Օգնեք, քանի դեռ զոհեր չկան

10/03/2007 Լուսինե ՍՏԵՓԱՆՅԱՆ

Օրերս «168 Ժամն» ահազանգ էր ստացել Արցախի 61 հասցեում բնակվող քաղաքացիների կողմից: Բնակիչները մեզ պատմում էին, թե ինչպիսի վտանգավոր պայմաններում են ապրում, եւ, որ օրերից մի օր իրենց բնակելի շենքը կարող է փուլ գալ գլխներին: Նրանց նշած հասցեն գտնվում է «Տէցի կրուգում», իսկ մեզ զանգահարած բնակիչները, պարզվում է, այդ տարածքում անցյալ տարի կատարված հայտնի դեպքի ականատեսներից են:

Այցելելով վերոնշյալ հասցե, պարզեցինք, որ ահազանգողները Սովետական տարիներից մնացած բազում կիսաքանդ գործարանների հարակից տարածքում գտնվող եռահարկ հանրակացարանի բնակիչներն են: «Տեսնում եք, էլի՝ աշխարհի ծայրն է: Մարդ, որ փողոց է դուրս գալիս երթուղային նստելու՝ մեքենաները հերթով կանգնում են: Գիտեք, հանցագործ տարածք է համարվում, վախենում ենք նույնիսկ երեխաներին դպրոց ուղարկել: Ոնց որ անապատում ապրենք»,- ասում են նրանք: Բանն այն է, որ Էրեբունի համայնքում գտնվող վերոնշյալ հասցեի բնակիչները 1988-ից բնակվում են այդ հանրակացարանում: Նրանք աշխատել են «Լիճ» կոմբինատում, որի հաշվեկշռում էլ գտնվում է հանրակացարանը: Կոմբինատն աշխատողներին տեղավորել էր այդ հանրակացարանում, ապա բնակարանով ապահովելու համար հերթագրել: Հանրակացարանի բնակիչ Գայանե Թորգոմյանն ասում է. «Մեզնից շատերն այդ կոմբինատում աշխատում էին միայն նրա համար, որ բնակարան ստանան: Բոլորս անտուն մարդիկ էինք: Տասնյակ տարիներ վագոններ ենք բեռնաթափել, սարսափելի ծանր աշխատանք ենք կատարել՝ հույս ունենալով, որ մեր բնակարան ստանալու հերթը շուտով կգա: Ցուցակում ես առաջնային տեղերում էի, բայց 1988-ին մեզնից շատերն իրենց հերթը զիջեցին երկրաշարժից տուժածներին»: Բնականաբար, անկախություն ձեռք բերելուց հետո բոլոր գործարանները մասնավորեցրին, իսկ պետությունից բնակարան ստանալու ակնկալիքները վերացան: 1996թ. «Հայսեյսմոշինի» կատարած հետազոտության եզրակացությամբ՝ հանրակացարանը համարվել է խիստ վթարային, մինչդեռ ներկայումս շենքի վթարայնությունն իրենից շատ լուրջ վտանգ է ներկայացնում: Հանրակացարանում բնակվող 10 ընտանիքների անվտանգությունը կասկածի տակ է, քանի որ ականատես եղանք, թե ինչպես են շենքի պատերի ճաքերը տարիների ընթացքում մեծացել: Ի դեպ, տարիներ առաջ «Լիճ» կոմբինատի ղեկավարությունը հանրակացարանի բնակիչներին շենքից վտարելու հայցով դիմել է դատարան, սակայն հայցը մերժվել է: Հանրակացարանի բնակիչներն ահազանգում են քաղաքային իշխանություններին՝ խնդրելով օգնել իրենց: Սոցիալապես անապահով այս ընտանիքներն ի զորու չեն նոր բնակարաններ գնել եւ տեղափոխվել, հետեւաբար կոչ են անում՝ աջակցել իրենց: «Ընտրություններ են սկսվում, կուսակցություններն ու պատգամավորական թեկնածուները խոստումներ են շռայլում: Որեւէ մեկն էստեղ ոտք չի դրել: Երեւի չգիտեն էլ, որ էս քանդված տարածքում 10 ընտանիք է ապրում: Թող գան, մեր վիճակը տեսնեն ու մի բան առաջարկեն: Մենք պատրաստ ենք ձայն տալ նրանց, ովքեր մեզ այս ծանր վիճակից դուրս կբերեն»,- ասում են նրանք՝ հավելելով, որ անգամ սեփականության իրավունք չունեն: Բնակիչների հավատմամբ՝ հանրակացարանի շենքը ներկայումս ՀՀ Տարածքային կառավարման նախարարության ՀՀ Պետռեզերվի գործակալությանն է պատկանում: Ռուզաննա Ղամբարյանը վստահեցնում է, որ նամակով դիմել են ՏԿ նախարար Հովիկ Աբրահամյանին, սակայն պատասխան են ստացել, թե դիմումն ուղարկվել է ՀՀ Ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարություն, քանի որ նախկինում շենքը պատկանել է ՖԷՆ-ին: «Ֆինանսների նախարարությունն էլ ուղարկել է Պետռեզերվ գործակալություն, ու՝ այդպես շարունակ, բայց ոչ մի ուշադրություն: Բայց մենք Հայաստանի քաղաքացիներ ենք չէ՞, ո՞ւմ խնդրենք, որ մեզ այս վիճակից դուրս բերեն: Պիտի շենքը փլվի, մենք տուժենք, հետո նո՞ր արձագանքեն»,- ասում է Ռ. Ղամբարյանը: Բնակիչները վկայում են, որ Էրեբունու թաղապետարանն այդ շենքը վերանորոգելու համար ոչինչ չի նախաձեռնում՝ պատճառաբանելով, թե այն պատկանում է Պետռեզերվ գործակալությանը: Վերջիններս հիշեցնում են, որ հանրակացարանում երեխաներ են բնակվում, ովքեր չափահաս դառնալուն պես զորակոչվելու են բանակ: «Վաղը-մյուս օրը, եթե երեխաների վրա շենքը փլվի, ի՞նչ է լինելու: Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանն ասում է, որ անապահով մարդկանց օգնում է: Խնդրում ենք, թող էս շենքն էլ գան նայեն: Հանրակացարանի կողքի տարածքը պատկանում է Պաշտպանության նախարարությանը, իրային բազան է, որտեղ զինվորականների համազգեստներն են պահվում: Գոնե այս տարածքն էլ ընդգրկեին Պաշտպանության նախարարության տարածքի մեջ եւ հանրակացարանի շենքը մի քիչ կարգի բերեին, թե չէ, ո՛չ Տարածքային կառավարման նախարարությունից, ո՛չ էլ մյուսներից հույս չկա»,- ասում են բնակիչները, ովքեր տարիներ շարունակ քաշքշուկի մեջ են, քանի որ որեւէ կառույց հանձն չի առնում այս խնդրին հետամուտ լինել: «Եթե հնարավոր է վերանորոգել՝ թող վերանորոգեն, իսկ եթե ոչ՝ գոնե մեզ այլ շենքում տեղավորեն»,- ասում են հանրակացարանի բնակիչները: