Զեկույց վագրի կոռումպացվածության մասին

10/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Թեեւ Հայաստանի մասին Համաշխարհային բանկի (ՀԲ) «Կովկասյան վագր» անունը կրող հերթական զեկույցի նպատակը վերջին տարիներին գրանցված տնտեսական աճի վերլուծությունն է եւ հետագա աճն ապահովելու նպատակով խորհրդատվությունը, այնուամենայնիվ, այդ աշխատությունը ծայրից ծայր լցված է ՀՀ իշխանությունների վարած տնտեսական քաղաքականության քննադատությամբ:

Զեկույցի հեղինակներն առանձին ոլորտներին անդրադառնալուց հետո մի ամբողջ բաժին են նվիրել ՀՀ տնտեսական մրցակցությանը, ավելի ճիշտ՝ այն գործոններին, որոնք խանգարում են ազատ մրցակցությանը, որպեսզի «Կովկասյան վագրը» դառնա «Արեւելյան վագր»: Իսկ այդ խանգարիչ գործոնների մեծ մասն առնչվում է պետական կառույցների գործունեությանը:

«Մրցակցությունը Հայաստանի տնտեսությունում կաղում է օրենքների եւ դրանց կիրառման կառույցների գործունեության, հարկային եւ մաքսային մարմինների կամայական եւ անկանխատեսելի գործելակերպի պատճառով: Մրցակցային պայմանները հավասար չեն հատկապես առեւտրի եւ բաշխման ոլորտներում, որտեղ ստացվում են մենաշնորհային եկամուտներ, եւ հասարակությունը պարտադրված է որոշակի վնասներ կրել»,- նշված է զեկույցի մեջ:

Զեկույցը կազմողների կարծիքով՝ պետական այս կառույցներից բացի, տնտեսական մրցակցությանը խոչընդոտում է նաեւ դատական համակարգը: Իշխանությունների ազդեցությունն այդ համակարգի վրա եւ գոյություն ունեցող կոռուպցիան խոչընդոտում են ազատ գործարար միջավայրի զարգացմանը: Տնտեսական մրցակցության ոչ բավարար պայմաններում, բնականաբար, խորանում է ստվերային տնտեսությունը: Իսկ Հայաստանում տնտեսության ստվերայնությունը համահունչ է կոռուպցիայի գոյություն ունեցող մակարդակին: Պետական պաշտոնյաների կողմից շորթվող գումարները հնարավորինս նվազեցնելու համար ընկերություններն իրենց գործունեության զգալի մասը կազմակերպում են ստվերային հատվածում: Իսկ Հայաստանում կոռուպցիայի ամենատարածված ձեւը կաշառակերությունն է: ՀԲ մասնագետները նկատել են, որ ձեռնարկատիրությունը խոչընդոտող հիմնական գործոններից է նաեւ իշխանությունների կողմից ընկերությունների նկատմամբ ոչ միանման վերաբերմունքը: Այս եզրակացությունից հետո արդեն անցում է կատարվում մրցակցությանը խոչընդոտող «ոչ ֆորմալ» գործոններին:

«Հայաստանում բազմաթիվ մասնավոր ընկերություններ հաճախ են դիմում «գործը հեշտացնելու նպատակով» կատարվող վճարումներին՝ պետական ատյաններում իրենց հարցերի արագ ու օպերատիվ լուծումն ապահովելու համար: Կասկած չկա, որ կոռուպցիայի որոշ դրսեւորումներ հասնում են ընդհուպ մինչեւ իշխանության բարձրագույն մակարդակներ: Ձեւավորվել է մի համակարգ, որին հատուկ են գործարարների միջեւ պայմանավորվածությունների եւ համաձայնությունների արդյունքում ձեւավորվող փոխադարձ պարտավորվածությունները»:

ՀԲ մասնագետները համոզված են, որ նման հարաբերություններ ձեւավորվել են նաեւ գործարարների եւ դատական համակարգի միջեւ: Բացի այդ, նրանք նկատել են, որ Հայաստանի տնտեսության մեջ ձեւավորվել է «տանիքային» հզոր համակարգ: Իսկ «տանիք» ունեցող ոլորտներում հովանավորյալները բավականաչափ լծակներ ունեն շուկա նոր մուտք գործել ցանկացողների առաջխաղացումը խոչընդոտելու համար: Աշխատությունում տեղ գտած դիտարկումները երբեմն զավեշտալի եզրահանգումներ են ունենում: Եվ ահա բավականին զավեշտական է հնչում «տանիք» հասկացողության սահմանումը: «Այն անձը, ով հանդես է գալիս մեկ այլ անձի շահերի պաշտպանի դերում, դառնում է վերջինիս տանիքը, իսկ հովանավորյալը պարտավորվում է փոխհատուցել այդ ծառայության դիմաց»,- ձեւակերպված է զեկույցի մեջ: Այս պայմաններում, պարզ է, որ բավականին դժվարանում է օտարերկրյա ներդրողների գործը: Նրանք համապատասխան «տանիք» գտնելու համար շատ հաճախ չեն կարողանում ձեւավորել անհրաժեշտ կապերը: Եվ ստացվում է, որ բիզնեսի հովանավոր չունենալու պատճառով օտարերկրացիները շատ հաճախ խուսափում են այստեղ ներդրումներ կատարել: Այս բոլոր թերությունները, որոնք Համաշխարհային բանկը գտել է մեր տնտեսության մեջ, մեզ համար նորություն չեն: Մենք մեզ շրջապատող իրավիճակը լավ գիտենք: Պարզապես հետաքրքիր է, որ միջազգային կառույցներն ամբողջությամբ կարողացել են ֆիքսել Հայաստանում գոյություն ունեցող իրականությունը: Եվ «Կովկասյան վագր» անվանումից հետո զեկույցի մյուս հմայքը հենց դա է։ «Պատահում է նաեւ, որ մրցակցությունը խոչընդոտելու ուղղակի փորձեր են արվում: Հարուստների եւ ուժեղների կողմից «խաղի կանոնների» հաճախակի խախտումները հստակ ահազանգ են մնացածների համար: Դա նպաստում է այն ընդհանուր կարծիքի ձեւավորմանը, որ չարժե վճարել հարկերը, պետք է կաշառել պաշտոնյաներին, իսկ ապրանքները ներմուծել մաքսանենգ ճանապարհով»:

Անդրադառնալով տնտեսության ոլորտներին առանձին-առանձին՝ ՀԲ մասնագետները գտնում են, որ վառելանյութի առեւտրի ոլորտի թույլ մրցակցության հետեւանքով զգալիորեն տուժում է հասարակության բարեկեցությունը, հեռահաղորդակցության եւ ավիացիայի ոլորտում իշխող մենաշնորհային վիճակը թույլ չի տալիս, որ ոլորտները զարգանան ու որակյալ, մատչելի ծառայություն մատուցեն: Մենաշնորհային կամ գերիշխող վիճակի պատճառով տնտեսության այս երկու ճյուղերը բավականին ետ են մնում ԱՊՀ մյուս երկրների նույն ոլորտների զարգացածության մակարդակից:

Հատկանշական է նաեւ այն հանգամանքը, որ օտարերկրացի մասնագետներն էլ նկատել են՝ մեր երկրում հարկային, հատկապես մաքսային ծառայություններն իրենց լուման ունեն կոռուպցիայի զարգացման եւ մրցակցությունը խոչընդոտելու գործում: Եվ գտնում են, որ տնտեսությանը երկարաժամկետ զարգացում ապահովելու համար առաջին հերթին այդ ոլորտները պետք է բարեփոխվեն: Այնուհետեւ զեկույցում կասկած կա այն մասին, թե արդյոք Տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովը Հայաստանում դառնալո՞ւ է մրցակցությունը խթանող քաղաքական հիմնասյուներից մեկը: Մտավախություն կա, որ իր հերթին «ստուգումներ» իրականացնելով եւ ի պաշտոնե ձեռնարկությունների գործունեությանը միջամտելով՝ այդ հանձնաժողովը կարող է բյուրոկրատական շղթայի եւս մեկ օղակը դառնալ: Ակնհայտ է, որ մեր տնտեսության տարբեր, հիմնականում՝ լայն սպառման ապրանքների եւ շահութաբեր շուկաներում ձեւավորվել են մենաշնորհային վիճակներ: Եվ մոնոպոլիստները կամ գերիշխող դիրք ունեցողներն առանց որեւիցե դժվարության իրենց ուզած գները պարտադրում են սպառողներին եւ գերշահույթ ստանում: Թեպետ հանձնաժողովն իր վարույթում եղած մի քանի գործեր հաջողությամբ հասցրել է ավարտին, սակայն իրենից որեւէ ուժ չի ներկայացնում այնպիսի ոլորտներում, որտեղ մրցակցությունն ակնհայտորեն սահմանափակված է: Եվ ամեն անգամ տնտեսության մրցակցությանը խոչընդոտող որեւէ գործոնին անդրադառնալով՝ ՀԲ մասնագետները գտնում են, որ Հայաստանն անպայման պետք է փոխի իր տնտեսական քաղաքականությունը: