Մատենադարանի հարակից հրապարակում երեկ տեղի ունեցավ «Այլընտրանք» հասարակական-քաղաքական նախաձեռնության հերթական հանրահավաքը: Հանրահավաքի մոտ 1,5-2 հազար մասնակիցների թվում կային ՀՀՇ, «Հանրապետություն», ԱԺԴ եւ այլ կուսակցությունների ներկայացուցիչներ: ՆԺԿ ղեկավար Արամ Կարապետյանը, չնայած հրապարակային խոստմանը, հանրահավաքին ներկա չէր:
«Այլընտրանքի» անդամ, «Ժողովրդավարական Հայրենիք» կուսակցության ղեկավար, «Իմպիչմենտ» դաշինքի ներկայացուցիչ Պետրոս Մակեյանն իր ելույթում նշեց, թե «իմպիչմենտ» ասվածը չպետք է պատկերացնել՝ որպես ԱԺ-ում ու Սահմանադրական դատարանում ընթացող գործընթաց: «Իմպիչմենտը մենք պետք է իրականացնենք այս հրապարակում՝ ձեզ հետ միասին,- դիմելով ներկաներին՝ ասաց Պ. Մակեյանն ու հավելեց, – Մենք նորից առաջարկում ենք մեր ընդդիմադիր գործընկերներին. կարող են այս հրապարակում մասնակցել այս գործընթացին»: Ելույթ ունեցավ նաեւ «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի անդամ Սուրեն Սուրենյանցը: Նրա խոսքերով՝ տարբեր օլիգարխներ իրենց հեռուստաընկերություններով փորձում են իրենց համար ստեղծել հերոսների, «դուխով տղերքի» կերպարներ: «Իրականում սափրագլուխ բուծողը եւ այս ռեժիմին մատակարարողը չի կարող հերոս կամ դուխով տղա լինել: Ժողովրդին գռփողը, լրագրողի վրա սափրագլուխ քսի տվողը չի կարող «դուխով տղա» լինել,- հայտարարեց Ս. Սուրենյանցը։- Իրական հերոսն ու «դուխով տղերքն» այն տղերքն էին, որ 90-ականներին վերցրեցին երկիր կառուցելու պատասխանատվությունը: Այն տղերքն էին, ովքեր առաջին կոչով մեկնեցին ռազմաճակատ՝ կերտելու հաղթանակ»: Նա ընդգծեց նաեւ, որ այսօր Հայաստանում իշխում են «իրական հայրենիքը մերժող, գաղթականի հոգեբանություն ունեցող մարդիկ»: «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչն իր ելույթում անդրադարձավ նաեւ հաստիքային ընդդիմությանը: «Մեր կուսակցության համար մանդատն ընդամենը միջոց է եւ միշտ էլ այդպես է եղել: Եվ այդ մանդատի վրա գրված է՝ «Ռոբերտ, հեռացի՛ր»: Այսինքն՝ երբ հասարակությունն ընդդիմադիր որեւէ ուժի քվե է տալիս, քվե չի տալիս, որպեսզի խորհրդարանում վեր ընկնեն եւ նիստեր անցկացնեն: Քվե է տալիս, որպեսզի Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնեն: Եթե որոշ ընդդիմադիրներ մանդատը սարքեցին նպատակ, վերջ, նրանք տեղավորվեցին Ռ. Քոչարյանի եւ Ս. Սարգսյանի ծրագրերի մեջ»,- հայտարարեց Ս. Սուրենյանցը: Հանրահավաքի ընթացքում բավականին մանրամասն անդրադարձ եղավ նաեւ երկքաղաքացիության խնդրին: Վահագն Խաչատրյանը հայտարարեց, թե երկքաղաքացիությունն ընտրություններից առաջ ազատ ֆինանսական միջոցներ ապահովելու նպատակ է հետապնդում: Աղասի Ենոքյանն էլ մանրակրկիտ ներկայացրեց երկքաղաքացիությունից եկող վտանգները:
Երեկվա հանրահավաքում ներկաների վրա ամենամեծ ազդեցությունը թերեւս թողեց Նորիկ Նորիկյանի ելույթը: Վերջինս իր ելույթում մասնավորապես նշեց. «Սիրելի ժողովուրդ, որպես հայ երիտասարդ, ես ամաչում եմ, որ սեփական աչքերիս առջեւ իմ երկիրը կիսել են իրար մեջ ու դարձել են ֆեոդալներ: Ամաչում եմ, որ իմ ժողովրդի կերտած պատմությունը սեփական աչքերիս առջեւ թշնամաբար նենգափոխում են»: Նա նշեց նաեւ, թե ամաչում է, որ թեեւ «չընտրված ու կեղծ, բայց ի՛մ երկրի նախագահը» Ֆրանսիայում գրկախառնվում է Շառլ Ազնավուրի հետ, իսկ այստեղ՝ Հայաստանում, օրումեջ քեֆեր են սարքում զանազան «մկների, իշխանների ու էլ չգիտեմ ինչ կիսասափրագլուխ օլիգարխների հետ»: «Ես ամաչում եմ: Ժողովո՛ւրդ, նայեք նրա ստեղծած շրջապատը, որոնցով կառավարվում է մեր Հայաստանը»,- հայտարարեց նա: Վերջինս նշեց նաեւ, որ «Այլընտրանքը» դեկտեմբեր ամսից դիմել է հեռուստաընկերություններին ընդամենը 20 վայրկյանանոց՝ հանրահավաքների մասին իրազեկող տեսահոլովակ ցուցադրելու համար եւ մշտապես ստացել մերժում՝ «զանազան անգրագետ պատասխաններով»: Անդրադառնալով Հանրային հեռուստաընկերությանը, Ն. Նորիկյանն ասաց. «Պարո՛ն Ալիկ, եթե դու սարսափած չես, վախեցած չես քո տերերի հետ միասին՝ մեր խոսքից, ուրեմն՝ հենց այսօր, հենց այս միտինգից հետո քո խոսքի տերը եղիր, եւ մենք, օրերով ու ժամերով ցուցադրվող բարգավաճների ու այլ իշխանամետների անկապ համագումարներից հետո, գիտենք, թե ինչպես ենք խոսելու մեր ժողովրդի հետ»: Այնուհետեւ նա անդրադարձավ ընդդիմություն աշխատողներին: Նրա խոսքերով՝ ամենավտանգավորն այն է, որ իշխանությունը հրապարակ է նետել մարդկանց մի քանի խմբակների, ովքեր իրենց ընդդիմություն են համարում: Ն. Նորիկյանի որակմամբ՝ սա արդեն հասարակության այլասերման վերջին փուլն է: «Ու հիմա այդ մարդկանց՝ տարբեր օրինացներին, տարբեր միաբանողներին ու տարբեր ժողովրդականներին մնում է գոնե ասել՝ մի՛ արհամարհեք այն մարդկանց, ովքեր դեռեւս ձեր հանդեպ հավատ ունեն, եւս մի անգամ մի՛ սպանեք մարդկանց հույսը, ձեր մի քանի մանդատի համար մի՛ փչացրեք Հայաստանի վաղվա գեղեցիկ ու լուսավոր օրը»,- ակնարկելով ՕԵԿ-ին, «Ազգային Միաբանությանն» ու ՀԺԿ-ին՝ ասաց Ն. Նորիկյանը: Վերջում նա նշեց, թե հավատում է, որ կառուցելու ենք մի պետություն, որտեղ չեն լինելու ֆեոդալներ, համմերներով մարդկանց վրայով անցնող սափրագլուխ բանդաներ, Հայաստանի ունեցվածքը սրան-նրան նվեր տվող «իշխող գյադաներ», չեն լինելու «իմ որդիների Հայաստանը կարտոլի դաշտ ու բենզինի կալոնկա սարքած չտես փողատերեր»:
Վերջում ելույթ ունեցավ «Այլընտրանքի» ներկայացուցիչ, «Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանը: Նա հիշեցրեց, որ գործող իշխանությունները եկան միջազգային հանրության շուրթերից Ղարաբաղին «անկախ» անունը տալու, «բայց այդ միջազգային հանրությունն այսօր Ղարաբաղին տալիս է «օկուպացված» անունը»: «Եվ մենք պետք է կարողանանք մեր մեջ ուժ գտնել՝ այս քաղաքականության համար պատասխանատվության կանչել այս սափրագլուխներին»,- հայտարարեց նա ու հավելեց, թե պետք է արձանագրենք, որ այսօրվա վիճակի համար մեղավոր ենք: «Այսօր շատերն ասում են, որ 2003թ. կար շանս եւ չօգտագործվեց այդ շանսը: Դրա մեղավորն էլ ենք, որովհետեւ երբ այստեղ 150 հազար մարդ էր կանգնած, եւ ինչ-որ մարդիկ ուզում էին գնալ թեյ խմելու, մենք իրենց պետք է ասեինք՝ դու գնում ես թեյ խմելու, մենք կկանգնենք հարթակին եւ կանենք այն, ինչ պետք է անենք: Մենք դա չարեցինք եւ մեղավոր ենք»,- նշեց Ն. Փաշինյանը՝ ակնարկելով Ստեփան Դեմիրճյանին:
Հ.Գ. Հաջորդ հանրահավաքը տեղի կունենա մարտի 16-ին, ժամը 17-ին, Մատենադարանի հարակից հրապարակում: