Օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու համար

13/03/2007

– Դաղձի թուրմի, կիտրոնի հյութի եւ մեկ թեյի գդալ մեղրի խառնուրդից պատրաստած ըմպելիքի ամենօրյա առավոտյան օգտագործումը կերկարացնի ձեր երիտասարդությունը, կազատի ձեզ ենթաստամոքսային գեղձի եւ լեղապարկի խնդիրներից՝ կանխելով քարերի գոյացությունը։

– Ձմռանն օրգանիզմի դիմադրողականությունը բարձրացնելու նպատակով օգտագործեք կիտրոնայուղ. կիտրոնը 1-2 րոպե պահել եռջրի մեջ, ապա կեղեւի հետ միասին մսաղացով աղալ, ավելացնել 100 գ սերուցքային կարագ, 1-2 ճաշի գդալ մեղր, լավ խառնել։ Պահել սառնարանում։

– Ըստ մասնագետների՝ սննդում կծու պղպեղի չափավոր օգտագործումը բարձրացնում է օրգանիզմի դիմադրողականությունը։ Հայտնի է նաեւ դրա՝ թոքերը կուտակված լորձերից մաքրելու օժտվածությունը։

– Վարդագույն ռոդիոլա կամ ոսկե արմատ։ Այս բույսին հատուկ տեղ է տալիս տիբեթական բժշկությունը։ Ռոդիոլան օժտված է խթանող ազդեցությամբ, կարող է բարձրացնել օրգանիզմի դիմադրողականությունը անբարենպաստ եղանակի ներգործության, սթրեսների, հիվանդությունների ժամանակ։

Ռոդիոլայի պատրաստուկները կարգավորում են նյարդային համակարգի գործունեությունը նեւրոզների, գերհոգնածության դեպքում։ Պետք է հիշել, գերդոզավորումը կարող է հանգեցնել հակառակ արդյունքի՝ քնկոտության, աշխատունակության նվազման։

Հիպերտոնիկ հիվանդներին խորհուրդ չի տրվում։

– Ժենշենի ոգեթուրմ. մանրացրած արմատի վրա ավելացնել 70 աստիճանի սպիրտ (10 գ ժենշենին՝ 100 մլ սպիրտ), թրմել 2-3 շաբաթ, ապա քամել եւ օգտագործել 5-20 կաթիլ՝ օրը մեկ-երկու անգամ՝ մինչեւ ուտելը։