Թիվ 13 փողոցը եւ նրա բնակիչները

14/03/2007 Արմենուհի ԿԱՐԵՅԱՆ

«Եթե որեւէ մեկին մի բան պատահի` շտապօգնության մեքենան չի գա, քանի որ, հատկապես անձրեւային, խոնավ եղանակներին փողոցն անանցանելի է: Իսկ տաքսու վարորդներն «արդարանում են»` եթե ձեր փողոցով մեքենան անցնի, ապա քաղաքում քշելն էլ հնարավոր չի լինի»,- մեզ հետ զրույցում ասում է Սաթիկ տատը, ով շուրջ ինը տարի թիվ 13 փողոցի բնակիչ է: «ՈՒզում ես՝ օդի միջով քայլիր, միեւնույն է` ցեխոտվելու ես»,- ծիծաղով ավելացնում է այդտեղ ապրող Գասպարյանների ընտանիքի որդին: Ցեխոտ օրերին դասի շտապող երեխաները չեն մոռանում կոշիկների վրայից «ցելոֆան» հագնել եւ դպրոց չհասած` դեն գցել:

Բնակիչներից ոմանք ասացին, որ իրենց փողոցը տասներեքերորդն է: Սակայն Շենգավիթի թաղապետարանից մեզ տեղեկացրեցին, որ դա փողոց չէ, այլ թիվ 13-ի «շարունակությունն» է: Փողոցը երբեք ասֆալտապատ չի եղել: Այս տարածքում նախկինում եղել են պետության այգիներն ու բանջարանոցները, իսկ արդեն մի քանի տարի է, ինչ այն ունի իր հիմնական բնակիչները, որոնց մի մասը հնարավորության սահմաններում մուծում է հարկերը` հույսով, որ մի օր թույլտվություն կստանան հողը սեփականացնել եւ տուն կառուցել: Իսկ մինչ այդ, բավարարվում են տնակներում ապրելով: «Նախկինում այդտեղ փողոց չի եղել, այդ հատվածն ամբողջովին հողային է, իսկ դրա ասֆալտապատումը հսկայական ծախսերի հետ է կապված: Շենգավիթում կան առավել խիտ բնակեցված փողոցներ, որոնց ասֆալտապատումն առաջնային է: Մենք ունենք շուրջ 50 միլիոնի ասֆալտապատման նախագիծ, որի իրականացումը ֆինանսների հետ է կապված»,- ասաց Շենգավիթի թաղապետարանի կոմունալ բաժնի պետ Ամատունի Գրիգորյանը:

Այս փողոցի յուրաքանչյուր բնակիչ, բացի անբարեկարգ փողոցի մասին մտածելուց, այլ խնդիրներ էլ ունի: Առաջին անգամ լրագրող տեսնելով՝ որոշեցին կիսվել իրենց մտահոգող մի քանի խնդիրներով: Պարզվում է, որ այստեղ ապրողների մեծամասնությունը որեւէ գրանցում չունի:

Գրետա Գասպարյանը պատմեց, որ իր որդին անձնագրի բացակայության պատճառով ծննդականով է ընդունվել Մեսրոպ Մաշտոցի անվան համալսարան. «Տղես համալսարանում է սովորում: Պասպորտ չունի, բայց որ վաղը-մյուս օրը բանակ տանելու օրն եկավ` չեն հարցնի` գրանցվա՞ծ ես, թե՞ չէ, կգան, կտանեն: Երեք տարի առաջ ծախեցինք մեր տունը, եկանք սկեսրայրիս հետ ապրելու: Սկեսրայրս նոր է մահացել, իսկ ես, երկու երեխեքս ու ամուսինս «օդի» մեջ ենք… Դեմը ընտրություններ են, բայց մենք գրանցում չունենք. ոչ իրանց բաժանածներից կօգտվենք, ոչ տված փողերից: Պասպորտ չունենք` իրանց համար ավելի լավ, ոչ կտան, ոչ էլ ձայն կպահանջեն»:

Սակայն Գասպարյանները թիվ 13 հասցեի միակ «օդի» մեջ գտնվողները չեն: Նրանց բախտակից են նաեւ Առաքելյանները եւ մի քանի այլ ընտանիքներ, որոնք չցանկացան ներկայանալ: «Մեր ու մեր տների տեղը չգիտեն: Եթե իմանան` էնքա՜ն փողատեր կա: Թո՛ղ մեզ չխանգարեն, իրենց օգնությունը պետք չի: Ի՞նչ հույսով տուն կառուցենք` վաղը մեկը կարող է գա եւ ասի` հողն առել եմ: Եթե առնեն` չեն հարցնի՝ տուն ունե՞մ, թե՞ չէ»,- ժպիտով եւ կարծես արդեն համակերպված իրենց կարգավիճակին` պատմում է Սամվել Գասպարյանը:

Նաիրա Հովհաննիսյանի ամուսինը` Սուրեն Առաքելյանը, շուրջ երկու տարի բանտում է. «Գարաժում կռիվ էր եղել: Երեք հոգին փախել էին, իսկ ինքը բռնվել էր: Մենակ ինքն էր մեր տանն աշխատում, մի կերպ ապրում էինք: Ինձ անցյալ տարի վիրահատել են, իսկ օրական 1000 դրամով աշխատել չեմ կարող, առողջությունս չի հերիքում: Տղաս 8-րդ դասարանից դուրս է եկել, մանր-մունր աշխատանքներ է կատարում: Սկեսուրիս` Սաթիկ տատի թոշակի` 10.000 դրամի հույսին ենք: 3000 դրամի սիգարետ ենք ուղարկում ամուսնուս: Եթե հողի` 3500 դրամ եւ ջրի` 2700 դրամ վարձը տանք` տակն էլ բան չի մնա: Պետության կողմից ոչ մի օգնություն չենք ստանում: Երեխեքս փոքր էին` նպաստ էին տալիս, հիմա էդ էլ չկա»:

Մինչ տիկին Նաիրան իրենց ընտանիքից է պատմում, 81-ամյա Սաթիկ տատը ձեռքերը մեկ որովայնին է խաչում, մեկ պարզում երկինք եւ արցունքոտ աչքերով ասում. «Սաղ օրը մղկտում եմ, լացում: Իմ չորս երեխեքից մենակ ինքն էր իմ մասին մտածում, էն էլ հինգ տարի են տվել: Մեկ տարի 7-8 ամիսն անցել ա, հույս չունեմ, որ էլի կտեսնեմ: Մեկ ասում եմ՝ գնամ ԱԼՄ, պատմեմ, կարող ա օգնեն, տղիս շուտ ազատեն, իսկ եթե չէ` գոնե կպատմեմ, կթեթեւանամ»: Ապա զրույցի ընթացքում Սաթիկ տատը հիշում է խորհրդային տարիներից բանկում մնացած իր փողերը, 9 տարի առաջ 600 դոլարով վաճառած իր տունը, որի գումարը մինչ օրս չեն տվել, ապա մանկապարտեզի վարիչին, որի մոտ չորս ամիս է աշխատել, բայց վերջինս հասցրել է վաճառել Սաթիկ տատի աշխատանքային գրքույկը, որի առկայության դեպքում նրա թոշակը հաստատ 10.000 դրամից բարձր կլիներ…

Իսկ ոռոգման ջրի վիճակի մասին ժպտալով ասում են. «Էդ մասին մի գրի: Գրես` էդ էլ կկտրեն»:

Այսպիսին է Ներքին Շենգավիթի թիվ 13 փողոցի բնակիչների կյանքը, որոնց մասին շատերը չգիտեն, իսկ իմացողներն էլ ոչինչ չեն նախաձեռնում: