Քաղաքական եթերի «աստղերը»

10/03/2007 Բաբկեն ԹՈՒՆՅԱՆ

Երեւանի մամուլի ակումբը մոնիտորինգի է ենթարկել հայաստանյան 7 հեռուստաալիքների եթերը 2007թ. փետրվար ամսվա համար։ Հետազոտության գլխավոր նպատակներն են եղել՝ պարզել, թե ընտրություններից առաջ հեռուստալսարանը որքանո՞վ է տեղեկանում քաղաքական սպեկտրի եւ առանձին կուսակցությունների գործունեության մասին, եւ արդյո՞ք բոլոր կուսակցությունների համար հավասար հնարավորություններ են ստեղծվում իրենց քաղաքական հայացքներն ու ծրագրերը ներկայացնելու համար: Արդյունքները բավական հետաքրքիր են։

Նշենք, որ հետազոտության են ենթարկվել Հայաստանի հանրային հեռուստաընկերության առաջին ալիք (Հ1), «ԱԼՄ», «Արմենիա», «Երկիր մեդիա», «Կենտրոն», Հայկական երկրորդ հեռուստաալիք, «Շանթ» (Երեւան) հեռուստաընկերությունների երեկոյան եթերները (ժամը 18:00-ից մինչեւ 24:00-ն)։ Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ. «Դիտարկողները արձանագրել են Հայաստանի՝ վերջին տարիներին առավել ակտիվ 34 կուսակցությունների հիշատակումները եւ նրանց հատկացված եթերաժամանակը: Կուսակցությունների «հաշվին» են գրանցվել նաեւ նրանց ներկայացուցիչների հիշատակումները եւ վերջիններիս հատկացված եթերաժամանակը (նրանց հայտարարությունները, մեջբերումները, ինչպես նաեւ` նրանց գործունեության նկարագրությունը, կարծիքները, նրանց մասին այլ անձանց կողմից արված արտահայտությունները, մեկնաբանությունները): Այն դեպքերում, երբ կուսակցությունների ներկայացուցիչները հանդես էին գալիս իբրեւ իրենց ոչ կուսակցական պաշտոնական, մասնագիտական եւ այլ պարտականությունները կատարող անձինք, եւ նրանց կուսակցական պատկանելությունը չէր շեշտվում, հիշատակվում եւ եթերաժամանակ չէր արձանագրվում»:

Հաշվառվել է նաեւ գովազդային հոլովակների (հայտարարությունների) նյութերի համար կուսակցություններին հատկացվող եթերաժամանակը: Առանձին կազմվել է նաեւ փետրվար ամսվա ընթացքում ստուդիա հարցազրույցի հրավիրված կամ իբրեւ «հաղորդման հյուր» եղած անձանց ցուցակը:

Եվ այսպես, ըստ հետազոտության արդյունքների, նախընտրական քաղաքական իրավիճակն առավել ակտիվորեն լուսաբանել է «Կենտրոն» հեռուստաընկերությունը, որին հաջորդում են «Երկիր մեդիան», Հ2 հեռուստաալիքը, Հ1-ը եւ «Շանթը»: Հետազոտությունը փաստում է, որ «Կենտրոնը» եւ «Երկիր մեդիան» աչքի են ընկել նաեւ հասարակական-քաղաքական հաղորդումների քանակի առավել շատությամբ եւ հարցազրույցի հրավիրվող քաղաքական գործիչների ներկայացուցիչների բազմազանությամբ:

«ԱԼՄ» հեռուստաընկերությանն առանձնահատուկ տեղ է հատկացվել, քանի որ այն «մի կողմից՝ քաղաքականությանն ամենից շատ եթերաժամանակ է հատկացրել, մյուս կողմից` դա տեղի է ունեցել ի հաշիվ հեռուստաընկերության սեփականատեր եւ Ժողովրդական կուսակցության ղեկավար Տիգրան Կարապետյանի գործունեության եւ դիրքորոշումների նկատմամբ բացառիկ ուշադրության»: Ի դեպ, Երեւանի Մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի հետ մեր զրույցից պարզ դարձավ, որ ԱԼՄ-ն ոչ թե առանձնահատուկ, այլ շա՜տ առանձնահատուկ տեղ ունի։ Այսինքն, հաշվի է առնվել միայն այն ժամանակը, որի ընթացքում Տ. Կարապետյանը շոշափել է քաղաքական թեմաներ։ Այսինքն, եթե «Շոգեքարշ» հաղորդման ժամանակ նա հիշատակում է իր կուսակցության կամ այլ կուսակցության հետ կապված թեմա, ապա այդ ժամանակը մտնում է հաշվարկի մեջ։ Իսկ եթե հանդես է գալիս զուտ որպես հաղորդավար, կամ հյուրի հետ զրուցում է մշակութային, հոգեւոր եւ բժշկական թեմաներից, դա քաղաքական եթեր չի համարվել։ Եվ այս մեղմ հաշվարկով անգամ ԱԼՄ-ի քաղաքական եթերը կազմել է 7 ալիքների ընդհանուր եթերի 98%-ը։ Իսկ դրա 85,5%-ը բաժին է ընկել Ժողովրդական կուսակցությանը։

Անցնենք Հ1-ին։ Ինչպես նշվում է հաշվետվության մեջ, կուսակցությունների նկատմամբ ուշադրությունը Հ1-ը բաշխել է քաղաքական թատերաբեմում նրանցից յուրաքանչյուրի այսօրվա տեղին (մասնավորապես` խորհրդարանում ներկայացվածությանը) մոտ համամասնությամբ. Հայաստանի հանրապետական կուսակցություն (6038 վրկ.), ՕԵԿ (3214 վրկ.), ՀՅԴ (3127 վրկ.), ՀԺԿ (1810վրկ.), «Ազգային Միաբանություն» (1780 վրկ.): Հետազոտության մեջ խոսք է գնում նաեւ այն մասին, որ «Արդարություն» դաշինքին մաս կազմող «Հանրապետություն» կուսակցությանը գրեթե ուշադրություն չի դարձվում։

Ըստ մոնիտորինգի, փետրվարին քաղաքականությանն ամենից քիչ ուշադրություն դարձրել է «Արմենիա» հեռուստատեսությունը, որը 2007 թվականի սկզբից հրաժարվել է մի շարք հասարակական-քաղաքական, այդ թվում` «հյուր ստուդիայում» ժանրի ծրագրերից: «Այս հեռուստաալիքն ամսվա ընթացքում բացառություն է արել միայն պաշտպանության նախարար, Հայաստանի հանրապետական կուսակցության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանի համար»,- ասվում է հաշվետվության մեջ: Այստեղ պետք է նկատել, որ բոլոր այդ հաղորդումները ոչ թե եթերից դուրս են մղվել, այլ տեղափոխվել են TV5, որը Արմենիայի, «Արմնյուզի» եւ CNN-ի հետ մեկտեղ մտնում է CS MEDIA-ի մեջ։ Ընդ որում, կարծիք կա, որ այդ տեղափոխության պատճառն «Արմենիայի» քաղաքական հաղորդումների ցածր վարկանիշն է, եւ այնտեղ որոշել են ազատվել «բալաստից»՝ շեշտը դնելով ավելի շատ ժամանցային հաղորդումների վրա։

Ինչ վերաբերում է քաղաքական կուսակցություններին, ապա հեռուստաալիքների սիրելիներն են ՀՅԴ-ն (29.938 վրկ.), ԲՀԿ-ն (24.559 վրկ.) եւ ՀՀԿ-ն (22.630 վրկ.): «Այսինքն` կառավարող կոալիցիայի հիմքը հանդիսացող երկու կուսակցությունները, ինչպես նաեւ` «Բարգավաճ Հայաստանը», որը բոլորից շուտ ակտիվ ընտրարշավ է սկսել, եւ դատելով նրա ղեկավար կազմից, նույնպես մոտ է իշխանություններին»,- ասվում է հետազոտության մեջ։ Միավորված աշխատանքային կուսակցությունը այս առումով թեեւ հետին դիրքերում է հայտնվել (3929 վրկ.), սակայն դա փոխհատուցվել է վճարովի եթերի ակտիվ օգտագործմամբ (այն 3,5 անգամ գերազանցում է 7 հեռուստաալիքներում այդ կուսակցության խմբագրական լուսաբանումը):

Հետազոտության հեղինակները փաստում են, որ դատելով 2007թ. փետրվարի տվյալներից, «իրենց համար հեռուստաեթերի անմատչելիության մասին ընդդիմադիր կուսակցությունների մեծ մասի հայտարարությունները բավարար հիմքեր չունեն»: Առաջատար քառյակին (7 հեռուստաալիքներում տրամադրված համախառն եթերի ծավալով) անմիջապես հետեւում են «Օրինաց երկիրը» (16.230 վրկ.), «Սահմանադրական իրավունք» միությունը (10.739 վրկ.), Հայաստանի ժողովրդական կուսակցությունը (9.593 վրկ.), Ազգային ժողովրդավարական դաշինքը (8152 վրկ.), Հայոց համազգային շարժումը (8061 վրկ.), «Ազգային Միաբանությունը» (6680 վրկ.):

Իսկ հեռուստաալիքների «Persona non grata»-ները հետեւյալ ընդդիմադիր կուսակցություններն են՝ «Հանրապետություն», «Ժառանգություն» եւ «Նոր Ժամանակներ», որոնց նկատմամբ կա խտրական վերաբերմունք։ Փաստելով, որ ընտրությունների նախօրյակին նրանց ուշադրության արժանացնելու բավարար հիմքեր կան, հետազոտության հեղինակները նշում են. «Հետազոտված 7 ալիքները (սա ամբողջությամբ վերաբերում է նաեւ Հ1-ին) այդ երեք կուսակցություններին կամ զրոյական, կամ շատ թույլ ուշադրության են արժանացրել: Նրանց գործունեությանը կամ չեն անդրադարձել, կամ անդրադարձել են խիստ հազվադեպ եւ նվազագույն ծավալներով, գործնականում չեն լուսաբանվել նրանց միջոցառումները, մամուլի ասուլիսները, այդ կուսակցությունների ներկայացուցիչներից ոչ մի անգամ հարցազրույցներ չեն վերցվել»:

Մեր կողմից կարող ենք միայն ավելացնել, որ դրանից ամենից շատ կարծես նեղվում է ՆԺ առաջնորդ Արամ Կարապետյանը՝ ասուլիսներից առաջ դառը ժպիտով ասելով. «Ինչպես միշտ՝ կամերաներ չկան»։