Ստամբուլի Սուրբ Մարիամ Աստվածածին հայկական եկեղեցու բակում ատրճանակից օդ կրակելու համար անվտանգության տնօրինության կողմից ձերբակալված 19-ամյա Վոլքան Ք.-ն հայտարարել է, որ «գնացել էր սպանելու թուրքահայության պատրիարք Մեսրոբ Բ Մութաֆյանին»: Թուրքական «Զաման» թերթի փոխանցմամբ, ոստիկանությունը երկու կասկածյալներ Վոլքան Ք.-ին եւ Յըլմազ Ջան Օ.-ին ձերբակալել է՝ «սպառնալիքի նպատակով օդ կրակելու» եւ «անօրինական զենք կրելու» հիմնավորմամբ: Վերջիններիս նկատմամբ դատական գործ է հարուցվել, եւ նրանք ուղարկվել են մեկուսարան: Հարցաքննության ժամանակ Վոլքանն ասել է, որ եկեղեցի էր գնացել Մեսրոբ Բ-ի հետ հանդիպելու պատրվակով՝ նրան սպանելու համար, սակայն, սպասավորի՝ իր վրա հասնելու պատճառով, շփոթմունքից օդ է կրակել: Յըլմազն էլ ասել է, որ եկեղեցի է գնացել Վոլքանին օգնելու համար, քանի որ նրան փող էր պարտք, իսկ վերջինս խոստացել էր 1500 ՆԹԼ (մոտ 1000 դոլար) տալ իրեն: