Խորհրդային տարիներից մինչ օրս մի շարք հիվանդություններ, այդ թվում՝ նաեւ հեպատիտ C-ն, չեն ենթարկվում պետական վիճակագրական հաշվառման: Սա պայմանավորված է եղել նրանով, որ նախկինում այդ հիվանդությունները բնորոշ չեն եղել մեր երկրին ու իրենցից մեծ վտանգ չեն ներկայացրել: ՀՀ Առողջապահության նախարարության (ԱՆ) Պետական հիգիենիկ եւ հակահամաճարակային տեսչության Համաճարակաբանության բաժնի պետ Լիլիթ Ավետիսյանի խոսքով՝ քանի որ տարիների ընթացքում որոշ հիվանդությունների աշխարհագրությունն ընդլայնման միտում ունի, եւ շատ ինֆեկցիաներ 50 տարի պարբերականությամբ «պիկ տալու» հատկություն ունեն, վերանայվելու է նաեւ նման հիվանդությունների նկատմամբ պետական վերաբերմունքը:
Հեպատիտ C չարիքն ընդամենը վերջին 10 տարիների ընթացքում է Հայաստան փոխանցվել` այն էլ Ռուսաստանից: Տարբեր գնահատականներով, Հայաստանում տարեկան 50-60 մարդ է վարակվում այս ինֆեկցիայով: Այն տարածված է հիմնականում թմրամոլների շրջանում: Մասնագետները պնդում են, որ Հայաստանում ներերակային թմրամոլների 50 %-ից ավելին վարակված է հեպատիտ C-ով (որոշ երկրներում վարակված է թմրամոլների 90 %-ը): «Եթե մենք նախկինում ունեինք հեպատիտ C-ի դրսից բերված դեպքեր, այսօր ունենք տեղային դեպքեր, որովհետեւ իրավիճակը դուրս է եկել թմրամոլների շրջանակից»,- ասում է ԱՆ Համաճարակաբանության, վիրուսաբանության եւ բժշկական մակաբուծաբանության գիտահետազոտական ինստիտուտի տնօրենի պաշտոնակատար, վիրուսային ինֆեկցիաների լաբորատորիայի ղեկավար Գայանե Մելիք-Անդրեասյանը, ով 20 տարուց ավելի զբաղվում է այդ խնդրով: Այսօր արդեն հաստատված է, որ հեպատիտ B-ն եւ C-ն դասվում են սեռական ճանապարհով փոխանցվող ինֆեկցիաների շարքին: Գինեկոլոգի ասելով, մինչեւ 22 % հավանականությամբ, հեպատիտ C-ով վարակվում են նաեւ սեռական ճանապարհով: Առողջ բնակչության համար հեպատիտ C-ն վտանգավոր է այնքան, որքան, ասենք, ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ը, այդ պատճառով էլ մասնագետները խորհուրդ չէին տալիս լրագրողական նյութ դարձնել առողջապահական «փակ» հիմնախնդիրը: Հայաստանը դասվում է հիվանդության միջին մակարդակ ունեցող երկրների շարքին, ինչը նշանակում է, որ առողջ բնակչության 3 %-ը կարող է վարակված լինել: «Ցավալին այն է, որ մեր գիտական հետազոտությունները ցույց են տալիս, որ տարիներ են եղել, երբ աճը հասել է 2-4, երբեմն` 5-6%-ի»,- ասում է Գ. Մելիք-Անդրեասյանը: Փաստորեն, ներկայումս պետությունը ոչ հաշվառում է նման հիվանդներին, ոչ էլ, առավել եւս, ի զորու է ֆինանսավորելու նրանց բուժման ընթացքը: Հեպատիտ C հիվանդությունը ներկայումս առողջապահական եւ սոցիալական գլոբալ խնդիր է մեր երկրի համար. բուժման մեկ կուրսը (տեւում է 2 շաբաթ) արժե 2000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ: Վիրուսային հեպատիտների խնդիրը վերջին 20-30 տարիների ընթացքում լուրջ հետաքրքրություն է ներկայացնում, քանի որ գիտության զարգացման շնորհիվ հեպատիտների նոր վիրուսներ են հայտնաբերվել: Հեպատիտ C-ի վիրուսը հայտնաբերվել է ընդամենը 1990-ական թվականներին: «Եթե մի 30-40 տարի առաջ խոսում էին միայն A եւ B տեսակների մասին, ապա ներկայումս հայտնի են 10 տարատեսակներ, որոնք թվարկվում են լատինական այբուբենի տառերով: Շատ շուտով միգուցե այբուբենը չբավականացնի թվագրելու հիվանդության բոլոր տարատեսակները: Հեպատիտների խումբը, որին պատկանում է հեպատիտ C-ն, արյունածին տեսակն է, որը վտանգավոր է նրանով, որ մեծ հակում ունի քրոնիկ ձեւերի` կարող է բերել լյարդի ցիռոզի եւ քաղցկեղի: Մյուս վտանգն այն է, որ մարդը կարող է վարակված լինել եւ չիմանալ այդ մասին, որը կոչվում է «առողջ» վարակակրություն»,- ասում է ինստիտուտի Վիրուսային ինֆեկցիաների լաբորատորիայի ղեկավարը: Հայաստանում առաջին հետազոտությունը կատարել է ինստիտուտը` Թուլուզ քաղաքի լաբորատոր կենտրոնի հետ, եւ հենց այդ ժամանակ էլ առողջ բնակչության շրջանում հայտնաբերվել է հեպատիտ C հիվանդությունը: «Հիվանդության աճն էական է, բայց նաեւ` արհեստական, քանի որ ներկայումս առողջ բնակչության շրջանում ավելի շատ ենք հետազոտություններ իրականացնում: Միգրացիայի, արտագնա աշխատանքի պայմաններում մեծանում է հիվանդության տարածումն առողջ բնակչության շրջանում: Կարեւորը վիրուսի վաղաժամ հայտնաբերումն է»,- նկատում է Գ. Մելիք-Անդրեասյանը:
Հեպատիտ C` մանիկյուր-պեդիկյուրից
Երեւանի գեղեցկության սրահներից հաճախակի օգտվող կանանց շրջանում վերջին շրջանում մտահոգություն է ծագել. իրար հաջորդող լուրեր են պտտվում, թե գեղեցկության «օջախներում» արձանագրվել են մատնահարդարի (մանիկյուր, պեդիկյուր) չմանրէազերծված գործիքի միջոցով հեպատիտ C-ի վարակման դեպքեր: Օրերս խոսվում էր նաեւ մահվան ելքով երկու վարակակիրների մասին: Մայրաքաղաքի հայտնի գեղեցկության սրահներից մեկի մատնահարդարի ասելով՝ հեպատիտ C-ի մասին համատարած խոսակցություններն իրենց ականջին էլ են հասել: «Հմուտ մասնագետը տարբերվում է նրանով, որ աշխատելիս կարողանա արյուն չառաջացնել: Պետք է աշխատել առնվազն 3 գործիքով՝ դրանք ճիշտ ախտահանելու համար»,- խորհուրդ է տալիս դասական մատնահարդարման (երբ տեղի է ունենում ավելորդ մաշկի հեռացում) կողմնակից մատնահարդարը: «Երբ խախտվում է մաշկի եւ լորձաթաղանթի ամբողջականությունը, վարակվելու հավանականություն լինում է միայն այն դեպքում, եթե այն գործիքը, որը խախտել է այդ ամբողջականությունը, աղտոտված է վարակված արյունով»,- նշում է մասնագետը: Սկսած արյան փոխներարկումից եւ վերջացրած բոլոր բժշկական միջամտություններով (ատամնաբուժական ծառայություններ, բժշկական տարբեր զննումներ, ներարկումներ, հեմոդիալիզ, էնդոսկոպիկ գործողություններ)՝ կա վտանգ նշված ինֆեկցիայի փոխանցման համար, այդ պատճառով, Գ. Մելիք-Անդրեասյանի ասելով, բժշկական եւ ոչ բժշկական ծառայությունները մշտապես պետք է պահպանեն գործիքների մշակման բոլոր կանոնները: «Այստեղ ամենակարեւորը նախաստերիլիզացիոն մշակումն է, որպեսզի արյան ոչ մի հետք չմնա գործիքի վրա: Ոչ բժշկական հիմնարկներում, մասնավորապես՝ գեղեցկության սրահներում, բոլոր գործողությունները` մատնահարդարումը, պիրսինգը, դաջումն իրականացնելիս անհրաժեշտ է Առողջապահության նախարարության (ԱՆ) թույլտվությունը: Ամեն մի տարածքային կենտրոն պետք է պարտադիր հսկի, ժամանակ առ ժամանակ ստուգումներ իրականացնի: Կանոններ կան, եթե դրանք պահպանվում են՝ վտանգն իջեցվում է նվազագույնի: Ես չեմ հերքում, որ գեղեցկության սրահները կարող են վիրուսի տարածման պատճառ հանդիսանալ, բայց միանշանակ դա չի կարելի հաստատել: Դժվար է հավատալ, որ մատնահարդարումից հետո վարակ է տեղի ունեցել, եւ անձը դրանից մահացել է: Հեպատիտ C-ն դժվար է վերահսկել»,- հավաստիացնում է Գ. Մելիք-Անդրեասյանը: Իսկ ինչպե՞ս են մեր գեղեցկության սրահներում իրականացվում առողջապահական հիգիենիկ նորմերը: Յուրաքանչյուր ոք դրանում անձամբ կարող է համոզվել` հաճախելով այս կամ այն սրահ: Շատ քիչ վարսավիրանոցներում են պահպանվում հիգիենայի համապատասխան կանոնները: Շատ կանայք, այս դեպքերից սարսափած, իրենց անձնական գործիքներով են այցելում մատնահարդարներին:
Իսկ թեմատիկ ստուգումների մասին օրենքի համաձայն, գեղեցկության սրահներում ԱՆ-ի կողմից տարին մեկ անգամ (ընդ որում՝ 3 օր առաջ իրազեկելով) իրականացվում են ստուգումներ: Օրինակ, 2006թ. Երեւանում հաշվառված 285 սրահներից 204-ի նկատմամբ 162 վարչական տույժեր են սահմանվել (տուգանքի չափը տատանվում է 30.000-100.000 դրամի սահմաններում, դժվար չէ նկատել, որ տույժի չափը հավասար է սրահի մեկ օրվա եկամտին): «Արյան հետ կապված վարակները համաճարակաբանական պարտադիր հետազոտությունների ենթարկվող հիվանդություններ են (որպեսզի պարզվի վարակի աղբյուրը): Այսօրվա դրությամբ, գեղեցկության սրահների հետ կապված հիվանդության փաստ մենք չենք արձանագրել: «Ստուգումների մասին» օրենքը չի պարտադրում, որպեսզի ամեն օր մեծ քանակությամբ ստուգողներ մտնեն սրահներ: Սակայն, եթե մենք վարսավիրանոցներում ունենանք համաճարակաբանական էպիդ իրավիճակ, իհարկե, կվերանայենք մեր սանիտարական նորմերը»,- վստահեցնում է ԱՆ Հիգիենիկ Հակահամաճարակային տեսչության Շրջակա միջավայրի եւ կոմունալ հիգիենայի բաժնի պետ Աիդա Պետիկյանը:
Պետք չէ վախենալ պատվաստումից
Հեպատիտ C-ի դեմ պատվաստանյութ ամբողջ աշխարհում դեռեւս չկա` ի տարբերություն հեպատիտ B-ի: Բնակչության շրջանում այս պատվաստանյութը միարժեք չի ընդունվում: «Քանի որ համեմատաբար նոր պատվաստանյութ է, հոգեբանական արգելքներ կան»,- կարծում է Վիրուսային ինֆեկցիաների լաբորատորիայի ղեկավար Գայանե Մելիք-Անդրեասյանը: Նրա ասելով, հեպատիտ B-ի պատվաստումները Հայաստան են մուտք գործել 1996թ., դրա համար բնակչության հիմնական մասը պատվաստված չի: «Բոլոր վարակվածներին մենք խորհուրդ ենք տալիս պատվաստվել: Հեպատիտ B-ի պատվաստանյութը պատրաստված է ամենաժամանակակից գենային եղանակով: Ամբողջ աշխարհում այդ պատվաստումը կատարում են, եւ նորածիններին պատվաստում են ինֆեկցիայի դեմ: Շատ վտանգավոր է մանկական հասակում վարակվելը, որովհետեւ մեծ է հավանականությունը, որ երեխան իր ամբողջ կյանքի ընթացքում կմնա վարակակիր: Այսօր լինում են դեպքեր, երբ 10 տարեկան երեխայի մոտ հայտնաբերվում է լյարդի ցիռոզ կամ քրոնիկ հեպատիտ»,- տեղեկացնում է լաբորատորիայի ղեկավարը: Վիճակագրությունը վկայում է նաեւ, որ մինչեւ մեկ տարեկան հասակը 100 վարակված երեխաներից 95 %-ը կարող են վարակված մնալ ամբողջ կյանքի ընթացքում, այն դեպքում, երբ մեծահասակների մոտ վարակակրության զարգացման հնարավորությունը կազմում է ընդամենը 6-10 %: