Լավ ապրանքն էժան լինել չի կարող

10/05/2005 Նունե ՀԱԽՎԵՐԴՅԱՆ

Կաշվե պայուսակներ արտադրող «Մանուլ» հայկական ֆիրման ունի փոքր արտադրություն, որտեղ 7 մասնագետ է աշխատում, եւ երկու խանութ՝ սեփական արտադրանքը վաճառելու համար: Ֆիրմայի հիմնադիր Դավիթ Բեգլարյանը փորձում է շուկայում տեղ գտնել իր պայուսակների համար, թեեւ համոզվել է, որ դա բարդ խնդիր է՝ 4 տարի պահանջվեց, որպեսզի հայերը քիչ թե շատ ճանաչեն իր պիտակն ու վստահեն որակին:

– Ձեր խանութներում կարելի է պատվերներ անել՝ ընտրելով մոդել ու կաշվի տեսակ: Ի՞նչ գների սահմաններում:

– Սկսած 35.000 դրամից, ունենք նաեւ 70.000 դրամ արժեցող պայուսակներ: Ասեմ, որ դա շատ էժան է` մեր որակի համեմատ, պարզապես Հայաստանում աշխատավարձերն են ցածր: Մեր 45.000 դրամ գին ունեցող պայուսակներն ուրիշ երկրներում կարելի է մինիմում 300 դոլարով գնել: Երբ մարդիկ իմանում են, որ Հայաստանում է կարված, կարծում են, որ պետք է էժանագին ապրանք լինի: Բայց էդպես չի, եթե ապրանքը լավն է, ուրեմն՝ թանկ է:

– Ձեր պայուսակները ուրիշ երկրներում վաճառվո՞ւմ են:

– Հիմա պայմանավորվածություն ունենք, որ պետք է Չիկագո քաղաքում վաճառվեն, բայց ոչ մեր «Մանուլ» պիտակով, պարզապես գրվելու է «Made in Armenia»: Մենք չենք կարող ուրիշ երկրում մեր սեփական խանութը բացել, իհարկե կուզենայինք, որ մեր անունը պայուսակների մեջ գրվեր, բայց դա դեռ հնարավոր չէ: Շատերն ինձ ասում են՝ ավելի էժան տուր ապրանքդ, մենք ուրիշ ֆիրմայի անվան տակ կվաճառենք, բայց ես չեմ ուզում: Էժան են ուզում, թող տոնավաճառներից առնեն:

– Կարծում եմ, հիմա մարդիկ ավելի հաճույքով են այն ապրանքը գնում, որի վրա գրված է «Made in Armenia»: Շատերն օրինակ նախընտրում են «Մանկանի» խաղալիքները:

– Ես տեսել եմ «Մանկան»-ի խաղալիքները՝ արտակարգ լավն են, որակով: Բայց կարծում եմ, այն երկրներում, որտեղ մոդան զարգացած չէ ու պետությունը մոդա ստեղծելու պրոցեսին նշանակություն չի տալիս, թերահավատորեն են նայում տեղական ապրանքին: Հիմա բոլորի համար չափանիշ է Իտալիան: Գրեթե բոլոր մարդիկ ցանկանում են գնել իտալական դիզայներների աշխատանքները՝ հագուստը, կաշվեղենը, կահույքը, որովհետեւ իտալացիներն ամենահանճարեղ դեմքերն են: Մարդկանց մեջ նստել է այն միտքը, որ իտալականը լավն է, եւ հենց իտալականն է ամենից հաճախ կեղծվում: Կեղծ-մեղծ բաներ են առնում, որոնց վրա «Versace», «Christian Dior» երկաթի մի կտոր կա: Իսկ երբ մեր խանութ են գալիս ու իմանում են, որ հայկական է, դեմքերը մռայլում ու դուրս են գալիս: Բայց մենք հենց առաջին օրվանից որոշել էինք, որ հայկական լինելը չենք թաքցնելու: Եթե մեզ մոտ 100 դոլարով իտալական պայուսակ են վաճառում, հաստատ իմացեք, որ կեղծ է, նույնիսկ Իտալիայում է կեղծված: Միլանում նույնիսկ ամենաէժանացրած պայուսակը sale-ում չի կարող 300-400 եվրոյից պակաս լինել, իսկական իտալական ֆիրմային պայուսակի միջին գինը 1000-1200 եվրո է: Մենք մշտական հաճախորդներ ունենք, որոնց դժվար է շատ հարուստ կոչել: Ավելի շուտ, մեր արտադրանքը միջին խավի համար է: Երբ նոր էինք խանութները բացել, հասկացանք` ինչ դժվար խնդիր է շուկա մտնելը, որովհետեւ մարդիկ մեզ չէին ճանաչում:

– Դուք ինքնե՞րդ եք պայուսակների մոդելները ստեղծում:

– Երբ նոր էինք սկսում աշխատել, մոդելավորմանը մեծ նշանակություն չէինք տալիս, կարեւորում էինք որակը: Քանի որ ես մասնագիտությամբ ինժեներ եմ, ես կառուցում եմ մոդելները: Որոշ բաներ ամսագրերից, փողոցից, ինտերնետից եմ նայում-վերցնում: Մի դետալն աշխատանքի ընթացքում կարող է փոփոխվել, դառնալ լրիվ ուրիշ մի բան: 100-ից ավելի մոդել ունենք, որոնք իրենց հերթին մոդիֆիկացվում են: Եթե կողք կողքի երկու պայուսակ դնենք, ձեր աչքում տարբեր կլինեն, իսկ ինձ համար դրանք նույնն են, քանի որ կոնստրուկտիվ հիմքն է նույնը: Էլեմենտները՝ բռնակները, ամրակները, փոխվում են, եւ տեսքն ուրիշ է դառնում:

– Ի՞նչ կաշի եք օգտագործում:

– Կաշին շուկայից եմ գնում: Հայաստան կաշին գալիս է Թուրքիայից, Ռուսաստանից ու Իտալիայից: Հիմնականում օգտագործում ենք թուրքական կաշին, որը որակով բավականին լավն է: Ես անձամբ թուրքական կաշին գերադասում եմ իտալականից:

– Ինչպե՞ս կարելի է հասկանալ` կաշին բնակա՞ն է, թե՞ արհեստական:

– Մեծ դժվարությամբ: Ես անձամբ հաճախ չեմ կարող տարբերել: Այսօր կան շատ թանկ ու որակյալ արհեստական կաշիներ, որոնք արտաքին տեսքից բնականից ոչնչով չեն տարբերվում: Կաշին, որպես կանոն, թարս կողմից՝ միջից է տարբերվում: Եղել է, որ երկար ուսումնասիրել եմ ու չեմ կարողացել հասկանալ՝ բնակա՞ն է, թե՞ արհեստական, այնքան նման են իրար: Կան արհեստական կաշիներ, որոնք բնականից թանկ են: Միակ հաստատ որոշելու ձեւը կաշին վառելն է: Եթե հալվեց, ուրեմն` արհեստական է:

– Բայց դա ամենավերջին քայլն է:

– Այո: Հավատացեք, լավ արհեստական կաշին վատ բնականից նախընտրելի է: Որակը մշակման ձեւից է կախված: Լավ կաշիների ներքին կառուցվածքը պիտի հենց առաջին հայացքից երեւա: Թանկ կաշիներն աշխատում են թափանցիկ ներկերով ներկել, որ երեւա, որ իրոք բնական է: Եթե ներկի շերտը հաստ է, օրինակ` ձմեռային, ջրադիմացկուն մոդելներում, այդ կաշին դառնում է դերմանտին, արդեն չի «շնչում» ու տեսքը կորցնում է: Եթե կոշիկը կամ պայուսակը հաստ լաքի շերտով են պատում, արդեն չես հասկանա` կաշին բնակա՞ն է, թե՞ արհեստական՝ մինչեւ չպատռես ու ներսը չնայես: Պետք է հաշվի առնել, որ որքան բնական կաշին նուրբ է ու թանկ, այնքան արագ է շարքից դուրս գալիս, մաշվում ու փչանում՝ մի կաթիլ յուղն անգամ հետք է թողնում ու չի անցնում:

– Փորձեր եղե՞լ են պայուսակներն ու կոշիկները կոմպլեկտով վաճառել:

– Եղել են, բայց գործն առաջ չի գնացել: Հիմա կոշիկ արտադրողների հետ համագործակցում ենք, եթե պատվերներ լինում են՝ անում ենք միասին: Շուկա մտնելը ծանր է: Կոշիկ արտադրողները չեն թաքցնում, որ իրենց արտադրանքը հայկական է: Հայկական կոշիկը լավ պատմություն ունի: Ես էլ եմ կոշիկ կարելով սկսել, նույնիսկ մի տարի աշխատել եմ կոշիկի գործարանում, հետո անցա պայուսակների:

– Պայուսակ կարելը եկամուտ բերո՞ւմ է:

– Կարող է բերել, հիմա մենք ծայրը ծայրին ենք հասցնում: Այս տարիների ընթացքում մենք աշխատել ենք ճանաչում ձեռք բերել: Փողը չի եղել կարեւորը: Մեր «Մանուլ» լոգոն արդեն իր գինն ունի: Մեր հաճախորդներն արդեն որակին չեն նայում՝ վստահում են, պարզապես իրենց հարմար մոդելն են ընտրում, համոզված են, որ եթե բավարարված չլինեն, մենք պատրաստ ենք փողը ետ տալ, մոդելը փոխել, վերականգնել ապրանքը, մի խոսքով` բոլոր հարցերը լուծել: Մենք առաջին քայլերն արդեն արել ենք: Պարզապես մարդիկ վճարունակ չեն, իսկ պայուսակների գինն իջեցնելն անհնար է, ինքնարժեքն է բարձր: