Կառավարության երեկվա նիստում որոշվել է փոփոխություններ կատարել «Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում, որով 2005թ. սահմանվել էր պետական տուրք` էլեկտրոնային ցանցերի շահագործման համար: Առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման բաժնի պետ Ժենյա Ազիզյանը նշեց, որ փոփոխությունների համար հիմք է հանդիսացել ՀՀ վարչապետին կից ՏՏ զարգացման աջակցման խորհրդում վարչապետի հանձնարարականն` ուսումնասիրելու օրենսդրական դաշտը եւ հայտնաբերելու այն դրույթները, որոնք խոչընդոտում են երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը: Ոլորտի ներկայացուցիչների կողմից բարձրացված բողոքների արդյունքում նախարարությունն առաջարկել է նվազեցնել վերոհիշյալ օրենքով սահմանված տուրքերը, գտնելով, որ դրանք բավական բարձր են եւ հիմնականում խոչընդոտում են ոլորտի մանր եւ միջին բիզնեսի ներկայացուցիչների գործունեությանը` վերջիններիս համար անհավասար մրցակցային դաշտ ստեղծելով: Տուրքերի բարձր լինելու արդյունքում մանր եւ միջին տնտեսվարողները ստիպված են դուրս գալ դաշտից` իրենց տեղը զիջելով մեծերին: Մինչդեռ, ներկայումս խնդիր կա ինտերնետ ծառայության մատուցումը դարձնել առավել զանգվածային: Իրավիճակը շտկելու համար առաջարկվում է նվազեցնել էլեկտրոնային ցանցերի շահագործման համար սահմանված դրույքաչափերը: Մասնավորապես, եթե նախկինում սահմանված էր, որ միաժամանակ Երեւանում եւ մեկ կամ մի քանի մարզում ցանցի շահագործման համար ընկերությունը պետք է վճարի 3 մլն դրամ, ապա այժմ այդ գումարն իջեցվել է մինչեւ 500.000 դրամի, միայն Երեւանում ցանցի շահագործման համար նախկին 2 մլն դրամի փոխարեն այժմ սահմանվում է 300.000 դրամ պետտուրք, մեկից ավելի մարզերում ցանցի շահագործման համար 1 մլն դրամի փոխարեն` 200.000 դրամ, իսկ միայն մեկ մարզում շահագործման համար 500.000 դրամի փոխարեն` 100.000 դրամ պետտուրք: Ըստ Ժ. Ազիզյանի, մասնավոր հատվածի հետ քննարկումների ընթացքում որոշվել է, որ 0-ական տուրք սահմանելը սխալ կլինի, քանի որ եթե ընկերություններն առանց պետտուրքի տնտեսվարեն, ապա շահագրգռված չեն լինի ավելացնելու ծառայությունների մատուցման ծավալը: