Թեթեւ տարեք

15/03/2007

Երեկ ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Նիկոլայ Պավլովը նշեց, որ Ռուսաստանը չի նվազեցրել ջանքերը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործում: Ռուսաստանը շարունակում է ակտիվ գործել այդ կարգավորման «ոչ հեշտ գործում»: Ն. Պավլովի խոսքերով` եթե Հայաստան են այցելել ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի կամ ամերիկացի համանախագահները, չի նշանակում, որ Ռուսաստանը պասիվացել է: Դեսպանը վստահություն հայտնեց, որ ռուսաստանցի համանախագահ Յուրի Մերզլյակովը պատվով է ներկայացնում ՌԴ-ն Մինսկի խմբում: «Ինչպես դուք, ինչպես բոլորն աշխարհում, ես էլ կարծում եմ, որ ապագայում կարգավորման գործում դրական արդյունքներ կարձանագրվեն»,- ասաց դեսպանը: Ինչ վերաբերում է ՌԴ-ում քսենոֆոբիայի դրսեւորումներին, ապա, Ն. Պավլովի կարծիքով, Ռուսաստանում հայերի սպանություններն ազգատյացության դրսեւորումներ չեն, այլ սոցիալական հիմքի վրա կատարված հանցագործություններ: Նրա խոսքերով, դրանք ռուս ժողովրդի դժբախտությունն են, իսկ Հայաստանում շատ սուր են ընկալվում: «Ռուսաստանում «հայաֆոբիայի» երեւույթներ չկան: Արդեն բացահայտվել են վերջին երկու սպանությունները: Անհրաժեշտ է քրեական հաշվեհարդարը տարբերակել այլ երեւույթներից»,- ասաց դեսպանը: