Եվս մեկ զոռբայություն

10/05/2005 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

«Էներգոցանցշին» ընկերությունը 1998թ. սեփականաշնորհել է նախկին տնօրեն Լավրենտ Միքայելյանը: Նրան են պատկանում նաեւ հանրակացարանի Բաբայան փողոցի հատվածը, որտեղ 1992 թվականից բնակվում են փախստականներ: Լավրենտ Միքայելյանը սեփականացրել է նաեւ նկուղային հարկը եւ ճաշարանը: Ճակատային մասում շենքն ունի ճարտարապետական հատուկ լուծում՝ թեքությամբ կտրված է եւ պատշգամբը կամարակապ է: Հենց այդ հատվածում Լավրենտ Միքայելյանին պատկանող «Նարեկ» ՍՊԸ-ն իրականացնում է շինարարական աշխատանքներ, իր իսկ ասելով` «ճաշարանի տեղում կառուցում են շինանյութերի խանութ»: Մայթի լայնությունն այդ մասում մոտ 7 մետր է, երկարությունը՝ մոտ 20մ, որից 4,90/19,5 մ հատվածում, ըստ նախագծի, «Նարեկ» ՍՊԸ-ն պետք է կառուցի նկուղային հարկ ունեցող հարթակ: Այս նույն չափերով եւ 3,5մ խորությամբ արդեն փոս է փորվել եւ շենքի հիմքը գրունտից ազատվելուց հետո ամբողջությամբ բացվել է: Բնակիչների բողոքից հետո Քաղաքաշինական պետական տեսչությունը (ՔՊՏ) ուսումնասիրություն է կատարել: 08.12.04թ. կազմած եզրակացության համաձայն, փոսորակի այդ նիշն ավելի ցածր է հիմնատակից եւ վտանգավոր իրավիճակ է ստեղծել շենքի համար: Քաղաքաշինության տեսչությունն այս եզրակացությունն ուղարկել է քաղաքապետ Երվանդ Զախարյանին՝ կից նշելով. «Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ առաջադրանքը տրվել է եւ նախագիծը մշակվել է առանց շենքի տեխնիկական վիճակի հետազոտման, նախագծի տեխնիկական մասը մշակվել է թերի, բացակայում են շենքի հիմքերի ուժեղացման միջոցառումները եւ այլն: Հայտնելով այս մասին, խնդրում ենք Ձեր հանձնարարականը դադարացնելու ինքնակամ շինարարությունը, քննարկել ուսումնասիրության արդյունքները եւ համապատասխան ընթացք տալ»:

Քաղաքապետն ընդամենն այս դիմումը մակագրել է իր ենթակա Քաղաքաշինության եւ հողի վերահսկողության վարչությանը: Վարչության պետ Գ. Խանգելդյանն էլ պատասխանել է, թե իրենց վարչությունը որեւէ առնչություն չունի այդ աշխատանքների հետ: Ու գործն այդպես էլ փակվել է: Իրականում պատասխանը պետք է տար քաղաքապետարանի Ճարտարապետության եւ քաղաքաշինության վարչությունը: Պարոն Զախարյանը լավ չի՞ իմացել իր ենթակա կառույցների պարտականությունները, թե՞ դիտմամբ է այլ ուղղությամբ մակագրել: Այնուամենայնիվ, քաղաքապետարանի համար հիմք է հանդիսացել նախագծող ճարտարապետի երաշխավորագիրը: Այսինքն, նախագծողը բարձր է գնահատել իր կատարած աշխատանքը եւ քաղաքապետն էլ դա ի գիտություն է ընդունել: Ընդամենը:

– Քանի որ քաղաքապետարանից համապատասխան քայլեր չձեռնարկվեցին, բողոքող բնակիչներին առաջարկեցինք, եթե եղած գործառույթների հետ համաձայն չեն, դիմեն դատարան: Ես գտնում եմ, որ նման սկզբունքով կազմված նախագիծը եւ իրականացվող շինարարությունը խոչընդոտ կառաջացնեն շենքի հետագա անվտանգ շահագործմանը,- մի անգամ եւս ընդգծեց ՔՊՏ Ընդհանուր վերահսկողության բաժնի պետ Յուրի Մատինյանը: -Գործող կարգերի համաձայն, ինքնակամ իրականացվող շինությունների կասեցման գործընթացը դրված է Երեւանի քաղաքապետի վրա:

Քաղաքապետարանը շինարարության նախագիծը հաստատելուց առաջ նույնիսկ հարկ չի համարել թաղապետարանի միջնորդագիրն ունենալ: Արաբկիրի թաղապետարանի Ճարտարապետության բաժնի պետ Մհեր Մանթաշյանի ասելով` իրենք իրավասու չեն քաղաքապետարանի որոշումը չեղյալ համարել, եթե նույնիսկ Քաղաքաշինական տեսչության բացասական եզրակացությունը լինի: Արաբկիրի թաղապետ Լ. Հարությունյանին գրավոր դիմեցինք՝ համապատասխան փաստաթղթերը ստանալու համար: Չգիտես ինչու, մեր գրությունը հասավ նրա տեղակալի՝ Է. Մուշեղյանի մոտ՝ «Կյաժ Էդո» մականունով, որն էլ անջատելով եւ հետ հրելով ձայնագրիչը, չգիտես ինչու՝ բղավում էր մոտավորապես այսպես. «Սեփականատերն ունի բոլոր պահանջվող փաստաթղթերը, թաղապետարանն իր թույլտվությունը տվել է, ուրիշ ի՞նչ եք ուզում… Մենք ձեզ ասելու ոչ մի բան չունենք, փաստաթղթերն էլ Ձեզ չենք կարող ցույց տալ»: Իրեն երեւի թաղապետի տեղ է դրել: Թերեւս ճիշտ են քաղաքացիների այն բողոքները, որ վերոհիշյալ տեղակալը իրեն իրավունք է վերապահում քաղաքացիներին թաղապետարանից դուրս վռնդել:

Զանգահարեցինք թաղապետ Լ. Հարությունյանին, որի հանձնարարությամբ նյութերը տրամադրվեցին: Այս օրերին «Նարեկ» ՍՊԸ-ն լայն թափով շինարարություն է իրականացնում: Բնակիչներից մեկը դժգոհում էր, թե արդյունքում վնասել են իր կողմից վերանորոգված մուտքը եւ չեն փորձում վերականգնել: Ազատության փողոցից շենքի նկուղային հարկում սեփականատեր Լավրենտ Միքայելյանը մեկ ուրիշ տարածք էլ ունի, որտեղ պետք է բիստրո կառուցի: Այդ մասում մուտքի համար փոս է փորվել եւ երկար ժամանակ այդպես քանդած վիճակում է: Բնակիչները դժգոհում են, թե այդ մասով անձրեւաջրերն ու հալոցքաջրերը հոսում են շենքի տակ եւ ստեղծում վտանգավոր իրավիճակ: Կառուցում են՝ լավ են անում, բայց թող քաղաքը չապականեն եւ բնակիչների իրավունքները չոտնահարեն:

– Անցած տարի վերանորոգեցի իմ բնակարանը, բայց խոնավությունից ամբողջ ներկը թափվեց,- բողոքում էր մեկը: -Հետո այդ նկուղ լցվող ջրից էս շենքը մի օր նստելու է: Իրեն ի՞նչ կա, մի քանի տեղով տուն ունի, մենք էս մի քանի քառակուսի մետրի հույսին ենք:

Շենքի հետ կատարվող փոփոխությունների մասին բնակիչներին տեղյակ չեն պահել: ՀՀ Քաղաքացիական օրենսգրքի 224 հոդվածի համաձայն` բազմաբնակարան շենքի սեփականատերերին ընդհանուր սեփականության իրավունքով պատկանում են նաեւ շենքի կրող կառույցները, եւ առանց բնակիչների համաձայնության որեւէ մեկն իրավունք չունի տնօրինելու այդ տարածքները: Այս դեպքում Լավրենտ Միքայելյանը բնակիչներից ոչ մեկի համաձայնությունը չի ունեցել:

– Ինչո՞ւ պիտի համաձայնեինք,- դժգոհում էր մի բնակիչ: -Մի սենյակում ապրում ենք ես, կինս ու երեք չափահաս երեխաներս: Էդ ազատ սենյակները մեզ էին հասնում: Ես էներգետիկ բնագավառում երկար տարիների շինարար եմ եղել: Բերեց իր բարեկամներին ձեւակերպեց իր մոտ ու բոլորին 2-2 սենյակներ տվեց, մի մասն էլ ծախեց, մեծ մասն էլ ինքը սեփականացրեց: Գոնե նկուղային հարկից մի-մի փոքր հատված մեզ տային: Հիմա էլ բիստրո է կառուցում, զվարճանքի վայր է անում, մայթը ավտոկանգառ է օգտագործում: Մեզ շարժվելու ոչ մի հնարավորություն չի թողել: Բակն էլ փակել է երկու մեծ ավտոտնակներով:

Իսկ պարոն Միքայելյանը բոլորովին այլ կարծիք ուներ: Ի դեպ, նա նույնպես թույլ չտվեց ձայնագրել իր խոսքը.

– Ես ոչ մի բարեկամ չունեմ այստեղ, ոչ մի սենյակ էլ չեմ ծախել: Բնակիչներ են, էլի, տեսնում են կողքից մի բան ենք սարքում, բողոքում են, բա թողենք քանդա՞ծ: Մի քանի ամիս հետո կգաք, կտեսնեք, թե այս շենքի շրջակայքը ինչքան եմ սիրունացնելու: Էս հանրակացարանի փախստականներին ես եմ պահում, ջրի ու լույսի վարձն էլ ես եմ տալիս: Կապրեն, մինչեւ տուն կստանան:

Բաքվից 1992թ. փախած տիկին Սիրանուշն իր աղջկա ընտանիքի հետ ապրում է այդ հանրակացարանում: Անցած տարիներին սեփականատերը նրանց ստիպել է ազատել զբաղեցրած տարածքները. «Բայց մենք բողոքեցինք Փախստականների կոմիտե, ու հիմա ոնց որ հանգիստ են թողել: Հոսանքի վարձը մենք ենք վճարում, առանձին հաշվիչ ունենք»:

Լ. Միքայելյանին տվյալ դեպքում չի հուզում, որ տարածքը սեփականաշնորհելուց հետո սեփականատերը պարտավոր է իր հաշվին փախստականներին ապահովել բնակարանային պայմաններով: Նա որոշել է սպասել, մինչեւ պետությունը կլուծի այդ խնդիրը: Նա խոսակցության ընթացքում տեղեկացրեց, որ մինչեւ 1997թ. Ղարաբաղում Ռոբերտ Քոչարյանի հետ աշխատել է: Իսկ ՔՊՏ Ընդհանուր վերահսկողության բաժնի պետ Յու. Մատինյանը փորձում էր հավատացնել, թե իրենք, այնուամենայնիվ, նորից ստուգումներ են անցկացնելու եւ խախտումներ հայտնաբերելու դեպքում անպայման համապատասխան միջոցներ են ձեռնարկելու: Իսկ պատրա՞ստ է արդյոք Քաղաքաշինական տեսչությունն առճակատման գնալ հզոր հովանավորներ ունեցող Լ. Միքայելյանի եւ քաղաքապետարանի հետ. «Մենք պարտավոր ենք այդ գործը կատարել: Կարծում եմ, մի ամսվա ընթացքում համապատասխան ձեւակերպումները կտանք»,- ասաց նա: