«Լեռնային Ղարաբաղում կան նախագահի բազմաթիվ արժանի թեկնածուներ: Այնուամենայնիվ, եթե Հայաստանում կան արժանի թեկնածուներ, ապա նրանք եւս կարող են առաջադրվել. Ղարաբաղի դաշտը բաց է, եւ ցանկացած ոք կարող է մասնակցել ընտրություններին, եթե, իհարկե, օրենքները չեն հակասում»,- երեկ ասել է ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանը` ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեի հետ հանդիպումից հետո: Ա. Ղուկասյանը կրկին շեշտելով, որ չի առաջադրելու իր թեկնածությունը, ասել է, որ ԼՂՀ նախագահական ընտրություններից հետո մնալու է Ղարաբաղում: «Առաջիկա տարիների համար սա արդեն որոշված հարց եմ համարում: Ենթադրում եմ, որ իմ աջակցության եւ օգնության կարիքը կարող է առաջանալ, կարող է` ոչ: Միանգամից դժվար կլինի դուրս գալ մեծ քաղաքականությունից. այն փորձը, որ ունեմ, պետք է փոխանցել ապագա նախագահին եւ կառավարությանը»: Ի դեպ, ներքաղաքական կուլիսներում խոսում են, թե վերջնականապես որոշված է ԼՂՀ ապագա նախագահի հարցը: Ասում են, թե ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը ԼՂՀ ապագա նախագահի աթոռին տեսնում է Արթուր Աղաբեկյանին, որն, ինչպես հայտնի է՝ ՀՀ ԱԺ առաջիկա ընտրություններում Դաշնակցության համամասնական ցուցակի 10-րդ տեղն է զբաղեցնում: