Կոչ են անում չմասնակցել

13/03/2007

Մի խումբ քաղաքական եւ հասարակական գործիչներ երեկ հանդես են եկել հայտարարությամբ, որում կոչ են անում չմասնակցել ԱԺ առաջիկա ընտրություններին: «Մարտի 3-ին ավարտվեց իշխանությունների կազմակերպած «ընտրություններին» մասնակցելու համար հայտ ներկայացնելու ժամկետը: Իշխանությունների աջակցությամբ կազմված համամասնական ցուցակները ցույց են տալիս, որ իշխող կլանը երկիրը հասցրել է քաղաքական աբսուրդի: Եվ այսօր հասարակությունը բաժանված է 2 հատվածի` «ընտրությունների» մասնակիցների, որոնք, կամա թե ակամա, պաշտպանում են համակարգը, եւ դրանք մերժողների»,- նշված է հայտարարության մեջ, որտեղ ասված է նաեւ, թե օրեցօր անջրպետը խորանում է, եւ ավելի ու ավելի շատ քաղաքացիներ են հասկանում իշխանությունների կազմակերպած անպատվաբեր խաղի վտանգը հասարակության եւ պետության ապագայի համար: «Կոչ ենք անում քաղաքական ուժերի ղեկավարներին, շարքային անդամներին, բոլոր ազնիվ քաղաքացիներին՝ մերժել անօրինական իշխանությունների պարտադրած կործանարար խաղը` չմասնակցենք նրանց նշանակած «ընտրություններին» եւ միասնական ու կազմակերպված պայքարով հասնենք նրանց հրաժարականին: Մեր ընտրությունն ազատությունն է»,- նշել են հեղինակները: Հայտարարությունը ստորագրել են ԱԺ նախկին փոխխոսնակ Կարապետ Ռուբինյանը, ՀՀ Գերագույն խորհրդի նախկին պատգամավորներ Արամ Մայիլյանը, Վարդան Պետրոսյանը, Վահան Շիրխանյանը, «Ժողովրդավարական Հայաստան» կուսակցության նախաձեռնող խմբի անդամներ Նարինե Մկրտչյանը, Նարինե Դիլբարյանը, «Հայոց մայրեր» շարժման ներկայացուցիչ Սուսաննա Հարությունյանը, «Հանուն գիտության զարգացման» նախաձեռնող խմբի անդամ Արարատ Միրզոյանը եւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Քաղաքացիական անհնազանդություն» շարժման ներկայացուցիչ Ալեքսանդր Արզումանյանը: