ՀՅԴ-ն իշխանափոխության կոչ է անում

10/03/2007 Ռաֆայել ԹԵՅՄՈՒՐԱԶՅԱՆ

ԱԺ առաջիկա ընտրությունն առանձնահատկություններ ունի: Դրանցից մեկն, ըստ ԱԺ փոխխոսնակ, ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի՝ այն է, որ առաջիկա ընտրությունը նախագահի ընտրության «նախաշեմ է»: Նրա խոսքերով՝ կան նաեւ լոկալ առանձնահատկություններ, տեխնոլոգիական առանձնահատկություններ:

«Հատկապես նոր կուսակցությունների, բոլորովին նոր կուսակցությունների մասնակցությունը, ասենք՝ «Բարգավաճ Հայաստան» կամ «Դաշինք», որոնք դեռեւս հայտնի չեն հասարակությանն իրենց գործունեությամբ՝ քաղաքական գործունեության մեջ դեռեւս հետք չեն թողել, եւ այդ առումով նոր են: Սա էլ առանձնահատկություն է»,- գտնում է ԱԺ փոխխոսնակը: Վերջինս չի կարծում, թե խորհրդարանի ընտրություններում հիմնական պայքարը լինելու է ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ: ՀՅԴ Բյուրոյի անդամը չի վստահում այն սոցիոլոգիական հարցումներին, որոնց համաձայն՝ այդ կուսակցություններն ունեն առաջատար վարկանիշ, իսկ, օրինակ, ՀՅԴ-ի վարկանիշը 10%-ից չի անցնում: ՄԱԱ-ում Վ. Հովհաննիսյանը երեկ հայտարարեց, թե դրանք ծախու սոցիոլոգներ են, ովքեր ՀՅԴ-ին էլ են ծառայություն առաջարկել, սակայն ՀՅԴ-ն մերժել է: Առաջիկա ընտրության մյուս առանձնահատկությունն էլ, որը Վ. Հովհաննիսյանը որակեց «բավականին անդուր առանձնահատկություն», անձնագրերի կամ անձնագրերի համարների հավաքագրումն է: «Միջազգային պրակտիկայում սա ընդհանրապես համարվում է հանցագործություն»,- նշեց Աժ փոխնախագահը: Իսկ ինչո՞ւ մեր իրավապահները չեն կանխում այդ մասսայական երեւույթը: Չե՞ն ուզում, թե՞ չգիտեն այդ մասին: Ի պատասխան այս հարցերի, Վ. Հովհաննիսյանը նշեց, թե երեւույթը միջազգային առումով է հանցագործություն, իսկ Հայաստանում «հստակ նորմեր չկան»: Ըստ նրա, իրավապահները լավ էլ գիտեն տեղի ունեցող երեւույթի մասին, բայց չեն կանխում, որովհետեւ կոնկրետ բողոքներ չկան: «Իրավապահ մարմինները, ես վստահ եմ, որ տեղյակ են այդ պրակտիկայի մասին, բայց եթե մարդը չի բողոքել, մարդիկ պետք է բողոքեն, որ, օրինակ, եկան թաղապետարանից եւ սկսեցին մեզ հերթագրել, լուսանկարել եւ այլն: Եթե այդ բողոքն առկա չէ, մնացածը մնում է ասեկոսեների մակարդակի վրա»,- հայտարարեց Վ. Հովհաննիսյանը: Իսկ 2007-ի ընտրության մեկ այլ առանձնահատկության՝ զանգվածային «բարեգործության» մասով էլ ՀՅԴ Բյուրոյի անդամը նշեց, թե բարեգործությունը պետք է լինի անվարձահատույց, եւ եթե ինչ-որ մեկը վերելակ է նորոգում, ապա պետք է դա անի ոչ այն ակնկալիքով, որ այդ վերելակից օգտվողները ձայն տան իրեն: «Մանավանդ, երբ դու դա անում ես ոչ այնքան մաքուր կերպով աշխատած փողերով»,- ընդգծեց նա:

Կորչե՛ն իշխանությունները

Նախօրեին ԱՄՆ Պետդեպարտամենտը հրապարակել է 2006թ.-ին աշխարհում մարդու իրավունքների պաշտպանության վերաբերյալ հերթական զեկույցը, որի՝ Հայաստանին վերաբերող հատվածում ասվում է, թե ժողովրդին հնարավորություն չի տրվում փոխել իշխանությունը: Երեկ Վ. Հովհաննիսյանը հրաժարվեց մեկաբանել այդ զեկույցը եւ մասնավորապես զեկույցի վերոնշյալ դրույթը՝ ասելով, թե ծանոթ չէ դրան, իսկ լրագրողների մեջբերումը կարող է աղավաղված լինել: Սակայն ԱԺ փոխխոսնակը երեկ հայտարարեց բառացիորեն հետեւյալը. «Ես չեմ խոչընդոտում ժողովրդի կողմից իշխանափոխությանը, ես կոչ եմ անում իշխանափոխության: Ես այդ կոչն արել եմ միշտ: Իշխանափոխությունն արդար ճանապարհով, իշխանափոխությունն ընտրության ճանապարհով, առանց հիստերիկայի ու բախումների, նորմալ, բնական երեւույթ է: Եվ եթե ժողովուրդը գտնում է, որ իշխանափոխություն է պետք, ապա պետք է անի՝ չսպասելով՝ թույլ կտա՞ն, թե՞ ոչ»: Իսկ հարցին, թե հավաստի՞ են արդյոք տեղեկությունները, որ բանակցություններ են ընթանում ՀՅԴ-ի ու ԲՀԿ-ի միջեւ՝ խորհրդարանում ավելի շատ տեղեր ստանալու եւ Ռոբերտ Քոչարյանի հենարանը դառնալու համար, Վ. Հովհաննիսյանը պատասխանեց շատ կարճ՝ ոչ: Միաժամանակ երեկ նա վստահեցրեց, թե ընդդիմության չմիավորվելու հարցում իշխանություններից «ոչ ոք չի միջամտել»: ՀՅԴ-ն բազմիցս «սպառնացել է», թե կդառնա ընդդիմություն, հնարավո՞ր է, որ քարոզարշավի ընթացքում տեղի ունենան գործընթացներ, որոնց արդյունքում ՀՅԴ-ն դուրս գա ընտրապայքարից: «Խաղի կանոնները որոշում է օրենքը: Եթե խախտվում է օրենքը, եթե խախտվում է Սահմանադրությունը, խախտվում է այնպես անվերադարձ, որ ժողովուրդն այլեւս որեւէ ելք չունի, ՄԱԿ-ի կոնվենցիան անգամ դիմադրության իրավունք է վերապահում»,- պատասխանեց ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչը: Միաժամանակ նա վստահեցրեց, թե՝ եթե ՀՅԴ-ն լինի ընդդիմություն, ապա կլինի «վերին աստիճանի էֆեկտիվ ընդդիմություն»: Ինչ վերաբերում է այն տեսակետին, թե հիմնական պայքարը ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի միջեւ է լինելու, դա, ըստ Վ. Հովհաննիսյանի, հիմնականում տարածվում է նրանց կողմից, ովքեր պայքարի միայն մեկ հարթություն են պատկերացնում: «Որովհետեւ գաղափարական պայքարի մասին պատկերացում չունեն, դրանից ոչինչ չեն հասկանում եւ դրա մասնակից կամ նույնիսկ օբյեկտ լինել չեն կարող, դրա համար պատկերացնում են պայքարը բոլորովին այլ հարթություններում, ասենք՝ ով ավելի շատ շտաբ է դրել նույն փողոցի վրա եւ այլն»,- նշեց նա: Անդրադառնալով փաստին, որ մայրաքաղաքի պատերին՝ դեռ պաշտոնապես նախընտրական քարոզարշավը չսկսված, ԲՀԿ-ի պաստառներն են, Վ. Հովհաննիսյանը նշեց. «Հիմա ով ինչ ուզում է, թող կպցնի: Հարցը դա չէ: Հարցն այն է, որ քաղաքն ընդհանրապես կործանվում է կեղտի մեջ կորած, իսկ դրա համար պատասխանատու անձինք, հատկապես՝ թաղապետերը, ամբողջությամբ ընդգրկված են նախընտրական մրցավազքի մեջ: Կարծում եմ, որ եթե այս երկրում ամեն մեկն իր գործն աներ, շատ ավելի լավ կլիներ, եւ հետո հնարավոր կլիներ ավելորդ պաստառները պատերից լվալ»:

Լողորդները չեն սատարում ՀՅԴ-ին

Թուրինում նախորդ տարի տեղի ունեցած շախմատային օլիմպիադայի հաղթողները՝ Լեւոն Արոնյանը, Վլադիմիր Հակոբյանը, Կարեն Ասրյանը, Սմբատ Լպուտյանը, Գաբրիել Սարգսյանն ու Արտաշես Մինասյանը նախօրեին հայտարարություն էին տարածել, որտեղ նշել էին, թե առաջիկա ընտրություններում սատարելու են ՀՀԿ-ին: Ինչպե՞ս է ՀՅԴ ներկայացուցիչ Վ. Հովհաննիսյանը գնահատում այս իրողությունը: «Ազատ երկրում ցանկացած մարդ՝ շախմատիստ կամ ոչ, կարող է սատարել ում ուզում է: Որքանո՞վ է բարոյական՝ սպորտային մի մարզաձեւի մասնագետներին քաղաքական երանգավորում տալ եւ փաստորեն ակնարկել, որ շախմատիստների մեջ տարակարծություններ չեն կարող լինել: Ես գտնում եմ, որ սա գեղեցիկ պրակտիկա չէ: Այստեղ ոչինչ ասել չես կարող: Սա ավելի շատ բարոյական հարթության մեջ գտնվող խնդիր է»,- նշեց նա: Հետաքրքիր է, իսկ ՀՅԴ-ն չունի՞ «սպորտային աջակիցներ», ասենք՝ լողորդներ (հիշեցնենք, որ երբ ԱԺ ՀՅԴ խմբակցության ներկայիս քարտուղար Գեղամ Մանուկյանի պատգամավոր դառնալուց օրեր առաջ խոսակցություններ կային, թե Գ. Մանուկյանը կհրաժարվի պատգամավոր դառնալ՝ նախընտրելով «Երկիր մեդիա» հեռուստաընկերությունը, Վ. Հովհաննիսյանն ասել էր, թե եթե ՀՅԴ-ն որոշի, որ Գ. Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն, ուրեմն՝ Գ. Մանուկյանը պետք է դառնա լողի չեմպիոն): Պարզվեց՝ ՀՅԴ-ն չունի «սպորտային աջակիցներ», եւ անգամ լողորդներն առաջիկա ընտրություններում չեն սատարելու ՀՅԴ-ին:

Հ.Գ. Վահան Հովհաննիսյանը երեկ Մարտի 8-ի կապակցությամբ շնորհավորեց «եւ՛ կանանց, եւ՛ աղջիկներին, եւ՛ բոլոր նրանց, ովքեր իրենց կին ու աղջիկ են համարում»: