Ըստ «Forbs» ամսագրի դոլարային միլիարդատերերի ցուցակում ռուսաստանցիների ներկայացուցչությունը 2006թ. կտրուկ աճել է եւ առաջին անգամ գերազանցել է 50-ը: Այսպիսով, ամենահարուստ ռուսաստանցին դարձյալ Չուկոտկայի Ինքնավար Մարզի նահանգապետ Ռոման Աբրամովիչն է, որը 18,7 միլիարդ դոլար կարողությամբ զբաղեցրել է 16-րդ տեղը: «Սբերբանկի» եւ «Գազպրոմի» բաժնետոմսերում կատարված հաջող ներդրումները ռուսաստանցիների մեջ երկրորդ տեղ են դուրս բերել միլիարդատեր Սուլեյման Քարիմովին (14,4 միլիարդ դոլար, 35-րդ տեղն ընդհանուր վարկանիշում): Երրորդ հորիզոնականում է ՆԼՄԿ-ի վերահսկող բաժնետեր Վլադիմիր Լիսինը (14,3 միլիարդ դոլար, 36-րդ տեղ), այնուհետեւ գալիս են «Ինտերրոս» մայր ընկերության համասեփականատերեր Վլադիմիր Պոտանինը եւ Միխայիլ Պրոխորովը, որի կարողությունն ավանդաբար գնահատվում է նույն մեծությամբ (13,5 միլիարդ դոլար, 38-39 տեղեր): Ռուսաստանցիների մեջ միայն վեցերորդ տեղն է զբաղեցրել «ԲազԷլայի» սեփականատեր Օլեգ Դերիպասկան (13,3 միլիարդ դոլար, 40-րդ տեղ), որին «Ֆինանս» հանդեսը առաջին տեղն է հատկացրել միլիարդատերերի իր վարկանիշում: Աշխարհի առաջին հարյուրյակի մեջ ռուսաստանցիներից մտել են նաեւ Միխայիլ Ֆրիդմանը (12,6 միլիարդ դոլար, 45-րդ տեղ), Վագիթ Ալեքպերովը (12,4 միլիարդ դոլար, 48-րդ տեղ), Ալեքսեյ Մորդաշովը (11,2 միլիարդ դոլար, 54-րդ տեղ), Վիկտոր Վեքսելբերգը (10,4 միլիարդ դոլար, 61-րդ տեղ), Վլադիմիր Եվտուշենկովը (9,1 միլիարդ դոլար, 71-րդ տեղ), Նիկոլայ Ցվետկովը (8,4 միլիարդ դոլար, 83-րդ տեղ), Գերման Խանը (8 միլիարդ դոլար, 86-րդ տեղ), Իսկանդեր Մահմուդովը (8 միլիարդ, 93-րդ տեղ): Միլիարդատերերի գլոբալ ցուցակը 13-րդ անգամ անընդմեջ գլխավորել է «Microsoft» կորպորացիայի հիմնադիր Բիլ Գեյթսը (56 միլիարդ դոլար): Երկրորդ տեղում է ամերիկացի ներդրող Ուորեն Բաֆետը՝ 52 միլիարդ դոլար, երրորդում՝ մեքսիկացի արդյունաբերող Կառլոս Սլիմը (49 միլիարդ դոլար), չորրորդում՝ IKEA առեւտրական հսկայի սեփականատեր շվեդ Ինգվար Քամպրադը (33 միլիարդ դոլար), հինգերորդում՝ Հնդկաստանից պողպատաձուլական մագնատ Լաքշմի Միթալը (32 միլիարդ դոլար):