Խորհրդարանական ընտրություններին մասնակցող յուրաքանչյուր քաղաքական ուժ եւ գործիչ այս օրերին վերջին շտկումներն է կատարում իր քարոզչական ծրագրերում, առանձնացնում այն «քարոզչական մեխերը», որոնք, ըստ իրենց, ավելի մեծ ազդեցություն եւ տպավորություն կարող են թողնել ընտրազանգվածի վրա:
«168 Ժամի» աղբյուրների փոխանցմամբ, օրինակ, «Դաշինք» կուսակցության հիմնական PR քայլերից մեկը լինելու է կուսակցության նախագահ Սամվել Բաբայանի հայտարարությունը, թե Հայաստանի Հանրապետության հաջորդ նախագահը ոչ մի դեպքում չպետք է լինի ծնունդով ղարաբաղցի: Ս. Բաբայանը, բնականաբար, նաեւ կհայտարարի, որ ինքն ամեն ինչ անելու է, որ դա տեղի չունենա: Դրանով, ամենայն հավանականությամբ, Սամվել Բաբայանը եւ իր կուսակցությունը կփորձեն իրենց տարանջատել, այսպես կոչված, «ղարաբաղյան կլանից», խուսափել նախընտրական շրջանում «կլանին» պատկանելու վերաբերյալ հնարավոր «պիտակավորումներից» ու իշխանական որոշ շրջանների հետ գաղտնի կապեր ունենալու մեջ մեղադրանքներից: Հաջորդ քարոզչական թեզը լինելու է այն, որ Ս. Բաբայանն իր հայտարարություններում ակնարկելու է, որ ինքը Հայաստանում ոչ մի պետական բարձր պաշտոնի չի ձգտում: Բնականաբար, Ս. Բաբայանը չի ասի, որ իր քաղաքական հետաքրքրությունների շրջանակը ԼՂՀ-ն է, այն էլ` ԼՂՀ նախագահի պաշտոնի տեսքով: Բայց բոլորն էլ գիտեն, որ հենց դա է Ս. Բաբայանի միակ երազանքն ու ցանկությունը: