Իրար դեմ են

10/03/2007

Մեծամասնական 41 ընտրատարածքներում առաջադրված 173 պատգամավորության թեկնածուներից միայն ինն են կանայք: Ամենից շատ թեկնածուներ առաջադրվել են թիվ 4, 31,12, 14 ընտրատարածքներում: Առաջին երկու ընտրատարածքներում առաջադրվել են 10-ական, երկրորդում` 9, երրորդում` 8 թեկնածուներ: Թիվ 4 ընտրատարածքում պատգամավորության մանդատի համար մրցակցելու են Հայաստանի երիտասարդական, «Ազգային Միաբանություն», Հայաստանի Առաջադիմական, «Օրինաց Երկիր», «Բարգավաճ Հայաստան», ՀՀԿ, ՀՅԴ, ՀՀՇ, ինչպես նաեւ՝ երկու քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված թեկնածուները: Թիվ 31 ընտրատարածքում պայքարն ընթանալու է ՀՀԿ, «Օրինաց Երկիր», «Դաշինք», ՀԺԿ, ՀՀՇ եւ քաղաքացիական նախաձեռնությամբ առաջադրված տասը թեկնածուների միջեւ: Թիվ 7, 20, 27, 28 ընտրատարածքներում առաջադրվել են մեկական թեկնածուներ: Այդ ընտրատարածքներում, համապատասխանաբար, առաջադրված են ԱԺ պատգամավոր, անկուսակցական Սամվել Ալեքսանյանը, ԱԺ պատգամավոր, ՀՀԿ անդամ Հրանտ Գրիգորյանը, ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ Մելիք Մանուկյանը եւ ԱԺ պատգամավոր, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը: Ի դեպ, թիվ 6 ընտրատարածքում «Դաշինք» կուսակցությունը երկու թեկնածու ունի` մեկը կուսակցական Վահան Կարապետյանն է, մյուսը՝ «Դաշինքի» համամասնական ցուցակում ընդգրկված Տիգրան Պետրոսյանցը, ով հայտնի է որպես «Նիգ-Ապարան» հայրենակցական միության նախագահի տեղակալ:

Հիշեցնենք, որ կուսակցությունների ընտրական ցուցակը կգրանցվի, եթե կուսակցությունը սահմանված ժամկետում` մինչեւ մարտի 28-ը, ԸՕ-ի սահմանված կարգով կներկայացնի անհրաժեշտ փաստաթղթերը եւ առաջադրումը պաշտպանելու պաշտոնաթերթիկներում առկա կլինի առնվազն 30 հազար վավեր ստորագրություն: Մեծամասնական ընտրակարգով առաջադրված պատգամավորության թեկնածուները գրանցվում են ԸԸՀ-ի որոշմամբ: Առաջադրման փաստաթղթերը համապատասխան ԸԸՀ են ներկայացվում քվեարկության օրվանից ոչ շուտ, քան 75, եւ ոչ ուշ, քան 70 օր առաջ: