Ամռանը Ղարաբաղում սպասվում են խորհրդարանական ընտրություններ։ Դրա հետ կապված, վերջին ժամանակներս հանրապետության քաղաքական դաշտն աշխուժանում է։
Աշխուժությունը նկատվում էր դեռեւս 2004-ի օգոստոսին կայացած ԼՂՀ տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններից առաջ։ Այդ ընտրությունների արդյունքում Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում անսպասելի ընտրվեց ոչ թե իշխանությունների ներկայացուցիչը, այլ ընդդիմության թեկնածու Էդուարդ Աղաբեկյանը։ 2004-ի աշնանը Ղարաբաղում ընդունվեց «Կուսակցությունների մասին» օրենք, որից հետո հասարակական-քաղաքական կազմակերպությունները սկսեցին վերակազմավորվել կուսակցությունների։ Ինչպես տեղեկացանք ԼՂՀ Պետռեգիստրի բաժնում, ներկայումս գործող կուսակցություններից գրանցված են 6-ը, եւս 2-ը դիմել են գրանցվելու համար։ Նոր կուսակցությունների ի հայտ գալու պատճառներից մեկը վերջերս ընդունված Ընտրական օրենսգիրքն է։ Մինչ դրա ընդունումը օրինագծի շուրջ երկար ու լուրջ քննարկումներ են ծավալվել, որի ընթացքում հայտնվել են իրար հակասող տեսակետներ` խորհրդարանում պատգամավորական տեղերի հարաբերակցության վերաբերյալ։ Քաղաքական ուժերի մի մասը պնդում էր, որ Ղարաբաղը դեռ պատրաստ չէ համամասնական ընտրակարգին անցնելու, մյուսը` որ պետք է ունենալ 100%-անոց համամասնական պառլամենտ։ Արդյունքում խորհրդարանական երկու խմբակցությունները («Ժողովրդավարական Արցախ» միություն (ԺԱՄ) եւ ՀՅԴ) եկան համաձայնության, որ անհրաժեշտ է պատգամավորական տեղերի երկու երրորդն ընտրել մեծամասնական, իսկ մեկ երրորդը` կուսակցական ցուցակներով։ Դա ամրագրվեց օրենսգրքում եւ շատերի մոտ կուսակցություն ստեղծելու գայթակղություն առաջացրեց։
2005-ը սկսվեց նոր կուսակցությունների ստեղծմամբ եւ կայացած քաղաքական ուժերի հայտարարություններով։
Հունվարին քաղաքական ասպարեզում հայտնվեց «Մեր տունը Հայաստանն է» կուսակցությունը, որի ղեկավար, ԱԺ պատգամավոր Արարատ Պետրոսյանը հայտարարեց, թե կուսակցության տեղն իշխանությունների կողքին չէ։
Նույն ժամանակաշրջանում կուսակցություններ դարձան ԺԱՄ եւ «Շարժում-88» հասարակական-քաղաքական կազմակերպությունները։ ԺԱՄ-ը, որը գործող իշխանությունների քաղաքական հենարանն է եւ խորհրդարանում ճնշող մեծամասնություն ունի, վերանվանվեց Արցախի Ժողովրդավարական կուսակցություն (ԱԺԿ)։ Հիմնադիր համագումարում հայտարարվեց, որ կուսակցությունն իր վրա է վերցնում իշխանությունների գործունեության պատասխանատվությունը։ ԱԺԿ-ին միացավ հանրապետությունում քաղաքական դեր չունեցող Սոցիալ-Դեմոկրատական կուսակցությունը, որի նախագահ Արկադի Սողոմոնյանը ղեկավարում է ԱԺ Վերահսկիչ պալատը։ Խորհրդարանական մյուս խմբակցությունում ներկայացված է ՀՅԴ-ն, որը 33-տեղանոց պառլամենտում 8 պատգամավոր ունի։ Եթե մինչ օրս նա հանդես էր գալիս որպես կառուցողական ընդդիմություն, ապա վերջին շրջանում երկրի նախագահի կողմից իրականացված կադրային փոփոխություններից հետո (աշխատանքից ազատվել է ԼՂՀ միակ դաշնակցական նախարար Արմեն Սարգսյանը) ՀՅԴ-ն հայտարարել է, որ դառնում է «իսկական» ընդդիմություն։
Հունվարի վերջին քաղաքական դաշտում երեւան եկած «Ազատ Հայրենիք» կուսակցությունը նույնպես հավակնում է առաջնային դեր ունենալ հասարակական եւ քաղաքական գործընթացներում։ Ըստ վերլուծաբանների` կուսակցությունն իշխանամետ դիրք կզբաղեցնի։ Համենայնդեպս` հիմնադիր համագումարում ԱՀ-ն իրեն աջ կենտրոնամետ է հայտարարել։ Կուսակցության համանախագահներ են` Արցախի պետհամալսարանի դասախոսներ եւ երկու հաջողակ գործարարներ։
«Սոցիալական արդարություն» կուսակցության (նախագահ` Կարեն Օհանջանյան) եւ Արցախի Կոմկուսի քաղաքական դիրքորոշումներն առայժմ պարզ չեն։ Սակայն դրանք հազիվ թե հայտնվեն ընդդիմության ճամբարում։
«Շարժում-88»-ը, որը ղեկավարում է Ստեփանակերտի քաղաքապետ Էդուարդ Աղաբեկյանը, չեզոք դիրք է գրավում` ո՛չ իշխանամետ, ո՛չ ընդդիմադիր։ Նախընտրական պայքարում «Շարժում-88»-ը չի ընկալվում որպես ֆավորիտ, բայց քաղաքագետները միշտ չէ, որ խաղագումարը դնում են ֆավորիտների վրա։
Ղարաբաղում սպասվում է թեժ ընտրապայքար։ Դրան, բնականաբար, պատրաստվում են եւ՛ ընդդիմադիր քաղաքական ուժերը, եւ՛ իշխանությունները, որոնք մոբիլիզացնում են բոլոր ռեսուրսները։