Ինչո՞ւ են թանկացել միջքաղաքային ուղեվարձերը

10/05/2005 Գայանե ՀՈՎՍԵՓՅԱՆ

Անցյալ տարվա մայիսից Վանաձոր-Երեւան միջքաղաքային միկրոավտոբուսների գները 1000 դրամից բարձրացան 1200-ի (խոսքը վերաբերում է Երեւանի «Այրարատ» կինոթատրոնի մոտ գտնվող ոչ պետական միկրոավտոբուսներին, որոնց մեկնարկային կետը Վանաձորում պետական ավտոկայանին հարող տարածքն է)։ Սա վերջին 7 տարում այդ բնագավառում տեղի ունեցած առաջին թանկացումն էր` այն դեպքում, երբ նախկինում նույնիսկ 800 դրամ դառնալու փաստ է «գրանցվել»։ Ամիսներ առաջ, աշնանը, վերոհիշյալ երթուղու գների բարձրացման առիթով հարց բարձրացվեց ԱԺ-ում` Լոռուց ընտրված մի պատգամավորի կողմից։ Եվ, չնայած, կապի եւ տրանսպորտի նախարարը խոստացավ, որ կհետաքրքրվի եւ հարցը կկարգավորի, սակայն հարցը մոռացության մատնվեց թե՛ պատգամավորի, թե՛ նախարարի կողմից։ Իսկ գները շարունակում են մնալ նույնը` այն դեպքում, երբ տարադրամի կուրսը վերջին մեկ տարում ահռելիորեն ընկել է, եւ առնվազն այդ պատճառով գները պետք է իրենց նախկին դիրքն ընդունեին։ Նշենք, որ միջքաղաքային երթուղիների սպասարկման մրցույթները կայանում են մայրաքաղաքում, եւ այս ոլորտը բավականին փակ է։