Մայիսի 12-ի ԱԺ ընտրություններին մասնակցության հայտ ներկայացրած կուսակցությունների եւ մեծամասնական ընտրակարգով առաջադրված թեկնածուների ցանկով թերթը մեր տանը սկսեց օգտագործվել որպես էջանիշ: Թերթի տեղաշարժի ուրվագիծն ընտանիքի անդամներին հետաքրքրում էր նույնքան, որքան տանը պտտվող երեխաների շարժման ուղղությունը: Քնելուց առաջ հաճելի է լուսամփոփի թույլ լույսի տակ «Ըստ Մատթեոսից» առաջ մեկ անգամ էլ գրիչով հաստացնել այն թեկնածուների անունները, ում ընտանիքի այս կամ այն անդամն ինքն իրեն անցողիկ է համարում, եւ սպասել ձիասպորտ հիշեցնող մայիսյան այդ միջոցառմանը, թե ո՞ւմ կանխատեսումը ճիշտ դուրս կգա: Ամեն անգամ նորովի ես ընթերցում մասնակիցների ցանկը` հույսով, թե երբ հերթական անգամ կարդաս, ասենք, Հրանտ Գրիգորյանի կամ Գագիկ Ծառուկյանի անունները, նրանց կողքին հրաշքով հայտնված կլինի որեւէ մրցակից: Ավաղ: Եվ, այնուամենայնիվ, ինչո՞ւ են Սամվել Ալեքսանյանը, Գագիկ Ծառուկյանը, Հրանտ Գրիգորյանը, Մելիք Մանուկյանը ու ՀՀԿ-ն ու ԲՀԿ-ն ներկայացնող էլի մի շարք մարդիկ ընտրություններին մասնակցում առանց մրցակցի: Այն դեպքում, երբ իրենց պատգամավորական երկարամյա կենսագրության ընթացքում խորհրդարանի ամբիոնից նրանք բառացիորեն բառ չեն ասել: Եվ նրանք ոչ միայն դարձյալ խորհրդարանում հայտնվելու հայտ են ներկայացրել, ավելի՛ն, նրանք ընտրություններին գնում են հպարտ մենությամբ` որպես իրենց ընտրատարածքի թագավոր, տեր: Նրանք համաձայն չեն, որ իրենց` ԱԺ պատգամավոր լինելու ընթացքը դադարի եւ ոչ մի վայրկյան: Այսինքն` ներկայացրեցիր փաստաթղթերդ ԿԸՀ, եւ դու արդեն պատգամավոր ես: Իսկ այս անուրախ պատկերից առաջացած ամենագլխավոր հարցը` թե ինչո՞ւ են այս թեկնածուներն ընտրություններին մասնակցում առանց մրցակցի, ուղղում ենք ընդդիմությանը: Մեծամասնական կարգով լուրջ թեկնածուներ չառաջադրած ընդդիմությունն ամեն կերպ իր պասիվությունը փորձում է արդարացնել 41-ի նախաձեռնության տապալումով, թե՝ ներեցեք, սակայն համաձայնության չեկանք բոլոր 41 ընտրատարածքներում ընդդիմադիր թեկնածուներ առաջադրելու հարցում: Իսկ թե ինչո՞ւ ընդդիմադիր կուսակցությունները 7-րդ, 20-րդ, 27-րդ, 28-րդ, 32-րդ ընտրատարածքներում թեկնածուներ չեն առաջադրել, հարցն ուղղեցինք ընդդիմադիր կուսակցություններին: «Ազգային Միաբանություն» կուսակցության առաջնորդ Արտաշես Գեղամյանը քամահրանքով ընդունեց մեր հարցը. «Այդ մասին բազմիցս ասել եմ, անցեք հաջորդ հարցին»: Մի քանի հարցերից հետո հնչեց «նպատակահարմար չենք գտել» պատասխանը: «Նախորդ ընտրությունների՞ն էլ նպատակահարմար չէիք գտել, երբ նշված օլիգարխները դարձյալ մասնակցում էին առանց մրցակցի»,- հետաքրքրվեցինք մենք: «Տեսնում եմ` դուք նրանց կենսագրություններով հետաքրքրվում եք, մենք` ոչ»: Մեր փորձը` հասկացնել, որ նրա ասածը ոչ մի ինֆորմացիա չի պարունակում, ձախողվեց. «Դուք գրեք` հասկացողը կհասկանա: Բացարձակ պարտադիր չէ, որ Գեղամյանի պատասխանները բոլոր ընթերցողները հասկանան»:
«Օրինաց երկիր» կուսակցության մամուլի ծառայության պատասխանատու Սուսաննա Աբրահամյանը մեզ փոխանցեց, որ վերոնշյալ ընտրատարածքներում ՕԵԿ-ը թեկնածու չի առաջադրել, քանի որ «կոնկրետ նշված ընտրատարածքում մենք հարմար թեկնածու չունենք»: Ինչ վերաբերում է Արթուր Բաղդասարյանի` մեծամասնական կարգով չառաջադրվելուն, ապա «դա կուսակցության քաղաքական որոշումն է»: «Իմպիչմենտ» դաշինքի նախաձեռնողներից Նիկոլ Փաշինյանը հանգիստ կարող էր դնել իր թեկնածությունը մեծամասնական կարգով, հատկապես, որ նրա` ընտրվելու հավանականությունը շատ մեծ էր: Ն. Փաշինյանն ասաց, որ հարցը քննարկվել է. «Սակայն «Այլընտրանքը» որոշել է մեծամասնական կարգով թեկնածուներ չառաջադրել, քանի որ տապալվել է 41-ի գաղափարը: Եվ հետո, մեր պայքարը չի տեղավորվում մանդատների ձեռքբերման շրջանակում: Մենք նպատակ ունենք մարդկանց վերադարձնել հրապարակ»: Ն. Փաշինյանը նկատեց, որ համամասնական կարգով ընտրություններին մասնակցելու առավելությունները զգալի են, մասնավորապես նշվեց անվճար եթերաժամի հնարավորությունը, իսկ մեծամասնականի դեպքում քաղաքական ակցիաների հնարավորությունը նեղանում է. «Մենք փորձում ենք մեր ուժերը ճիշտ տեղաբաշխել»: «Հանրապետություն» կուսակցության անդամ Սուրեն Սուրենյանցը համաձայն էր, որ անկախ թեկնածուի ով լինելուց` ընդդիմությունը պետք է այլընտրանքային թեկնածուներ առաջադրեր վերոնշյալ ընտրատարածքներում, հատկապես, եթե պարբերաբար շեշտվում է, որ ընտրությունը պատմական հնարավորություն է` փոխել թե՛ իշխանություններին, թե՛ ձերբազատվել թագավորի, տիրոջ, ֆեոդալի հանդեպ հասարակության գորովանքից. «Մեր կուսակցությունը, գիտեք, ի սկզբանե կողմ էր, որ ընդդիմությունն ընտրություններին մասնակցի 41-ի ֆորմատով, սակայն, քանի որ այդ ծրագիրը չաշխատեց, որոշում ընդունեցինք մեծամասնական կարգով չմասնակցել»: Այն, որ նախորդ խորհրդարանական ընտրություններին «Հանրապետություն» կուսակցության մեծամասնական թեկնածուն` Սմբատ Այվազյանը, հաղթեց, սակայն այս անգամ չառաջադրեց իր թեկնածությունը Սամվել Ալեքսանյանի դեմ, Ս. Սուրենյանցը բացատրեց «քաղաքական լրիվ այլ իրավիճակով»: Մեր հարցին, թե գուցե ընդդիմությունն, այնուամենայնիվ, վախենո՞ւմ է վերոնշյալ օլիգարխների հետ մրցակցելուց` նախապես գիտենալով, որ կպարտվի, հետեւեց այս պատասխանը. «Վստահեցնում եմ. այն, որ Գագիկ Ծառուկյանը կամ Սամվել Ալեքսանյանը միայնակ են ցուցակում, այդտեղ մեր վախի գործոնը հաստատ չկա: Պարզապես Հայաստանը չունի քաղաքական մշակույթ, Հայաստանը ֆեոդալական երկիր է: Եվ մենք էլ ունենք մեղքի մեր բաժինը»: Ամեն դեպքում, չսպասելով մայիսի 13-ին, մենք շնորհավորում ենք Գագիկ Ծառուկյանին, Հրանտ Գրիգորյանին, Սամվել Ալեքսանյանին, Սուրիկ Պողոսյանին, Մելիք Մանուկյանին` պատգամավոր մնալու կապակցությամբ: Իսկ ընդդիմության հետ հանդիպումը, ենթադրում ենք, տեղի կունենա դարձյալ բաց երկնքի տակ: