպրոցների շրջանավարտների համար գյուղատնտեսական ֆակուլտետներ ընդունվելու իրական հնարավորության ստեղծման պայմաններում։