Ազգային հպարտություն. ձիերը` Հայաստանի հարստություն

10/05/2005 Վահան ԻՇԽԱՆՅԱՆ

Ձիանոցը նրանց ծննդավայրում է՝ Արմավիրի մարզի Լեռնամերձ գյուղում։ Գյուղական անշուք տարածության մեջ ձիանոցը հեռվից աչքի է ընկնում երիտասարդ բարդիների պուրակով։

«Առաջին ձին Էջմիածնից բերեց եղբայրս,- պատմում է ձիանոցի տնօրեն Գեւորգ Միրզոյանը,- հետո էլի ձիեր նվիրեցին։ Որոշ ժամանակից սկսեցինք լրջորեն զբաղվել։ Ձին մուրազ է, հերս էլ էր ձի շատ սիրում (հայրը ազգային շրջանակներում հայտնի հայրենասեր Ջանփոլադ Միրզոյանն է. – Վ.Ի.): Երբ իմացավ` ձիաբուծարան ենք ստեղծում, շատ ուրախացավ»։

56-ամյա Գեւորգ Միրզոյանն ավարտել է Երեւանի Պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետը, 87 թվականին Պարույր Հայրիկյանի հետ հիմնադրել է «Ազգային ինքնորոշում» միավորումը, որ պայքարում էր Հայաստանի անկախության համար։ Աշխատել է Հեռուստառադիոպետկոմում, որտեղից 88-ին քաղաքական հայացքների համար ՊԱԿ-ի հանձնարարականով հեռացվել է, սակայն դատարանով վերականգնվել։ 94 թվականին մասնակցել է Ղարաբաղյան պատերազմին։

Միրզոյանը ձիաբուծությունը համարում է իր ազգային գործունեության շարունակությունը. «Այն ժամանակ կարծում էի, որ պետք է անկախության համար պայքարել, հետո պատերազմում կռվել, հիմա ճիշտ եմ համարում ձիաբուծությունը։ Ձի չունեցող երկրում ձին դառնում է ազգային հարստություն»։

Քաղաքականությունը համարում է վնասակար գործ, որով զբաղվում են թափթփուկները. «Պատերազմը պրծավ, չգիտես որտեղից` դրանք էկան լցվան, մինիստրներ դառան։ Նրանք, որ անկեղծորեն Հայաստանի համար պայքարում էին, ուրիշ ձեւով էին տեսնում երկիրը»։ Այդ «ուրիշ ձեւի» մի կտորը Լեռնամերձի ձիանոցն է։

Նույնիսկ տեղը խորհրդանշական է համարում. երեք լեռների՝ Արարատի, Արագածի ու Արայի եռանկյունու մեջտեղում է։

Ձիաբուծությունը Միրզոյանների համար բիզնես չէ։ Գեւորգի եղբայրը գործարար է, որն իր եկամուտներից ձիաբուծարանի վրա միայն ծախսեր է անում, առանց եկամուտ ակնկալելու: «Ձիերը ծախեի, հիմա «ջիպով» ման կգայի։ Բայց եթե տենց լիներ, էն անասունների մեջ պիտի լինեի, որ խփում են (սպանում) ջեբից 50.000 փող են հանում։ Դրամ չէ, դոլար։ Դրանք (պաշտոնյաները) օրը 12.000 դոլար են կազինոյում ծախսում, բայց ժողովրդի համար ամիսը 12.000 դրամ թոշակ են սահմանել։ Տո՛ ամիսը 12.000 դրամ քեզ տային, սիրտդ կճաքեր»։ Գեւորգ Միրզոյանն ասում է, որ քանի անգամ հարուստներ ու պաշտոնյաներ են եկել իրենից ձի գնելու, բայց ինքը չի վաճառել, ասել է՝ ավելի լավ ա գնաս, էդ փողով գյուղումդ դպրոց սարքես։

Խորհրդային Միության տարիներին Հայաստանում եղել են մարզական ձիերի ձիաբուծարաններ, որոնք 90-ականներին վերացան, քանի որ ճգնաժամի տարիներին հնարավոր չէր ձիերին պահել։ Միրզոյանները ժամանակին մի քանի ձի գնել են այդ ձիաբուծարաններից, որոնք այսօր ժառանգ են տվել։

Ձիարանի աշխատակից, ձի վարժեցնող Նորիկ Սարգսյանն աշխատել է Դդմաշենի ձիաբուծարանում, որն ամենամեծն էր եւ ուներ մոտ 80 ձի։ Նա հիշում է, թե ինչպես, կեր չլինելու պատճառով, ձիերը սկսեցին սատկել. «Էդ վախտ ինչքա՜ն ձի սովից սատկեց։ Կեր չէր ճարվում, ձմեռվա ցրտին չէին դիմանում։ Ջուր չկար, քուռակները ծանր պայմաններում էին ծնվում։ Գալիս էիր ու տեսնում` վեց հատը չկան, սատկել են, մյուս անգամ` տասը չկան»։

Սարգսյանը 1972 թվականից ձի վարժեցնող ու ժոկեյ է աշխատում, մոտ 300 ձի է վարժեցրել։ Ասում է, որ իր տեսած ամենալավ ախոռը Լեռնամերձինն է, որ հիմքից կառուցել են Միրզոյանները։ Այստեղ նա արդեն 9 պատանու ձի վարժեցնել ու վարել է սովորեցրել։ Ամեն օր, բացի կիրակիից, ձիերին մարզում են մասնագետ վարժեցնողները։ Ձիերից շատերը մասնակցել են Հայաստանում կազմակերպված առաջնություններին ու մրցանակային տեղեր գրավել։ Խելոք անունով ձին անցյալ տարի «Աշխարհի կանչ» կոչվող առաջնությունում առաջին տեղն է գրավել։

Քսանը զտարյուն անգլիական երիվար են։ Միրզոյանները որոշել են ստեղծել հայկական ցեղատեսակ, որը կլինի տեղական եւ անգլիական տեսակների խաչասերման արդյունք։ Արդեն այդպիսի մի ձի ստացել են եւ ցեղատեսակը կոչել «Տարոն»:

«Տեղական որ ասում ենք, պայմանական է, իրականում այդպիսի ցեղատեսակ չկա,- ասում է Գեւորգ Միրզոյանը: -Տեղականները խառնուրդ են, Սովետի ժամանակ տարբեր տեղերից ձիեր են բերել, որ խառնվել են իրար։ Հետո` գյուղերում ձիերին կարգին չէին պահում, մյուս անասունների մնացորդներով էին կերակրում, դրա համար էլ տեսքից ընկած էին, փոքրամարմին։ Իմ նպատակն է` ստեղծել տեղական ցեղատեսակ` տարոն-ձի։ Այս ձիաբուծարանն էլ կկոչվի Տարոն-ձի բուժամարզական համալիր, ուր հետագայում մարդիկ կգան ձի քշելու, կանցկացվեն մարզական ու առողջապահական միջոցառումներ»։

Սակայն այժմ արդեն Միրզոյանները կարծում են, որ հասել են արդյունքի, որը ոչ միայն իրենցն է, այլեւ Հայաստանինը. «Էն տարիներին ձիերը սովից վերանում էին։ Դրանց մի քանիսի ժառանգներն են այստեղ, որ փրկել ենք ու արդեն դրանով շահել ենք»։

www.ArneniaNow.com