ՀԺԿ-ին ուզում են վարկաբեկել

14/03/2007

Երեկ ՀԺԿ-ն հայտարարություն է տարածել, ուր մասնավորապես ասվում է. «ՀԺԿ-ն մշտապես թիրախ է եղել թե իշխանության եւ թե այն քաղաքական ուժերի համար, որոնք փորձում են ինքնահաստատվել քաղաքական դաշտում եւ կարծում են, թե դրա լավագույն ձեւը ՀԺԿ-ին վարկաբեկելն է: Դրանով է պայմանավորված Հայաստանի Ժողովրդական կուսակցության դեմ սկսած աննախադեպ արշավանքը, որը զայրույթ եւ վրդովմունք առաջացրեց ՀԺԿ շարքերում»: Անդրադառնալով մամուլի այն հրապարակումներին, թե պառակտվել է ՀԺԿ Աբովյանի տարածքային կառույցը, ՀԺԿ-ն հայտարարել է, թե՝ «Այս մի բաժակ ջրում փոթորիկ բարձրացնելու փորձերը ապացուցում են. 1.ՀԺԿ-ն, լինելով այն կուսակցությունը, որը երբեւէ չի շեղվել իր սկզբունքներից, չի արել որեւէ քայլ ի վնաս ժողովրդի, չի գնացել գործարքների այս վարչախմբի հետ, մշտապես եղել է համախմբող ուժ եւ այլընտրանք այս իշխանությանը, լուրջ անհանգստություն է առաջացնում ԱԺ ընտրությունների նախաշեմին: 2.ՀԺԿ-ն կայացած, անկոտրում ուժ է, քանի որ իր ստեղծման օրվանից մշտապես փորձեր են արվել պառակտել, վարկաբեկել կուսակցությանը, որոնք չեն հաջողվել: 3.ՀԺԿ-ն մեծ կուսակցություն է եւ ունի տարածքային եւ սկզբնական կազմակերպություններ Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում, այդ թվում նաեւ բազմաթիվ գյուղերում, թեպետ այդ փաստը ի տարբերություն այլ կուսակցությունների երբեք չի թմբկահարվել: 4.Հաշվի առնելով մեծ հետաքրքրությունը ՀԺԿ-ի նկատմամբ, տեղեկացնում ենք` 28.02.07-12.03.07 ժամանակահատվածում մեկ ՀԺԿ անդամ հեռացվել է կուսակցությունից եւ 87-ն ընդունվել են ՀԺԿ շարքերը (միայն Նոր Նորքի տարածքային կազմակերպությունում 30 անդամ): Նրանց ճնշող մեծամասնությունը երիտասարդներ են»: