Երեւանը չի կործանվում

13/03/2007 Զ. ՍԱՐԳՍՅԱՆ

Երեկ «Հայելի» ակումբի հյուրերն էին Երեւանի Արաբկիր, Դավթաշեն եւ Նոր Նորք համայնքների ղեկավարներ Հովհաննես Շահինյանը, Սուրիկ Ղուկասյանը եւ Դավիթ Պետրոսյանը:

ՀՀ ԱԺ փոխնախագահ Վահան Հովհաննիսյանը մարտի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել էր, թե «քաղաքն ընդհանրապես կործանվում է կեղտի մեջ, իսկ դրա համար պատասխանատու անձինք, հատկապես՝ թաղապետերը, ամբողջությամբ ընդգրկված են նախընտրական մրցավազքերի, բանակցությունների մեջ»: «Այս երկրում ամենքը եթե իր գործն աներ, շատ ավելի լավ կլիներ»,- ասել էր Վ. Հովհաննիսյանը: «Երեւանը, կարծում եմ, երբեք չի կործանվել եւ չի կործանվելու: Նման բան երբեւիցե չի կարելի ասել: Եթե մեր քաղաքական գործիչներն են նման արտահայտություններ անում, ես կարծում եմ, նրանք սխալ են»,- ասաց Ս. Ղուկասյանը` նշելով, որ երեւանցիները հպարտությամբ սիրում են իրենց քաղաքը: «Երեւանը ոչ ոք կործանված չի տեսնում: Իսկ ով կործանված է տեսնում, կարող է թողնել Երեւանը եւ ուրիշ տեղ ապրել: Թող Վահան Հովհաննիսյանն իր կուսակցությանն ասի, որ ովքեր իրենց համարում են հայ, երեւանցի, թող գան մեզ հետ շաբաթօրյակի մասնակցեն»,- ասաց Դավթաշենի թաղապետը: Դ. Պետրոսյանն էլ գտնում է, թե «մի մարդը բոլորի վերաբերյալ չի կարող նման հայտարարություն անել»: «Եթե համայնքի ղեկավարն իր աշխատանքի գլխին կանգնած չեղավ, նշանակում է` այդ ղեկավարն իր բնակչության կողմից չի ընդունվում: Առավոտյան վեր կացեք, թաղապետարաններով անցեք եւ տեսեք, թե որ համայնքի ղեկավարը երբ է գալիս աշխատանքի եւ երբ է գնում»,- նշեց Դ. Պետրոսյանը: Արաբկիրի թաղապետ Հովհ. Շահինյանի կարծիքով, ասօրվա Երեւանն իր մաքրությամբ համեմատելի չէ 2004-2005թթ. մայրաքաղաքի հետ: «Մեր աշխատանքը տեսանելի չէ: Ես առաջարկում եմ, որ մեր պատգամավորները, ովքեր անհանգստանում են, թող դիմեն կառավարությանը, սանմաքրման տեխնիկա գնեն եւ նվիրեն համայնքներին: Դրանից հետո որ համայնքի ղեկավարը թերացավ, հրաժարական կտա, հավատացնում եմ ձեզ»,- ասաց Հովհ. Շահինյանը:

Թաղապետերն անդրադարձան համայնքների մաքրության եւ մի շարք այլ առօրյա խնդիրների: Ս. Ղուկասյանի խոսքերով, արձանագրված թերությունների պատճառներից մեկը խստաշունչ ձմեռն էր, երբ խողովակաշարեր էին սառչում եւ շարքից դուրս գալիս: Դ. Պետրոսյանն էլ նշեց, որ այլ երկրներում տեղումներից հետո բնակիչներն իրենք են իրենց բակերը մաքրում, եւ, որ «ծանրությունը թողնել միայն թաղապետարանի հնարավորությունների վրա` ճիշտ չէ, ժողովուրդն ինքն էլ պետք է մասնակցի»: Հովհ. Շահինյանի հավաստմամբ, Արաբկիրը 2005թ. անգամ 80-ականների տեխնիկան չուներ, բայց այսօր «Մաքուր Արաբկիր» սանմաքրման ընկերությունն արդեն 45 միավոր տեխնիկա ունի: Սակայն այս տարի ներբակային տարածքները համապատասխան տեխնիկայի բացակայության պատճառով չեն մաքրվել, քանի որ թաղապետարանը բակերը մաքրելու պայմանագիր ուներ երկու` «Կարկոմավտո» եւ «Գալոպեր» ընկերությունների հետ, սակայն «տեխնիկական պատճառներով, ճանապարհների հետ կապված բարդություններով» ընկերությունների տեխնիկան Հայաստան է հասել միայն վերջերս: Թաղապետերը հայտարարեցին նաեւ, որ մինչեւ մարտի վերջ համայնքները Երեւանի քաղաքապետարանին, վերջինս էլ` կառավարությանը, կներկայացնի Երեւանի համայնքների առջեւ ծառացած խնդիրները, եւ կառավարության ֆինանսավորմամբ հարցերը կլուծվեն: Մասնավորապես առաջիկա երեք տարում կփոխվեն Երեւանի բոլոր հին վերելակները:

Հարցին, թե այս կամ այն կուսակցության անդամ լինելն ինչպե՞ս է օգնում համայնքի ղեկավարին կազմակերպել իր աշխատանքը` ՀՀԿ-ական թաղապետերը տարբեր տեսանկյուններից մոտեցան: «Կա՞ մի երկիր, որտեղ համայնքի ղեկավարը, քաղաքապետը կամ թաղապետը կուսակցական չլինի: Նման բան ոչ մի երկրում էլ չկա: Մենք էլ ենք անկախ մեզանից քաղաքականության մեջ»,- ասաց Ս. Ղուկասյանը: Իսկ Հովհ. Շահինյանը վստահ է, որ թաղապետի կուսակցական լինելն օգնում է աշխատանքին: «Մեր կուսակցությունն իշխանության է, եւ մեզ հուզող հարցերն ավելի օպերատիվ ձեւով ենք կարողանում բարձրացնել մեր կուսակցական ընկերների առջեւ, ովքեր այսօր կառավարությունում կամ ԱԺ-ում բարձր պաշտոններ են զբաղեցնում»,- նշեց Արաբկիրի թաղապետը: Իսկ եթե Հանրապետականն իշխանության չլինի, դրանից ձեր աշխատանքը կբարդանա՞. այս հարցին էլ Հովհ. Շահինյանը պատասխանեց, թե «ով իր աշխատանքի մեջ է` կշարունակի աշխատել»: Իսկ ահա Սուրիկ Ղուկասյանը հայտարարում է՝ «կուսակցությունը ոչ մի բանով մեզ չի օգնում: Եթե ժողովուրդն ընտրում է, ի՞նչ նշանակություն ունի, թե իշխանության գլուխ ով է: Ի՞նչ կապ ունի` ես որ կուսակցությանն եմ պատկանում: Ժողովուրդը համայնքի ղեկավար է ընտրում»: