«Միայն Աստվածաշունչ կարդալիս եմ ինձ ուժեղ զգում»

13/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Հայկանուշ Սահակյանն աղջկա հետ բնակվում է Դաշնամուրի գործարանի հարակից տարածքում գտնվող փախստականների հանրակացարանում: Սենյակում ոչ մի պատահական իր չկա, ինչ էլ կա՝ այնքան խնամքով ու կոկիկ է դասավորված, որ տեղաշարժվելիս աշխատում ես ոչնչի չդիպչել:

Հարեւանուհին վերջերս ծննդաբերել է, սակայն հիվանդանոցից երեխային տուն բերելու համար հագուստ չի ունեցել: «Շատ ծանր վիճակում էի, պատկերացրե՛ք, որ երեխային տուն հասցնելու շոր չկար: Հայկանուշն իմացել, շոր էր գնել ու հասցրել էր: Հետո, երբ եկանք տուն՝ տաշտակ չկար, որ նորածին երեխային լողացնեի: 12.000 դրամ թոշակը ստացել, 5000 դրամ տվել՝ տաշտակ էր գնել: Շատ մեծ սիրտ ունի, բոլորին օգնում է, բայց ամենաշատն ինքն օգնության կարիք ունի»,- պատմում է նույն շենքում բնակվող կինը, ով զարմանում է, որ մեր օրերում կան նման մեծահոգի մարդիկ: Մեկ ուրիշն էլ պատմում է, որ տիկին Հայկանուշի կաթսայում եղածը մշտապես կիսվում է կերակուր չունեցող հարեւանների հետ: «Դե՛, հասկանո՞ւմ եք, էստեղ չունեւոր մարդիկ շատ-շատ են: Չունեւորներից մեկն էլ ինքն է, բայց իր եղած մի փոքր բանն էլ կիսում է մեզ հետ»,- տիկին Հայկանուշի բարեհոգության մասին անպայման ուզում են պատմել նրա հարեւանները:

Տիկին Հայկանուշի փոքրիկ, խոնավ ու թաց պատերի գորշությանը փոքր-ինչ կենդանություն են հաղորդում աղջկա՝ Աննայի փափուկ խաղալիքները: 12-ամյա Աննայի համար մայրը մինչ օրս ոչինչ չի գնել, որովհետեւ դեղորայքի եւ օրվա հացի համար պահանջվող գումարը սահմանափակում է մարդու համար կյանքը գոնե մի քիչ հաճելի դարձնելու անհրաժեշտությունների վրա ծախսելը: Աննան երբեւէ նոր հագուստ չի ունեցել, մշտապես հագել է ուրիշների համար արդեն ոչ պիտանի շորերը: «Դասարանցիներիցս շատ եմ ամաչում, որովհետեւ բոլորն այնքան գեղեցիկ ու թարմ են հագնվում»,- երկար համոզելուց հետո մի քիչ կիսվում է Աննան, ով այնքան նուրբ ու սպիտակամաշկ է, որ դժվար է հավատալ, թե աղջիկը գոյատեւում է դեղահաբերի օգնությամբ: Աննան եւ մայրը՝ տիկին Հայկանուշը, հաշմանդամություն ունեն: Մայրը գեմատոմայով հիվանդ է, գլխի վիրահատություն է տարել, ինչի արդյունքում ամբողջ մարմինը կծկվում է ու աննկարագրելի ցավեր է ունենում: Ասում է՝ «Մի ձեռքս ընդհանրապես անշարժ է, չի աշխատում: Ստիպված հանգստացնող դեղորայք եմ խմում, այլապես ցավից կոռնամ»: 6-րդ դասարանցի Աննան առողջ է ծնվել, սակայն սենյակի խոնավությունից հիվանդացել է բրոնխիալ ասթմայով: Տիկին Հայկանուշը դիմել է Տարածքային կառավարման նախարարության Միգրացիոն գործակալության պետ Գագիկ Եգանյանին՝ խնդրելով թույլ տալ տեղափոխվել հարակից սենյակներից մեկը, որտեղ անհամեմատ լուսավոր է եւ խոնավություն չկա: Սակայն մերժվել է առանց պատճառաբանության: Մինչդեռ տիկին Հայկանուշն ասում է, որ հանրակացարանում շատ ազատ սենյակներ կան: Աննան սովորում է գերազանց գնահատականներով եւ երազում է բժշկուհի դառնալ: Ընտրել է այդ մասնագիտությունը, որպեսզի հիվանդ մարդկանց օգնի, որովհետեւ ինքն էլ օգնության կարիք ունի ու շատ լավ հասկանում է նման մարդկանց ապրումները: «Աղջի՛կս, օրագիրդ բեր՝ թող տեսնեն, թե ոնց ես սովորում»,- քնքշորեն ասում է մայրը: «Մա՛մ, լավ, ի՞նչ կարիք կա»,- ասում է ու ուշադիր զննում, թե որքանով է մոր առաջարկն ինձ դուր գալիս: Ասում եմ՝ «Հա՛, եթե դեմ չես՝ նայենք օրագիրդ»: Աննան հնամաշ իրերի կույտերի արանքից դուրս է հանում օրագիրն ու դնում սեղանին: Ասում եմ՝ «Էս ինչ գեղեցիկ ձեռագիր ունես, փաստորեն միայն 5-եր ես ստանում»: «Հա՛, ես սիրում եմ գեղեցիկ գրել: Գեղեցիկ էլ կարդում եմ, նույնիսկ մտքիս մեջ կարդալիս առոգանությամբ եմ կարդում»,- շոյվելով ասում է նա ու ավելացնում, որ գեղարվեստական գրքեր կարդալ շատ է սիրում, բայց իր ամենասիրելի գիրքը Նոր կտակարանն է: Ասում է՝ «Դե՛, երբ Աստվածաշունչ ես կարդում՝ ուժեղանում ես, ճիշտ ես ապրում: Ես շատ եմ ընկճվում, որ հիվանդություն ունեմ, բայց Աստվածաշունչ կարդալիս ինձ ուժեղ եմ զգում»: 12 տարեկան աղջիկն իր տարիքի համեմատ շատ խելացի եւ խոր մարդ է: Նրա ծննդյան օրն ապրիլի 7-ն է: Ասում է՝ «Ծննդյանս օրվա ամենալավ նվերն այն կլիներ, որ մամաս երջանիկ լիներ, կուզեի ամեն ինչ անել, որ իրեն լավ զգար: Շատ մեծ հույսեր է կապում ինձ հետ: Երբ վատանում եմ՝ ջերմությունով ինձ ուղարկում է դպրոց, որ հանկարծ դասերից հետ չմնամ: Կուզեի չհիասթափեցնել իրեն, որովհետեւ, կարծես ինձ համար է ապրում, իսկ իր կյանքի համար չի մտածում»: Մայր ու աղջիկ գոյատեւում են, երկուսի թոշակը միասին՝ 12.000 դրամով եւ «Փարոսի» 12.000 դրամ նպաստով: «Դեղեր կան՝ անվճար են տալիս, իսկ որոշներն էլ առնում եմ: Փառք Աստծո, յոլա ենք գնում, ես լաց լինողներից չեմ: Կարգավորում ենք մեր կյանքն ու մեր վիճակի համար որեւէ մեկին չենք մեղադրում»,- ասում է տիկին Հայկանուշն, ով ամենաշատը վիրավորված է Շենգավիթի թաղապետարանի աշխատակիցներից: Ամառային արձակուրդների ժամանակ նա դիմել է թաղապետարան՝ խնդրելով միջամտել, որպեսզի հիվանդ երեխան Դիլիջանի հանգստավայրում մի քանի օր անցկացնի: Բրոնխիալ հիվանդների համար այնտեղի բնաշխարհը նպաստավոր է, եւ նման պայմաններում վերոնշյալ հիվանդությունն ունեցող մարդիկ ժամանակավորապես իրենց լավ են զգում: «Չեք պատկերացնում՝ ինչքան էինք վիրավորվել, որովհետեւ էնքան ստորացած զգացինք մեզ: Դիմումի պատասխան էին ուղարկել, թե ձեր երեխան վարակիչ հիվանդ է, եւ չենք կարող մյուս երեխաների հետ ուղարկել հանգստանալու: Դե՛, պատկերացրեք, թե աղջիկս ինչքան վատ զգաց, բայց նա վարակիչ չէ, պարզապես դիսպանսեր բուժվող հիվանդ է»,- զայրույթն ինչ-որ չափով զսպելով պատմում է նա՝ ասելով, որ դրանից հետո որեւէ մեկին ինչ-որ հարցով չի դիմել, քանի որ մշտապես ստորացնում են իրենց: Աննան լուռ լսում է մորն ու ամոթից գլուխը կախում է: «Ճիշտն ասած, երեխաս շատ է քաշվում: Ինձ ասում է՝ մամա, ի՞նչ կլինի, ուրիշների մոտ մի ասա, որ ես հիվանդություն ունեմ, ես վախենում եմ, որ ինձ ուրիշ աչքով կնայեն»,- ասում է տիկին Հայկանուշն, ում խոսքերն Աննային ցավ են պատճառում, ու նա աչքերը լցնում է: Տիկին Հայկանուշը շատ է վախենում աղջկա անորոշ ապագայի համար: «Էսքան քիմիա խմելուց հետո երեխայիս ապագան ի՞նչ պիտի լինի: Ես սենց կիսատ-պռատ մամա եմ, բայց ինքը կկարողանա՞ մայր դառնալ: Ես խղճի գիժ կին եմ, սիրում եմ մեզ նեղություն տալով՝ նեղն ընկած մարդկանց օգնել, իսկ երեխայիս հարցում անօգնական եմ»: