Ադամովա Իրինան երեկ ամբողջ օրը, բաժակն առած, ինը հարկանի հանրակացարանի դռները թակելով, պարտքով ձեթ է խնդրել: Երեխաներն այդպես էլ չեն ճաշել, որովհետեւ բոլոր հարեւաններին պարտք են:
Փախստականների հանրակացարանում ապրող 35-ամյա Իրինան երկու երեխաների հետ միասին, բառիս բուն իմաստով, խելագարվում է: Նրանց ամեն երկրորդ բառն ավարտվում է նյարդային ճչոցով ու ատամների կրճտացնող արտահայտություններով, իսկ երբ փորձում ես խոսակցությունն ընդհատել՝ ամբողջ մարմնով դողում են: 1990թ. նա Բաքվից եկել է Հայաստան ու տեղավորվել Դիլիջանի փախստականների հանրակացարանում: «Ամուսնացա, նորմալ ընտանիք կազմեցի: Գիտե՞ս ինչ սիրուն ամուսին ունեի: Սկեսուրս դավեր նյութեց, ամուսնուս ասում էր՝ սա փախստական ա, բաքվեցի ա, սրանից կնիկ դուրս չի գա: Ասում էր՝ բաքվեցին մնում ա բաքվեցի: 2 երեխուն տվին ձեռքս ու ճամփեցին»,- պատմում է երիտասարդ կինն ու անսպասելի տեղից վեր է թռնում, որ ամուսնու նկարը ցույց տա: Հարցնում եմ՝ «Չե՞ք աշխատում»: Այնպես է բռնկվում, ասես վիրավորեցին իրեն: «Աշխատե՞լ, էստեղ մարդ որ կաշին քերթելով էլ աշխատի՝ չի կարա երեխա պահի, մանավանդ, որ բաքվեցի ա: Ոնց ուզում՝ շահագործում են, չես կարա պահանջես: Գնում ուրիշի տները մաքրում եմ՝ խաբում, փողը չեն տալիս: Կարելի՞ ա էդպես վարվել, հա՞, հետո՞ ինչ, որ Բաքվից փախած հայ եմ: Էս ջահել երեխուն առնում հետս տանում եմ ուրիշների տները մաքրելու, գումարը պայմանավորվում ենք, իսկ հետո կամ կեսն են տալիս, կամ էլ հաջողություն են ասում: Նույնն էլ ռեստորաններում ա, ամբողջ օրը ձեռքերդ ջրերի մեջ աման ես լվանում, իսկ վերջում կիսատ-պռատ վճարելով՝ դուրս են անում»,- վիրավորված ասում է Իրինան: Ասում է, որ իրեն շահագործելու պատճառով մի օր աղջիկն է տհաճ պատմության մեջ ընկնելու, որովհետեւ ուզում է մորը պաշտպանել: Աղջիկն՝ Անժելան, ահավոր ագրեսիվ է, իսկ սենյակում տեղաշարժվելիս վազքով է այս ու այն կողմ գնում, կարծես ետեւից ընկել են: Ինքնապաշտպանական ներքին բնազդը կոպտացրել է աղջկան: Ասում է՝ «Լավ եմ արել: Էն օրը գնացի, ասեցի՝ տունդ մաքրել ենք, ինչի՞ փողը չես տալիս: Նենց գոռացի, վիրավորեցի, որ խայտառակ եղավ: Շատ էլ լավ եմ արել, տենց ա պետք, որովհետեւ համբալի տեղ են դնում, հետո՞ ինչ, որ աղքատ ենք, բայց հո էշ չե՞նք: 2000 դրամ պետք ա տար, գոռոցս գցեցի՝ հանեց տվեց: Հանեցի 500-ը շպրտեցի, ասեցի՝ պահի քեզ, մեղք ես»,- իր արարքից եւ՛ ոգեւորված, եւ՛ ամաչելով՝ տղայական շարժումներով ու ժարգոնով պատմում է նա: Աղջիկը բրոնխիալ ասթմայով հիվանդ է, հաճախակի նոպաներ է ունենում, շունչը կտրվում է: Ժամանակ առ ժամանակ բուժվում է, սակայն ավելի վատ է նյարդային համակարգի վիճակը: Մութ ու ցուրտ սենյակում ոտաբոբիկ է քայլում: Հարցնում եմ՝ «Եթե քեզ չի կարելի մրսել, ինչո՞ւ ես ոտաբոբիկ ման գալիս»: Ասում է՝ «Ես չեմ մրսում, մրսողներից ու վախեցողներից չեմ»: Անժելան սովորում է 7-րդ դասարանում, բայց դպրոցի մասին խոսելիս ամեն ինչ անում է ապացուցելու համար, որ թե՛ դպրոցի, թե՛ էս աշխարհի վրա թքած ունի: Հասակակիցների հետ համեմատվելով՝ նա ճնշվում է ու դառնությունը թափում մոր գլխին: «Ուրիշները ո՞նց են մարդավարի ապրում: Ես էլ եմ ուզում ինձ մարդ զգալ»,- ասում է Անժելան, ով վերջերս տանից փախել է, հավանաբար՝ մտածելով, որ այդպես իրեն մի քիչ մարդ կզգա, սակայն կրկին վերադարձել է տուն եւ մորը բաժակով ժավել առաջարկել: Ասել է՝ «Խմի մեռի, եթե չես կարողանում մեզ պահել»: Մոր համար այս արարքը կյանքի ամենադաժան հարվածն է եղել, սակայն համակերպվել է աղջկա ատելության հետ, որովհետեւ հասկանում է նրան. նյարդերը չեն դիմանում:
«Բոլոր մարդիկ չար են»
Իրինայի որդին 12-ամյա Վլադն է, ով հայացքը փախցնում է, որ անընդհատ ճպճպացող աչքերը չնկատվեն: Հարցնում եմ՝ «Աչքերդ ցավո՞ւմ են»: «Չէ՛, տենց ա ստացվում: Մեկ աչքերս են ինքն իրան շարժվում, մեկ էլ ոտքերս, ես չեմ անում, ինքն իրան ա ստացվում»,- ասում է ու ճիգեր գործադրում, որ դողդողացող ոտքերը կարողանա կառավարել: Վլադը գիշերօթիկ դպրոցում գերազանց գնահատականներով է սովորում: Իր ամենասիրելի առարկան մաթեմատիկան է: Հարցնում եմ՝ «Էսօր դասի չե՞ս գնացել»: Քույրն ագրեսիվ տոնով միջամտում է՝ «Չէ՛, քնած էինք մնացել, ուշացել էր»: Իրինան խիստ տոնով սաստում է՝ «Ճիշտն ասա, ի՞նչ ես ձեւեր թափում: Տրանսպորտի փող չկար, դրա համար էլ չի գնացել, դասերից հետ ա մնացել»: Անժելան կրկին մորն ատում է ու ուզում է կրկին փախչել, բայց այս անգամ ոչ թե իրենց սենյակից, այլ իրեն բաժին հասած կյանքից: Լարված մթնոլորտը փոքր-ինչ մեղմելու համար մոտենում է Վլադը՝ շատ խոր ու խելացի հայացքով, ու ինձ ասում. «Ոչինչ, մի՛ նեղվեք, մեր տանը միշտ էսպես կռիվ ա… Դրա համար էլ ես գիշերօթիկում ինձ լավ եմ զգում, դաս եմ սովորում, հանգիստ քնում եմ, երեխեքի հետ խաղում եմ: Ստեղ, երբ տանից դուրս եմ գալիս, որ մի քիչ գլուխս հանգստանա, մեկ էլ հայաթում են ինձ նեղում: Մի քիչ առաջ երեխեքով կանգնած էինք, Գոքորն ու Բորիսը ֆիշկա էին խաղում, ես էլ նայում էի: Խաղացին, պրծան, ու Գոքորն ինձ սկսեց ծեծել: Ասում եմ՝ ի՞նչ եմ արել, որ ծեծում ես, ասում ա՝ կռռում էիր, որ ես կրվեմ: Ասում եմ, բայց, ախր ես ձեն չեմ հանել: Ասում ա՝ ես գիտեմ, դու մտքումդ էիր կռռում: Ա՛յ, տենց, բոլոր մարդիկ չար են, ջղային են»,- ասում է Վլադն ու արագ-արագ մատներն է ճտճտացնում: Փոքրիկ տղան թեեւ գիշերօթիկ դպրոցում է սովորում, այնուամենայնիվ, հույս ունի, որ դպրոցն ավարտելուն պես կընդունվի բժշկական համալսարան եւ վիրաբույժ կդառնա: Ասում է, որ վիրաբույժի մասնագիտությունն իրեն դուր է գալիս, որովհետեւ՝ «Դե՛, մարդու մարմնի վատ, հիվանդ մասերը հանում ես, որ լավ մարդ լինի: Էդ վատ մասերն իրան չխանգարեն, ու ինքը դրանից վատ չզգա, չդառնա վատ մարդ: Ես միշտ մտածում եմ, որ մեծանամ՝ լավ մարդ դառնամ: Կամուսնանամ ու իմ ընտանիքում սենց կռիվ չի լինի, լավ կպահեմ իմ ընտանիքին»: Վլադը դժգոհում է, որ քույրն իրեն շատ է ծեծում, դրա համար էլ նախընտրում է դպրոցում մնալ: «Պապա ունենայի՝ ինձ կպաշտպաներ»,- ասում է: Իրինան իր երկու երեխաներին խնամում է «Փարոսից» ստացած 16.000 դրամ նպաստով: Ասում է, որ «Փարոսի» տեղամասային տեսուչն ամեն անգամ նպաստը տրամադրելիս իրեն ստորացնում է: «2 անգամ կտրեց նպաստից: Էլ ներվերս չէր դիմանում, էս ապրումներին էլ չեմ դիմանում: Զագսի վկայական ուզեց, ինձ անպատվեց՝ չդիմացա, հասա խփեցի: Ախր էդքան անտակտ կարելի՞ ա լինել, կարելի՞ ա մարդուն 2 կոպեկի համար էդքան նվաստացնել»,- զայրույթից շնչակտուր լինելով՝ պատմում է նա, ում արարքի համար տեսուչը դիմել է ոստիկանություն: Օրեր առաջ երիտասարդ կինն ընդունվել է աշխատանքի, խոհանոցում աման է լվացել: «Պայմանավորվեցինք, որ 2000 դրամ կտան: Հաջորդ օրն էլ, թե՝ պիտի համ աման լվանաս, համ էլ՝ հավաքարարություն անես, բայց 2000-ից ավել չես ստանալու: 12 ժամ աման էի լվանում ու ավել էի անում: Աշխատեցի-աշխատեցի, էսօր-վաղն արեցին ու ոչ մի կոպեկ էլ չտվեցին: Ամբողջ ռեստորանը մաքրում էի, մեջքս բռնվել էր, 3 օր անկողնային պառկեցի»: Իրինան բղավելով խոսում, խոսում է, դժգոհում, նեղսրտում է… Այս տանը բոլորն այնքան նյարդային ու չարացած են, որ, անգամ, չեն լսում միմյանց, միայն բղավում են: Խելագարվել կարելի է… Վլադը շատ նրբանկատ է, նայում է մորը, ապա՝ քրոջը ու մեղավոր հայացքով կողքիս շշնջում է՝ «Է՜հ, դժվար ա, չէ՞…»: