Ինչպես են թալանում հանքերը

13/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հայաստանը թեեւ փոքր պետություն է, բայց համարվում է հանքային հարուստ պաշարներ ունեցող երկիր: Ճիշտ է, այդ հարստությունից Հայաստանի շարքային քաղաքացուն շատ քիչ է բաժին հասնում, բայց իշխանությունները դրանից բազմակողմանիորեն օգտվում են:

Նախ՝ մեր ընդերքի հարստությունն իշխանություններին հնարավորություն է տալիս տեսականորեն համեմատվել Ադրբեջանի հետ: Մերոնք առիթը բաց չեն թողնում Ադրբեջանի նավթին որպես հակակշիռ ներկայացնել մեր մոլիբդենը: Հետո, երբ անհրաժեշտ է լինում, հանքերի օգտակարությունը ներկայացնում են մեկ այլ տեսանկյունից, այն է, թե դրանց շահագործումը բազմաթիվ աշխատատեղեր է բացելու, եւ բյուջեն էլ լցնելու է հարկերով: Այդպիսով իշխանություններն ինքնագովազդում են իրենց եւ ժողովրդի ականջներին փլավ կախում: Իսկ այսօր հանքերի հիմնական դերն ու նշանակությունը կայանում է նրանում, որ դրանք լցնում են ՀՀ որոշ պաշտոնյաների եւ շահագործողների սեփական գրպանը: Հանքերը շահագործողների անկշտությունը թույլ չի տալիս, որ Հայաստանն իր բնական ռեսուրսների շնորհիվ զարգանա եւ ուժեղանա:

Այսօր այն, ինչ կատարվում է Հայաստանի հանքերի հետ, կարելի է բնութագրել որպես ալան-թալան, հանրային սեփականության փոշիացում կամ ընդերքի բզկտում: Եվ ամենադաժանն այն է, որ միաժամանակ ոչնչացվում է նաեւ շրջապատող բուսականությունը: Հատկապես մետաղական հանքերը գտնվում են անտառային հատվածներում, եւ շահագործողներն արդյունահանելու համար ոչնչացնում են շրջակա միջավայրը՝ հարյուրավոր հեկտարներով անտառներ, բուսականություն, կենդանական աշխարհ: Իսկ եթե այդ հատվածով գետ է հոսում, ապա հանքի շահագործումից հետո այն դառնում է ժանգոտ ու թունավոր մի առու: Հանքը շահագործելու ընթացքում եւ հետո թունավոր նյութերի արտահոսքից գրեթե ոչնչանում է շրջակա բուսական ու կենդանական աշխարհը, աղտոտվում են ջրային ռեսուրսները: Բացի այդ, թունավոր նյութերը հողի միջոցով թափանցում են մեր սննդի մեջ, եւ այդ գոտում սրված են լինում շրջակա բնակչության առողջական խնդիրները: «Փորձը ցույց է տալիս, որ խորհրդային տարիներից սկսած՝ մեր հանքերը շահագործվել են վայրենի ձեւով,- ասում է ՀՀ բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը: -Հանքավայրը շահագործելուց հետո այդ հատվածի անտառային ծածկույթը չեն վերականգնել, հողի այն շերտը, որ բացել են, հետո ետ տեղը չեն լցրել, պոչամբարները լավ չեն փակել: Այդ պատճառով էլ մինչեւ հիմա շահագործված հանքերի տեղերից թունավոր նյութերի արտահոսք է լինում: Մեր արդյունահանողները մտածել են միայն իրենց եկամուտների մասին: Իսկ թե բնությանն ի՞նչ վնաս են հասցրել, դա իրենց չի հետաքրքրել: Գիտե՞ք, նավթի համար ես ադրբեջանցիներին չեմ նախանձում: Այսօր Հայաստանից ավելի շատ այդ պետության էկոհամակարգն է վտանգված: Միայն այն, որ Կասպից ծովի հատակին մոտ 10 սմ նավթի շերտ է նստած, բավարար է, որ մոտ ապագայում այդ լիճը տիղմի վերածվի եւ ողջ երկիրը գարշահոտություն պատի»:

Եթե ՀՀ իշխանությունները շարունակեն նույն անտարբերությամբ եւ անկշտությամբ վերաբերվել մեր երկրի ընդերքի եւ անտառածածկույթի ոչնչացմանը, ապա մոտ ապագայում Հայաստանն էլ կհայտնվի անապատացման եզրին, ինչի նախանշաններն արդեն կան: Իհարկե, հանք շահագործելն անպայման չի նշանակում ոչնչացնել շրջակա էկոհամակարգը: Այդ ամենն անելու ավելի անվնաս տարբերակներ էլ կան: «Ամբողջ աշխարհում արդեն ընդունված է հանքերի փակ եղանակով շահագործելու տարբերակը,- ասում է տիկին Դանիելյանը: -Ավստրիայում հանք է շահագործվում անմիջապես արգելոցի տարածքում: Հանքարդյունահանումը փակ եղանակով այնպես են կազմակերպել, որ արգելոցին գրեթե վնաս չեն հասցնում: Անհրաժեշտ է այդ մեթոդը ներմուծել նաեւ Հայաստան: Դա, իհարկե, ավելի ծախսատար եղանակ է, բայց կարեւորն այն է, որ անտառ չի հատվի, եւ շրջակա միջավայրը չի վնասվի: Խնդիրն այն է, որ մեր հանքարդյունահանողներն ավելորդ ծախսեր չեն ուզում անել: Նրանք ոչ միայն չեն ուզում հանքից ստացած շահույթներով իրենց ոչնչացրած միջավայրը վերականգնել, չեն ուզում նաեւ ավելին ծախսել եւ այդ արդյունահանումը շրջակայքի համար հնարավորինս անվնաս տարբերակով կազմակերպել»:

Բնապահպանական հասարակական կազմակերպությունները երբեմն աղմուկ են բարձրացնում որեւէ հանքավայրի շահագործման կամ այլ ծրագրերի իրագործման դեմ, քանզի այդ ծրագրերի արդյունքում պետք է անտառ ոչնչացվի կամ բնությանն այլ վնասներ հասցվեն: «Վնասատու» պետական ու մասնավոր կառույցներն էլ արդարանում են, թե՝ բա էդ թանկարժեք հանքերը հո չե՞ն մնա հողի տակ, կամ էլ, թե՝ այդ ծրագրերը տնտեսական ու ռազմավարական այնպիսի կարեւոր նշանակություն ունեն, այնքան շահութաբեր են, որ արժե բնությունը ոչնչացնել: Իսկ բնապահպաններն էլ հակադարձում են՝ ասելով, թե իշխանությունները շահույթ ստանալու եւ տնտեսություն զարգացնելու համար պետք է ավելի անվնաս ու երկարաժամկետ ծրագրեր մշակեն:

«Հանքերը բացելը եւ հարստությունը վաճառելը հարստանալու ամենահեշտ ձեւերից է,- ասում է Կ. Դանիելյանը: -Բայց երկիրը դրանով չի հարստանում, դրանով հարստանում են միայն շահագործողները: Երկիրը հարստացնելու համար մեր իշխանությունները թող մտածեն էկոտուրիզմը զարգացնելու մասին: Մենք միշտ մտածել ենք, որ պետք է հարստանանք ոչ թե հանքային, այլ մտավոր ռեսուրսների շնորհիվ: Երկրի տարածքը պետք է անվնաս ձեւով օգտագործել: Եթե մենք ի վիճակի չենք այդ հանքերը շահագործել առանց բնությանը վնաս հասցնելու, ապա ավելի լավ է՝ ընդերքն առժամանակ հանգիստ թողնենք եւ շահույթ ստանալու վերգետնյա եղանակներ գտնենք: Չէ՞ որ վաղը-մյուս օրն այստեղ մեր վաղվա սերունդն է ապրելու: Ի՞նչ է ժառանգելու նա իր նախնիներից, անապատի վերածված մի հողակտո՞ր»:

Իհարկե, նրանց, ովքեր միմիայն մտածում են շատ կարճ ժամանակամիջոցում շատ արագ հարստանալու մասին, այս վտանգն ու ապագա սերունդների ճակատագիրն ընդհանրապես չի մտահոգում: Իսկ ընդերքի հարստությունն անսպառ չէ, ի վերջո, մի օր դա էլ կվերջանա: Սակայն չի կարելի թույլ տալ, որպեսզի ոչնչանա նաեւ Հայաստանի առանց այդ էլ աղքատ անտառային ծածկույթը եւ վտանգվի շրջակա միջավայրը: Այս հարցը, սակայն, ՀՀ իշխանություններին, առավելեւս՝ ՀՀ բնապահպանության նախարար Վարդան Այվազյանին, ամենաքիչն է մտահոգում: Այդ է պատճառը, որ իրար հետեւից ոչնչացվում են Հայաստանի անտառներն ու այգիները՝ դրան զուգահեռ բզկտելով ՀՀ բնական ռեսուրսները՝ հանքերը: