– Պարոն Հարությունյան, ի՞նչ սկզբունքով է կազմվել Հայաստանի Ժողովրդական կուսակցության համամասնական ցուցակը:
– ՀԺԿ համամասնական ցուցակում ընդգրկված է 69 մարդ: Ցուցակում առավելագույնս ընդգրկված են հասարակությանն իրենց քաղաքական գործունեությամբ ծանոթ մարդիկ: Ասեմ, որ ցուցակի շուրջ 30 տոկոսը կանայք են. միայն առաջին տասնյակում ունենք 2 կին ներկայացուցիչ: Շատ են նաեւ երիտասարդները: Ցուցակում առավելագույնս ներառված են հանրապետության մարզերում գործող տարածքային կազմակերպությունների ներկայացուցիչները: Մեր ցուցակը մայրաքաղաքային չէ, հիմնականում ՀԺԿ անդամներ են, բացառությամբ Ալբերտ Բազեյանի:
– Ո՞րն է Ալբերտ Բազեյանին ՀԺԿ ցուցակում ընդգրկելու հիմնավորումը:
– Մեր ցանկությունն էր, որպեսզի «Արդարություն» դաշինքը պահպանվեր այնպես, ինչպես կազմավորվել էր 2003 թվականին: Դեմ չէինք նաեւ «Ժառանգություն» կուսակցության մասնակցությանը մեր ցուցակով: Մենք ձգտում էինք, որպեսզի «Արդարություն» դաշինքը պահպանվեր, ցավոք, չստացվեց: Մեր գործընկերների հետ տարվող բանակցությունները հաջող չավարտվեցին, սակայն այստեղ որեւէ մեկին մեղադրելու կամ արդարացնելու խնդիր չկա: Մենք, փաստորեն, առանձին-առանձին ենք մասնակցելու ընտրություններին: Այստեղ որեւէ դժբախտություն չկա, քանի որ, կարծում եմ, որ միայն արդյունավետ դաշինքները կարող են արդյունք տալ: Մեր քննարկումների արդյունքում Ալբերտ Բազեյանին առաջարկեցինք մասնակցել այս ձեւաչափով: «Արդարություն» դաշինքից, փաստորեն, միայն Ալբերտ Բազեյանն է մեր ցուցակում: Անհասկանալի է, երբ հրապարակ են նետում 20-30 քաղաքական ուժերի մեկ միասնական ցուցակով ընտրությունների գնալու գաղափարը: Սա, ի դեպ, ավելի շատ իշխանությունների գաղափարն է:
– ՀԺԿ ցուցակի շուրջ դժգոհություններ հայտնեց Կոտայքի մարզի տարածքային կազմակերպության խորհրդի քարտուղարը, ինչն էլ շահարկումների առիթ դարձավ: Ո՞րն էր խնդրի բուն էությունը:
– Սմբատ Եղիազարյանի դժգոհությունն իրականում կապված էր ցուցակային հարցերի հետ: Ամենայն հավանականությամբ, նա համաձայն չէր ցուցակի այն տեղի հետ, որը հատկացվել էր իրեն: Ես դա արտառոց երեւույթ չեմ համարում: Երբ կուսակցությունը պատրաստվում է լուրջ քաղաքական գործընթացների, դժգոհությունները չես կարող բացառել: Լուրջ տարաձայնություններ չկան: Մեր ցուցակում չկան քրեածին օլիգարխիկ համակարգի ներկայացուցիչներ, բոլորն էլ արժանի են աշխատելու նոր ձեւավորվող խորհրդարանում: Սմբատ Եղիազարյանը միակն էր, ով դժգոհություն հայտնեց: Զրպարտության համար նա հեռացվեց կուսակցության շարքերից: Բոլոր այն լուրերը, թե իբր գյուղերում տարածքային կազմակերպությունները լուծարվել են, իրականությանը չեն համապատասխանում: ՀԺԿ-ն միայն մայրաքաղաքային կառույց չէ, թե՛ մարզկենտրոններում, եւ թե՛ նախկին շրջկենտրոններում ունենք մեր տարածքային կազմակերպությունները: Աշխատանքները նորմալ ընթանում են, եւ ընտրություններում հաջողության հասնելու համար վճռականորեն ենք տրամադրված:
– Ցուցակը կազմելիս հաշվի առե՞լ եք կուսակցական ակտիվիստների տեսակետները:
– Ցուցակը հաստատվել է կուսակցության ղեկավար մարմնում: Ցուցակում նախապես 73 թեկնածու պետք է տեղ գտներ` Սմբատ Եղիազարյանն ու եւս երեք մարդ: Վերջիններս նախընտրեցին աշխատել ընտրատարածքային հանձնաժողովներում: Ցուցակը հաստատվել է միաձայն, եղել է միայն մեկ դեմ եւ մեկ ձեռնպահ: Աբսուրդ է, երբ ասում են, թե իբր ցուցակը չի հաստատվել, վարչության նիստ չի եղել: Դրանք սուտ լուրեր են եւ նպատակ ունեն վարկաբեկելու կուսակցությանը, ինչը, սակայն, չի ստացվի:
– Ցուցակում երիտասարդների ներգրավվածությունը բավարա՞ր եք համարում:
– Մեր ցուցակում բավականին թվով երիտասարդներ կան: Անգամ ունեինք ակտիվ երիտասարդներ, որոնց կցանկանայինք ընդգրկել մեր ցուցակում, սակայն նրանց 25 տարին դեռ չէր լրացել:
– Ցուցակում կանանց ներգրավվածությունը նաեւ օրենքի պահանջ էր: Դուք օրենքո՞վ եք առաջնորդվել, թե՞ իսկապես կարեւորում եք կնոջ ներկայությունը խորհրդարանում:
– Կանանց ցուցակում ընդգրկելը միայն օրենքի պահանջի կատարում չէր: Մենք իսկապես ունենք կին ներկայացուցիչներ, ովքեր արժանի են հայտնվելու խորհրդարանում: Կուսակցության մի շարք տարածքային կազմակերպություններ կանայք են ղեկավարում: