Շնորհավորել են կանանց

10/03/2007

Նախագահ Ռոբերտ Քոչարյանը շնորհավորական ուղերձ է հղել կանանց տոնի առթիվ: «Մեծ է կանանց դերը մեր հասարակության զարգացման գործում, հատկապես` կրթության, մշակույթի, առողջապահության ոլորտներում: Օր օրի ավելի է մեծանում կանանց ներգրավվածությունը քաղաքական եւ հասարակական կյանքում։ Առանձնահատուկ շնորհավորում եմ բոլոր մայրերին, որ ընտանիքի հենասյունն են, կրողն ու փոխանցողը մեր դարավոր ավանդույթների եւ համամարդկային արժեքների»,- մասնավորապես ասված է ուղերձում: Վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձում նշվում է. «Սիրելի կանայք` Մայր հայրենիքում, Արցախում, Ջավախքում եւ Սփյուռքում, ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Մարտի 8-ի առթիվ: Գարնանային այս գեղեցիկ օրվա խորհուրդը հատկապես ձեզ բնորոշ անսպառ բարությունն ու ծով համբերությունն է, մայրությունն ու գեղեցկությունը, անվերապահ նվիրումը, հանդուրժողականությունն ու ընտանիքն ամուր պահելու ձեր նվիրվածությունը, որոնք արժանի են մեծ գնահատանքի ու խոնարհումի: Սերունդների հայեցի կրթության ու դաստիարակության, ազգային արժեքներին նրանց հաղորդակից դարձնելու, ընդհանուր առմամբ, Մայր հայրենիքում թե Սփյուռքում հայապահպանման ձեր առաքելությամբ դուք բոլոր ժամանակներում մեր պետականության հիմքերն եք ամրացրել եւ այսօր էլ արժանիորեն շարունակում եք նույնն անել: Համոզված եմ, որ հասարակական-քաղաքական կյանքում գնալով ակտիվացող ձեր մասնակցությունը հնարավորություն կընձեռի ի նպաստ մեր պետության ու ժողովրդի լիարժեք օգտագործել ձեր ամբողջ ներուժը»: «Մեր պատմության ողջ ընթացքում դուք միշտ ունեցել եք խորին ակնածանքի ու երախտագիտության արժանի առաքելություն, եւ ձեր ծանրակշիռ դերակատարությունը եղել է մեր հաջողությունների երաշխիքներից մեկը: Վստահ եմ, որ ոչ միայն շարունակելու եք ամուր պահել մեր ընտանիքների ու հասարակության հիմքերը, այլեւ մեծացնելու եք ձեր մասնակցությունը մեր երկրի պետական կառավարմանը, հասարակական, քաղաքական կյանքին»,- ասել է ԱԺ նախագահ Տիգրան Թորոսյանը: Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը նույնպես շնորհավորական ուղերձ է հղել, որում մասնավորապես ասված է. «Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրապետական մեր օրհնությունն ենք բերում բոլոր տիկնանց եւ օրիորդներին եւ շնորհավորում կանանց տոնը: Աղոթում ենք առ Ամենակալն Աստված, որ տերունաշնորհ երջանկությունը միշտ ապրի մեր մայրերի, քույրերի ու դուստրերի սրտերում, եւ նրանք շարունակեն ազնիվ ու նվիրյալ ընթացքով ծառայել իրենց ընտանիքների բարօրությանը եւ հայրենիքի զարթոնքին ու առաջընթացին»: Կանանց շնորհավորել է նաեւ ԲՀԿ-ն: Կանայք միշտ էլ հսկայական ներդրում են ունեցել մեր հաղթանակներում ու հասարակական առաջընթացում: «Վստահ ենք, որ ձեզ սրտամոտ է խաղաղ, կայուն եւ բարեկեցիկ հայրենիք ունենալու ձգտումը, քանի որ կինն է խաղաղության առաջամարտիկը եւ ընտանեկան օջախի պահապանը»,- նշվում է կուսակցության ուղերձում: