Ռուսաստանի դեմ չի ուղղված

10/03/2007

ԱՄՆ կառավարությունը որեւէ որոշում չի ընդունել` կապված Կովկասի տարածաշրջանում հակահրթիռային պաշտպանության հետ, ու ներկայումս այդ հարցի շուրջ չի բանակցում տարածաշրջանի ոչ մի երկրի հետ: «Արմենպրեսին» ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատնից հայտնել են, որ փետրվարի 28-ին ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության գործակալության ղեկավար, գեներալ Հենրի Օբերինգը հանդիպում է ունեցել ՆԱՏՕ-ի դաշնակիցների ու ՆԱՏՕ-Ռուսաստան խորհրդի անդամների հետ` քննարկելու ԱՄՆ հակահրթիռային պաշտպանության ծրագիրը, այդ թվում` Միջին Արեւելքից եկող վտանգներին դիմակայելու նպատակով Եվրոպայում հակահրթիռային պաշտպանության սարքավորումներ ու ռադար տեղադրելու հարցը: «Միացյալ Նահանգներն այս համակարգը մշակել է թե՛ եվրոպացիների, թե՛ ռուսների հետ ինտենսիվ խորհրդակցությունների արդյունքում եւ շարունակելու է քննարկումները Ռուսաստանի ու ՆԱՏՕ-ի դաշնակիցների հետ: Հակահրթիռային պաշտպանության այս ծրագրի նպատակն է՝ պաշտպանել մեզ եւ մեր բարեկամներին հրթիռային վտանգներից, որոնք կարող են բխել Միջին Արեւելքից: Այն որեւէ կերպ ուղղված չէ Ռուսաստանի դեմ»,- ասված է ԱՄՆ դեսպանատան հայտարարության մեջ: