ՀՀ եւ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների յուրաքանչյուր հանդիպում ընթանում է մամուլի եւ երկու երկրների հասարակայնության սեւեռուն հայացքի ներքո: Բացառություն չէր նաեւ Վարդան Օսկանյանի եւ Կոնդոլիզա Ռայսի վերջին հանդիպումը:
Տվյալ դեպքում առավել մեծ հետաքրքրություն է հաղորդում այն հանգամանքը, որ ԱՄՆ Կոնգրեսում նախատեսվում է Հայոց ցեղասպանության ճանաչման մասին 106-րդ բանաձեւի քննարկումը: Պաշտոնական Երեւանը, բնականաբար, ոչ մի դեպքում չի մտադրվում պայքարել բանաձեւի ընդունման համար, դա ԱՄՆ հայկական լոբբիստական կազմակերպությունների՝ Հայ Դատի գրասենյակի եւ Ամերիկայի Հայկական համագումարի գործն է: Իրար ետեւից Վաշինգտոն այցելած Թուրքիայի պաշտոնատար անձինք գործի են դնում բոլոր հնարավոր միջոցները քննարկումը հետաձգելու համար: Մինչդեռ, Հայաստանին աջակցության խմբի համանախագահներ Ֆրենք Փալոնեի եւ Ջո Նոլեմբերգի հետ ԱՄՆ Կոնգրեսում հանդիպում ունեցած Օսկանյանը նշել է. «Ի տարբերություն Թուրքիայի իշխանությունների, Հայաստանի կառավարությունն Ամերիկայի պաշտոնատար անձանց դասախոսություն չի կարդում այնպիսի կարեւոր հարցերի շուրջ, ինչպիսին մարդու իրավունքներն են: Ցավոք, Թուրքիայի կառավարությունը շարունակում է Հայոց ցեղասպանության հերքման իր քաղաքականությունը՝ փորձելով ԱՄՆ-ին եւ այլ ազգերին պարտադրել Թուրքիայի Քրեական օրենսգրքի 301-րդ հոդվածի կողմից ներշնչված անհանդուրժողականությունը, որն էլ հանգեցրեց լրագրող Հրանտ Դինքի սպանությանը»:
Վարդան Օսկանյանն իր տեսակետն ավելի կտրուկ հայտնել է «Associated Press»-ին տված հարցազրույցում. «Պետությունը պետք է մի կողմ քաշվի եւ չմիջամտի այդ հարցին: Սակայն, երբ Հայաստանի կենսական շահերը դառնում են քննարկումների առարկա, մենք չենք կարող չեզոք դիրք բռնել, հատկապես պետական մակարդակով թուրքական լոբբինգի լույսի ներքո: Անկարայի կողմից նախազգուշացումները քննադատներին լռեցնելու փորձ են, ինչպես որ Թուրքիայի տարածքում դա արվում է Քրեական օրենսգրքի օգնությամբ: Իսկ այժմ թուրքերն ուղեւորվում են ԱՄՆ՝ վերջինիս պատժելու համար, եթե Կոնգրեսը համարձակվի քննարկել Հայոց ցեղասպանության հարցը»,- ընդգծել է ՀՀ ԱԳՆ ղեկավարը:
Այստեղ տեղին է մեջբերել «Jewish press» ամերիկյան հրեական շաբաթաթերթում օրերս տպագրված հոդվածը, որում ասվում է. «Մենք, իհարկե, անտարբեր չենք Իսրայելի աջակցությանն ուղղորդված Թուրքիայի ջանքերի հանդեպ, սակայն գտնում ենք, որ այդ աջակցության օգնությամբ կապիտալ ձեռք բերելու Թուրքիայի կառավարության ձգտումն ու ամերիկա-հրեական համայնքի վրա ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանը դիմակայել պահանջելով ճնշում գործադրելը հարկ է որակավորել որպես լպիրշության գագաթնակետ»:
«The New York Sun»-ն իր հերթին գրում է, որ Թուրքիայի ԱԳՆ ղեկավարը հանդիպում է ունեցել մի շարք խոշորագույն հրեական խմբավորումների ներկայացուցիչների հետ եւ փորձել նրանց համոզել՝ քվեարկել Ներկայացուցիչների պալատում ներկայացված թիվ 106 բանաձեւի դեմ: Ներկայումս բանաձեւը պաշտպանում է 179 կոնգրեսական: «Թուրքիայի պաշտոնատար անձինք իրենց հանդիպումների ժամանակ փորձել են ամենաբուռն կերպով հրեաներին հիշեցնել, որ Հոլոքոստը եզակի դեպք էր: Թուրքերը չեն հերքում, որ 1915-17 թթ. Հայերի ոչնչացմանը նպատակաուղղված ռազմական արշավ են կազմակերպել, եւ արտագաղթի ճանապարհին հազարավոր հայեր են զոհվել»,- գրում է «The New York Sun»-ը:
Սակայն կա նաեւ մեկ այլ տեսակետ, որը կարող է իր բացասական դերը խաղալ այս գործում: «Washington Post»-ի մեկնաբան Դեյլ Ջեքսոնը Թուրքիային կոչ է անում «լուրջ չվերաբերվել» ԱՄՆ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի քննարկմանը: Նրա կարծիքով, Թուրքիան այդ բանաձեւին պետք է վերաբերվի՝ որպես «արեւմտյան ժողովրդավարության եւս մեկ օրինակի»: «The House’s Ottoman Agenda» խորագրով հոդվածում մեկնաբանը որպես օրինակ այդ բանաձեւը համեմատում է Իրաքի վերաբերյալ կայացված որոշման հետ, համաձայն որի՝ կոնգրեսականները հանդես էին եկել պատերազմի դեմ: «Washington Post»-ի մեկնաբանը գտնում է, որ «Ներկայացուցիչների պալատի անդամների մեծամասնությունը նույնիսկ տեղյակ չէ հեռու անցյալի այնպիսի իրադարձության մասին, ինչպիսին Հայոց ցեղասպանությունն է: Պատկերացրեք, Ներկայացուցիչների պալատի 435 անդամ պետք է ընդունեն կամ չընդունեն Թուրքիայի հյուսիսային շրջանում 92 տարի առաջ տեղի ունեցած իրադարձությունների մասին Ադամ Շիֆի վարկածը»,- գրում է «Washington Post»-ը:
Եվ վերջինը: ԱՄՆ Սենատի Արտաքին գործերի հանձնաժողովը հետաձգել է Հրանտ Դինքի սպանությունը քննադատող 65 բանաձեւի քննարկումը: Նախագահի վարչակազմի հրահանգով գործող հանրապետական սենատոր Ռիչարդ Լուգարին հաջողվեց բանաձեւի քննարկումը հետաձգել հաջորդ շաբաթ: