Հայ գործարար կյանքը կարծես կանգնած է հերթական անդառնալի կորուստ արձանագրելու փաստի առջեւ։ Ընդ որում, տնտեսությունից այն ժամանակ հեռացած արտադրական ձեռնարկությունների հասցրած վերքերը դեռ չսպիացած։ Սակայն սուգն այս անգամ երկար չի տեւի։ Պատճառն այն է, որ հերթական զոհը ֆինանսական ոլորտից է։ Եվրամիություն ձգտող մեր ոգին արդեն հանդուրժող է շատ փոքրամասնությունների հանդեպ։ Փոխարենը, հոգու խորքում մենք, միեւնույն է, չենք ընդունում ֆինանսական մակլերներին` նրանց վաշխառու ընկալելով։
Վերջին ամիսներին արտարժույթի շուկայում ընթացող անհասկանալի գործընթացների մեղքը ջարդվում է տարադրամի փոխանակման կետերի վրա։ Կենտրոնական բանկը փորձում է վերացնել բիզնեսի այս տեսակը, ինչո՞ւ եւ ի՞նչ նպատակով հարցերը հնարավոր մի քանի պատասխան ունեն։
Ընդունված կարծրատիպի համաձայն` զարգացող երկրները միջազգային «կեղտոտ փողերի լվացման» հարմար տարածքներ են։ Ամեն անգամ, երբ այս տեսանկյունից խոսվում է Հայաստանի մասին, մեր երկրի ղեկավարությունը բացառում է նման հնարավորությունը։ Փաստարկը մեկն է. մեր երկիրը փոքր է, եւ ֆինանսական շուկան գտնվում է խիստ վերահսկողության տակ։ Իսկապես, այս ոլորտի մասին կոնկրետ փաստեր առայժմ չեն հրապարակվել։ Միակը, որ ընդունվեց մեր ֆինանսական ղեկավարության կողմից, մի անհասկանալի պատմություն է։ Անցյալ տարի, անհայտ անձի կողմից, ՀՀ բանկային համակարգում կանխիկի էր վերածվել 1 մլն դոլարի չափ գումար։ Երկրորդ նման օրինակ չկա։
Տարադրամի կուրսի չբացատրվող տատանումը հասարակական դժգոհությունների պատճառ է։ Եվ պահն իսկապես հարմար էր փոխանակման կետերի գործունեությունը վերահսկելի դարձնելու համար։ Իշխանությունները նախ փորձել էին հաշվիչ դրամարկղային մեքենաներ տրամադրել «չենջերում»։ Այն, որ այս գործընթացն ի սկզբանե դատապարտված է, ենթադրելի էր։ Խորհրդային տարիներին ամենազոր Ժողվերահսկողության կոմիտեն (Նարոդնի կանտրոլ) ի վիճակի չեղավ ՀԴՄ-ներ ներդնել մեր կենցաղ։ Տարադրամի կետերից հիմնականում օգտվում են արտասահմանից դրամական օգնություն ստացողները։ Մոտ երկու տարի առաջ պարզվեց, որ Հայաստան մտնող տրանսֆերտների ծավալը գերազանցել է 500 մլն դոլարի սահմանը եւ ենթադրվում է, որ շուտով կհասնի 1 մլրդ դոլարի։ Այս պահից արդեն շատերն են ձգտում ուրիշին ուղարկվող օգնություն-փողերից սեփական մասնաբաժինն ունենալ։
ՀԴՄ-ների ձեռնարկի տապալումից հետո, իշխանությունները փորձեցին «չենջ» կոչվող բիզնեսի վերջը տալ։ «Հանկարծ» հայտնաբերվեց, որ դրանք մայրաքաղաքում կենտրոնացված են` Կասյան փողոցում եւ «Երեւան» կ/թ-ի հարեւանությամբ։ Մեկ ամիս առաջ անցկացրած ստուգումների արդյունքում Կասյանի «չենջերի» մեծ մասը փակվեց։ Պարզաբանում ներկայացվեց, որ դրանք հիմնականում գործում էին ժամկետանց արտոնագրերով։ Կ/թ «Երեւանի» թաղամասում «չենջերն» առայժմ կան։ Առայժմ` որովհետեւ իշխանությունները մարտականորեն են տրամադրված։ «Չենջերի» կենտրոնացումը բավական նպաստավոր պայմաններ էր ստեղծում ստվերային դրամաշրջանառության համար։ Այդ կետերը տարադրամը հավաքում էին խոշոր պատվիրատուների համար։ Մեծ խանութները, սննդի օբյեկտները պարբերաբար հենց այդ կետերի միջոցով էին դրամը վերածում տարադրամի։ Այս շրջանառությունը, բնականաբար, չի արձանագրվում եւ չի հարկվում։ «Չենջերի» կենտրոնացված բաշխումը կանխելով` ենթադրվում է, որ այս գործընթացը կդժվարանա։ Սակայն սա որքան ազնիվ, նույնքան էլ միամիտ մտահղացում է։ Ստվերային դրամաշրջանառության դեմ նման պայքարը դժվար թե որեւէ արդյունք տա։ Փոխարենը, արդեն պարզ է, որ «չենջը» որպես բիզնեսի տեսակ վերանում է։ Եվ ինչպես միշտ` իշխանությունների յուրաքանչյուր սխալի համար վճարում է շարքային քաղաքացին։ Որեւէ թաղամասում կենտրոնացված «չենջերը» ձեռնտու փոխարժեք էին առաջարկում։ Արդյունքում, խոշոր գումարի տարադրամ փոխանակող շարքային քաղաքացու համար շահավետ էր հասնել Կասյան փողոց։ Բայց վերջին շաբաթներին պատկերը փոխվել է։ Տարադրամ առաջարկող հաճախորդների թիվն արդյունքում պակասել է։ Կասյանի վրա մնացած մի քանի «չենջերն» այլեւս ի վիճակի չեն գնման եւ վաճառքի փոխարժեքների փոքր տարբերությամբ աշխատել։ Մի քանի ամիս առաջ փոխարժեքների տարբերությունը` մարժան, առավելագույնը 2-3 դրամ էր։ Հիմա հասնում է 10-12 դրամի։
Փոխանակման կետերի դեմ պայքարից օգտվեցին խոշոր գործարարները։ Նրանք, ում համար տարադրամի փոխանակումը հիմնական բիզնես չէր։ Այսօր խոշոր խանութների (նոր հայը կասեր` «սուպերմարկետ») տարածքում «չենջերն» ավելի հրապուրիչ փոխարժեք են առաջարկում։ Այստեղ տարադրամի գնման գինը 2-4 դրամով ավելի է, քան բուն «չենջերում»։ Հաճախորդը, բնականաբար, կողմնորոշվում է դեպի այս կետերը։ Ի վերջո, շարքային սպառողին դրամն անհրաժեշտ է հիմնականում սննդամթերք գնելու համար։ Դրամը փոխանակելու համար «սուպերմարկետ» մտած հաճախորդն արագ պարզեց, որ շքեղ խանութների մեծ մասում նույն գներն են, ինչ մյուս` փոքր ու անշուք խանութներում։ (Վերջիններիս տերերն առայժմ չեն էլ վերլուծել, թե ինչու են նվազել իրենց առեւտրի ծավալները)։
Այնպես որ, Հայաստանում, ինչպես միշտ, ցանկացած դրական (անգամ` ազգանպաստ) բարեփոխում հանգեցնում է նույն արդյունքին` հարուստներն ավելի են հարստանում, աղքատներն էլ շարունակում են ավելի աղքատանալ։ Իսկ հարստությունը մեծ ուժ է։ Երեւի սա է պատճառը, որ «չենջերի» ոչնչացման» գործընթացն իշխանություններին մասամբ հաջողվեց։ «Չենջային» վերջին բաստիոնը` կ/թ «Երեւանի» տարածքը, դեռեւս մնում է։ Բայց, համաձայնեք, որ մեկ տարածքում վերահսկումն իրականացնելն ավելի հեշտ է։ Եվ, որ ամենակարեւորն է. մենք չգիտենք, բայց հո կարո՞ղ ենք գլխի ընկնել, թե ովքեր են ի վիճակի քաղաքի կենտրոնում բիզնես ծավալել։