Թշնամանքը չի կարող անվերջ շարունակվել

10/03/2007

«Թուրքիան գտնում է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը չպետք է շարունակվի նույն ուղղությամբ: Արդեն 15 տարի է՝ Մինսկի խումբը ժամանում է հակամարտության գոտի, հանդիպումներ անցկացնում, ժամանակ է ձգում: Եթե այդ խմբի գործունեության սկզբից կարելի լիներ ամեն օր մեկ մետր առաջ ընթանալ, ապա այս պահին այդ հիմնախնդիրը լուծված կլիներ: Եթե այն մինչ այժմ չի լուծվել, նշանակում է՝ Մինսկի խմբի կողմից դրա լուծումն անհնարին է»,- «Trend»-ին ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Ավնի Քարսլիօղլուն: «Թուրքիան ամեն անգամ այդ հակամարտության լուծում է պահանջում ամերիկացիներից ու եվրոպացիներից: Ոչ ոք չի շահի պատերազմից, որում արյուն կհեղվի: Պետք է ընթանալ այդ հիմնախնդրի խաղաղ լուծման ճանապարհով»,- հավելել է դեսպանը: Այն հարցին, թե ներկայումս Թուրքիայի եւ Հայաստանի միջեւ կա՞ն արդյոք որեւէ համաձայնություններ, Քարսլիօղլուն պատասխանել է. «Կարծում եմ, որ թշնամանքը չի կարող անվերջ շարունակվել: Հայ-ադրբեջանական եւ հայ-թուրքական սահմանները չեն կարող ընդմիշտ փակված մնալ: Եթե նրանք ցանկանում են հասնել սահմանների բացման, պետք է վերջ դնեն պատերազմին: Մենք առաջարկում ենք ստեղծել հանձնաժողով, մեկտեղել երկու կողմի պատմաբաններին՝ սթափ գնահատական տալու պատմական փաստերին: Ես հայ ժողովրդին չեմ վերաբերվում որպես երդվյալ թշնամիների: Մենք միայն հայերի ազգայնամոլական գաղափարների հակառակորդներ ենք: Կարծում եմ, որ սահմանները կբացվեն, բայց համապատասխան պայմաններում եւ հարկ եղած ժամանակ»: Խոսելով տարածաշրջանում իրականացվող խոշոր նախագծերի մասին՝ թուրք դիվանագետը նշել է, թե ո՛չ Ադրբեջանը, ո՛չ էլ Թուրքիան չեն մեկուսացրել Հայաստանին: Ըստ նրա՝ «Հայաստանն ինքն է իրեն մի կողմ թողել այդ գործերից»: «Բաքու-Ջեյհան նավթամուղի նախագծի ժամանակ Հայաստանի տարածքով դրա անցնելու հավանականություն կար: Այդ նախագիծը թե՛ ծախսերի, թե՛ ժամանակի առումով շահավետ կլիներ, բայց Հայաստանը վերջ չդրեց պատերազմին եւ բաց թողեց հնարավորությունը»,- ասել է Ադրբեջանում Թուրքիայի դեսպանը: