ՀՀ նախագահի խորհրդական ու «Ազգային անվտանգություն» կուսակցության (ԱԱԿ) ղեկավար Գառնիկ Իսագուլյանը երեկ «Տեսակետ» ակումբում հայտարարեց, թե «առաջատար կուսակցություններից» եղել են իրենց համամասնական ցուցակում իրեն եւ իր համախոհներին ընդգրկելու առաջարկներ, որոնք մերժվել են:
ԱԺ ընտրություններին մասնակցելու հայտ չներկայացրած ԱԱԿ-ն ակտիվ քարոզչական աշխատանքներ է տանելու: Այս մասին երեկ հայտարարեց ԱԱԿ ղեկավարը: Բայց թե հատկապես ո՞ր կուսակցության օգտին են քարոզելու, Գ. Իսագուլյանը երեկ չասաց՝ խոստանալով այդ մասին հայտարարել պաշտոնական քարոզարշավի առաջին օրը: Պարզվում է՝ Գ. Իսագուլյանը շաբաթական առնվազն երկու մարզ է այցելում եւ այցերի ընթացքում տեսել է, որ ընտրություններին մասնակցող 27 կուսակցություններից միայն Հանրապետական, Դաշնակցական ու «Բարգավաճ Հայաստան» կուսակցություններն են, որ կազմակերպված կառույցներ ունեն եւ կազմակերպչական առումով պատրաստ են ընտրություններին:
Նույն ակումբում երեկ ՍԻՄ նախագահ Հրանտ Խաչատրյանն էլ կարծիք հայտնեց, թե այսօրվա իրավիճակը նման է 1996թ. իրավիճակին, երբ «ընդդիմությունը միասնական հանդես գալու հարցն էր քննարկում», բայց այս անգամ արդյունք չեղավ: Ըստ Հ. Խաչատրյանի, հասարակությունն ընտրություններից առաջ տրոհված է: «Մյուս կողմից, եւ՛ իշխանական, եւ՛ ընդդիմադիր դաշտերում կուսակցությունները որպես քաղաքական կուսակցություններ չեն հանդես գալիս, այլ որպես տվյալ պահին կոնյունկտուրային խնդիրներ ներկայացնող կազմակերպություններ: Չկա մեծ հույս, որ ընդդիմադիր ճամբարը կփոխարինի այսօրվա մեծամասնությանը, բայց կան նախադրյալներ, որ մայիսի 12-ից հետո կարող են տեղի ունենալ քաղաքական սուր գործընթացներ, որոնք կարող են փոխել երկրի վիճակը»,- նշեց ՍԻՄ նախագահը: Վերջինս իր խոսքում երեկ հաճախ էր օգտագործում «չարյաց փոքրագույն» եւ «բարյաց մեծագույն» արտահայտությունները: Իսկ երբ Գ. Իսագուլյանը նրան առաջարկեց օգտագործել միայն «բարյաց մեծագույն» ձեւակերպումը, Հ. Խաչատրյանը հակադարձեց. «եթե դա «Բարգավաճ Հայաստանն» է՝ համաձայն չեմ»:
Երեկ Գ. Իսագուլյանը նաեւ կարծիք հայտնեց, թե Հայաստանում գործունեություն ծավալող կուսակցությունները դրսից չեն կառավարվում, բայց «կարող են դրսից ֆինանսավորվել»: Գ. Իսագուլյանը նաեւ համոզմունք հայտնեց, թե ՀՀ բարձրաստիճան որեւէ պաշտոնյա՝ «հատկապես հանրապետության նախագահը», կուսակցությունների ձեւավորման, քայքայման, ստեղծման հետ որեւէ առնչություն չունի: Իսկ ՍԻՄ նախագահ Հ. Խաչատրյանն էլ կարծում է, թե քաղաքական դաշտը ձեւավորված չէ, եւ կայացած կուսակցություններ չկան: Պատասխանելով լրագրողների հարցերին՝ բանախոսները երեկ անդրադարձան նաեւ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից օրերս հրապարակված հերթական զեկույցին, որտեղ նշվում է, որ Հայաստանում ժողովուրդը չի կարողանում ընտրությունների միջոցով իշխանություն փոխել, որ մամուլի ազատությունը ճնշվում է…: Գ. Իսագուլյանը հայտարարեց, թե տեղյակ է զեկույցի բովանդակությանը, սակայն դրան որեւէ կերպ գնահատական չի տա: Այնուամենայնիվ, նա համոզմունք հայտնեց, թե շատ դեպքերում Հայաստանն այս կամ այն ցուցակում է հայտնվում սուբյեկտիվ դրդապատճառներով: Հ. Խաչատրյանն էլ զեկույցին ծանոթ չէր, բայց համամիտ է, որ Հայաստանի վերաբերյալ զեկույցներում երբեմն «Արեւմուտքի սուբյեկտիվ շահ, սուբյեկտիվ պահեր լինում են»: Միաժամանակ Հ. Խաչատրյանը նշեց, թե՝ եթե զեկույցում գնահատականները խիստ են, ուրեմն՝ այդ զեկույցը մոտ է իրականությանը: