Ազգային ժողովը «տանիք» չպետք է լինի

14/03/2007 Տ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

Արցախյան ազատամարտի հերոս, հայկական բանակի հրամանատար, 39-ամյա Ս. Սարոյանը, ինչպես հայտնի է, քաղաքականություն մուտք գործելու մտադրությամբ վերջերս հրաժարական տվեց: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը անկուսակցական Ս. Սարոյանին առաջադրել է ԱԺ պատգամավորության թեկնածու թիվ 19 ընտրատարածքում (Արմավիրի մարզ):

– Պապս՝ հայոց պատմության ուսուցիչ Զարզանդ Սարոյանը, եղել է իմ առաջին ուսուցիչը: Նա գաղթականի զավակ էր եւ իսկական հայրենասեր: Մեր ընտանիքում ամեն ինչից վեր հայրենի հողի եւ օջախի պաշտամունք էր տիրում: Արդեն 1988-ին պարզ էր, որ պետք է զինվորագրվենք հայրենի հողի պաշտպանության սուրբ գործին: Եվ հենց այդ ժամանակ Էջմիածնում ընկերներիս հետ ստեղծեցինք կամավորական ջոկատներ եւ մեկնեցինք Արցախ: Այնուհետեւ իմ ջոկատը կոչեցինք մարտում զոհված ընկերոջս՝ Գագիկի անունով: Ավելի ուշ, կար մի պարզ գիտակցում՝ հաղթանակի հասնելու համար պետք է ունենանք կանոնավոր բանակ: Իմ հրամանատարությամբ գործող «Գագիկի» անվան ջոկատը վերանվանվեց «Արծիվ-10» գումարտակ: Իսկ 1993թ. իմ հրամանատարությամբ կռվում էինք որպես մոտոհրաձգային գնդի մարտիկներ: Այսօր արդեն ունենք հզոր բանակ: Քելբաջարի ազատագրման մարտերի ժամանակ եղավ մի պահ, որ կարծես մարտը տանուլ էինք տալիս եւ Սեւանի ավազանի, հատկապես Վարդենիսի բնակիչներից շատերը արդեն թողնում էին իրենց հարազատ օջախները: Հիմա դժվար է պատմել, պետք է տեսնեիք, թե մեր գնդի մուտքը մարդկանց ինչ հույս եւ հավատ ներշնչեց… կանայք զօր ու գիշեր լավաշ էին թխում զինվորի համար: Հիմա, պատերազմից հետո, բոլորը խոսում են միայն պատերազմի առաջնորդների, գեներալների մասին, բայց մեր հաղթանակն առանց մեր ժողովրդի անհնար կլիներ:

– Հրամանատարի ո՞ր արժանիքներն եք կարեւորում հաղթանակի հասնելու համար:

– Լսելու ընդունակությունը, ճիշտ որոշումներ կայացնելու հմտությունը: Իմ ծառայության ընթացքում ես չեմ հիշում դեպք, որ անտեղյակ, սխալ որոշում կայացրած լինեմ: Կյանքիս լավագույն տարիներին՝ երիտասարդության շրջանում, մարտնչել եմ եւ նվիրվել բանակին: Այդպես կգործեի բոլոր այն բնագավառներում, որտեղ իմ կարիքը կլիներ: Բանակաշինության գործը պահանջում էր 24-ժամյա ծանր աշխատանք: Եկել է ժամանակը՝ աշխատել հանուն ժողովրդի բարեկեցության:

Բանակաշինության գործում ազատ ժամանակ գրեթե չեմ ունեցել, կիրակի օրերին եմ երբեմն ազատ եղել եւ հիմնականում անցկացրել եմ հարազատներիս ու ընկերներիս հետ: Պատկերացրեք, վերջին 15-16 տարում Նոր տարին տանը չեմ դիմավորել: Երբ տղաներս մի անգամ ինձ հարցրին, թե՝ ինչո՞ւ Նոր տարին մեզ հետ չես դիմավորում, իմ պատասխանը մեկն էր՝ տանը դուք երկուսդ եք, բանակում ձեզ նման հազարավոր տղաներ ունեմ:

– Դուք մեր բանակի ամենաերիտասարդ գեներալն եք, ինչո՞ւ որոշեցիք հրաժարական տալ:

– Իմ ծառայությունը բանակում ավարտված եմ համարում, վստահորեն կարող եմ ասել, որ հզոր բանակում ունենք նաեւ արժանի փոխարինողներ: Պատերազմի վետերաններս, կարծում եմ, իրենց ներուժն ամբողջովին ծառայեցրել են բանակի կայացման գործին: Երկիրն ու ժողովուրդը զարգացման նոր փուլ է մտնում, այսօր պետք է ստեղծել օրենքով պաշտպանված հասարակություն: Միշտ հիշում ենք, որ ունենք արտաքին թշնամիներ, բայց մոռանում ենք ներքին «թշնամու» մասին:

– Ինչպե՞ս եք տեսնում Ձեր գործունեությունն ԱԺ-ում:

– Ինձ ճանաչողների, իսկ նրանք շատ-շատ են, ծիծաղը կգա, եթե մեկն ասի, որ Սեյրանը Ազգային ժողովում «հանձնարարությամբ» կոճակ է սեղմելու: Այժմ ես ինձ տեսնում եմ ժողովրդիս կողքին: Մանավանդ վերջին տարիներին իմ կապը ժողովրդի հետ ավելի ակտիվ է եղել: Տեղյակ եմ նրանց խնդիրներին, դարդ ու ցավին: Նաեւ շատ հարցերում օգտակար եմ եղել, միշտ օգնել եմ նրանց: Հիմա շատերը դեպուտատ են ուզում դառնալ իրենց բիզնեսը պահելու համար: Ես «տանիքի» խնդիր չունեմ, որովհետեւ բիզնես չունեմ: Ամոթ է Ազգային ժողովը «տանիք» դարձնել: Եթե գործարարը «տանիք» է փնտրում օրենքից խուսափելու նպատակով, պարզ է՝ կատարում է անօրինական գործողություններ: Ընտրակաշառքով խորհրդարան եկածից ավելին պահանջել չես էլ կարող: Մի հոգի չի կարող պայքարել դրա դեմ, ժամանակն է, որ մեր հայրենակիցներն այդպիսի մարդկանց չընտրեն:

– Որոշ պատգամավորներ անվճար ավտոբուսներ են տրամադրում ուսանողներին: Ձեր կարծիքով, դա ընտրակաշառք չէ՞:

– Ուսանողները միշտ էլ օգնության կարիք ունեն, եւ պետք է նրանց օգնել: Բայց երիտասարդի կյանքը հո միայն ուսանողական տարիներով չի՞ պրծնում: Նրանց դժվարությունները սկսվում են ավարտելուց հետո: Այսօր մեր ջահելները բարձրագույնն ավարտելուց հետո աշխատանք չեն գտնում: Ես էլ տղաներ ունեմ, մեկը՝ ուսանող է, մյուսը՝ դպրոցական. ես հասկանում եմ եւ՛ էդ ջահելներին, եւ՛ նրանց ծնողներին: Ջահելությունը չգիտի՝ ավարտելուց հետո ինչ անի, որտեղ աշխատի, ամուսնանա՝ ինչպե՞ս ընտանիք պահի: Այս խնդիրն ինձ համար ամենակարեւորներից է լինելու: Իմ կարծիքով, դա «պատերազմ» է խաղաղ պայմաններում. պետք է թույլ չտանք, որ ջահելությունը մտածի արտասահման գնալու մասին: Կա պարզ ճշմարտություն. մարդը պետք է ապրի իր վաստակով, ապրի եւ ոչ թե գոյատեւի, այլ ապրի բարեկեցիկ եւ լավ կյանքով: Պետք է գտնել միջոցներ, մեծացնել պոտենցիալը, հակառակ դեպքում՝ ավելի կխորանա հիասթափությունը: Հայ մարդը չպետք է կորցնի հավատը ապագայի հանդեպ: Ընտրվելու դեպքում սրտանց աշխատելու եմ ժողովրդի հետ, Էջմիածնում աշխատանքային գրասենյակ եմ բացելու: Բացի այդ, արդեն տանն եմ, ժողովրդի հետ անընդհատ հանդիպումներ եմ ունենալու: Ընտրվելն ինձ համար ինքնանպատակ չէ: Եթե չընտրվեմ էլ, կշարունակեմ ապրել այնպես, ինչպես ինձ է վերապահված: Պարզապես կմտածեմ, որ ժողովուրդն իմ կարիքը չունի:

– Վերջերս ԱԺ-ն ընդունեց «Երկքաղաքացիության մասին» օրենքը: Եթե ԱԺ-ում լինեիք, ինչպե՞ս կքվեարկեիք:

– Հայ մարդու պատմությունն այնպիսին է, որ, ճակատագրի բերումով, մեզնից ամեն ոք կարող էր լինել տարագիր: Ինչո՞ւ սփյուռքահայը սեփական հայրենիք գա հյուրի կարգավիճակով: Կարծում եք՝ օտար ափերում ապրող մեր եղբայրներն ու քույրերը մեզնից պակա՞ս են սիրում հայրենիքը: Հայրենի հողը ուժ կտա նրանց, եւ ամեն ոք թող պատասխանատու լինի իր հայրենիքի ճակատագրի համար: Այդպես նրանք առավել վստահ ու լիարժեք իրենց ներդրումը կունենան մեր երկրի բարգավաճման գործում: Սա միջոց է նաեւ երիտասարդներին պատշաճ աշխատանքով ապահովելու համար: Վերջապես, կա հրեաների փորձը: Իսրայելը մի փոքրիկ կղզի է արաբական աշխարհում, բայց հզոր է բոլոր հրեաներով, երկիրը կայացել ու զարգանում է աշխարհում սփռված բոլոր հրեաների ջանքերի, բոլորի ավանդների շնորհիվ: