Հայաստանի խոշոր գործարարներից մեկը «168 Ժամի» հետ զրույցում կարծիք էր հայտնել, որ 2007-ը՝ որպես ընտրական տարի, տնտեսության վրա վատ կանդրադառնա։ Հիմնավորումը հետեւյալն էր. ավելի շատ ուշադրություն են դարձնելու քաղաքականությանը, քան տնտեսությանը։
Ընդհանրապես, ամբողջ աշխարհում ընդունված փաստ է, որ ընտրությունները բացասաբար են ազդում տնտեսության վրա. տնտեսական ակտիվությունը նվազում է։ Դա արտահայտվում է ֆոնդային բորսաների ինդեքսների անկմամբ։ Այն նույն ինդեքսների (Dow Jones, Nasdac եւ այլն), որոնք օրը մի քանի անգամ ցույց է տալիս Եվրոնյուզը, եւ որոնց Հայաստանում, ցավոք, ոչ ոք բանի տեղ չի դնում։ եւՑանկացած նորմալ երկրում ընտրություն՝ նշանակում է անորոշություն, անորոշությունը նշանակում է ռիսկ, իսկ ներդրողների համար ռիսկը հիմնական խոչընդոտներից մեկն է։
Սակայն, որքան էլ զարմանալի է, գալիք ընտրություններն առայժմ ոչ մի կերպ չեն անդրադարձել Հայաստանի տնտեսության վրա։ Ֆոնդային ինդեքսներ մենք չունենք, որ դրանցով համեմատություններ անենք։ Փոխարենը կան մի քանի այլ ցուցանիշներ։ Օրինակ, ազգային դրամի փոխարժեքն ընտրություններից առաջ սովորաբար ընկնում է։ Մեզ մոտ առայժմ հակառակն է նկատվում։ Դոլարի փոխարժեքն արդեն իջել է տարվա համար կանխատեսված 357 դրամից։
Երկրորդ, ընտրությունների նախաշեմին իջնում են նաեւ անշարժ գույքի գները։ Սա էլ է մեզ մոտ հակառակը՝ անշարժ գույքի գները շատ արագ բարձրանում են։
Տնտեսության ընդհանուր վիճակի ցուցանիշներն էլ բավական հետաքրքիր են։ Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, 2007թ. հունվար ամսին մեր ՀՆԱ-ի աճը կազմել է 12%։ 2006-ին այդ ցուցանիշը 7.7% էր։ Անցյալ տարվա հունվարին մեր արդյունաբերությունն անկում էր ապրել 1.3%-ով, իսկ այս տարի աճել է 4%-ով։ Այս տարվա առաջին ամսվա արտահանման աճը (24%) երկու անգամ գերազանցում է նախորդ տարվա հունվարինը (10.5)։ Մի խոսքով, կարելի էր կարծել, թե նախընտրական տարի եղել է 2006-ը։
Քիչ մնաց մոռանայինք հարկերը։ Հարկային պետական ծառայության պետ Ֆելիքս Ցոլակյանը «168 Ժամին» տված հարցազրույցում կարծիք էր հայտնել, որ քաղաքականության մեջ ընդգրկված խոշոր սեփականատերերն իրենց դեռ կդրսեւորեն խոշոր հարկատուների ցուցակում։ Այսինքն, շատ հարկեր մուծելն ու ցուցակում վեր բարձրանալը լրացուցիչ PR կարող է ծառայել նրանց համար։ Այս տարվա առաջին եռամսյակի խոշոր հարկատուների ցուցակը կհրապարակվի, ամենայն հավանականությամբ, ապրիլի մեջ՝ նախընտրական քարոզարշավի թեժ շրջանում։ Իսկ ՀՊԾ պետի կարծիքն իրականությանը շատ մոտ է։
Ուրեմն ինչ, ստացվում է, որ նախընտրական շրջանը մեր տնտեսության վրա ոչ մի բացասական ազդեցություն չունի՞։ Դժվար է ասել, քանի որ մինչեւ ընտրությունները դեռ 2 ամսից ավելի ժամանակ կա։ Գուցե ոմանք ասեն՝ սա անդորր է փոթորկից առաջ, սակայն առայժմ ոչ մի նշույլ չկա, որ կարող է անգամ թեթեւ ալեկոծություն լինել։
Իհարկե, եթե տարվա վերջում լինեն ինչ-որ տնտեսական բացթողումներ, օրինակ, աճն «այնքան էլ երկնիշ» չլինի, ապա դա կբացատրվի տարվա՝ ընտրական լինելով։ Սակայն լուրջ տատանումներ դժվար թե լինեն։
Գլխավոր պատճառը թերեւս այն է, որ մեր իրականությունն ավելի դաժան է, եւ պատահականություններն այստեղ տեղ չունեն։ Արտասահմանում ընդդիմադիր գործչին սատարող գործարարը երբեք չի վախենա, որ նրա չընտրվելու դեպքում իր բիզնեսին «կկպնեն»։ Նույնպես եւ գործող իշխանությանը սատարող տնտեսվարողները որեւէ վախ չունեն, որ ընդդիմության հաղթելու դեպքում իրենց ունեցվածքը ձեռքներից «կխլեն»։ Բիզնեսմեններն այս կամ այն ուժին սատարում են՝ առաջին հերթին հաշվի առնելով նրանց ծրագրային դրույթները՝ այն, թե ի՞նչ հարկային քաղաքականություն են վարելու եւ այլն։
Հայաստանյան իրականությունն այլ է, շատ ավելի դաժան։ Բիզնեսմենը փախչելու տեղ, սխալվելու իրավունք չունի։ Ընդդիմությանը սատարելու հայտարարություն անելու դեպքում, հենց հաջորդ օրը «Հայլուրով» կիմանանք նրա կատարած խոշոր տնտեսական հանցագործությունների եւ նրա կենսագրության մութ էջերի մասին։ Սրա արդյունքում, Հայաստանի խոշոր բիզնեսն ամբողջությամբ սերտաճել է իշխանական կամ պոտենցիալ իշխանական կուսակցությունների հետ՝ իրեն ապահովագրելու համար։ Կարող եք աչքի անցկացնել ՀՀԿ, ԲՀԿ, կամ իշխանության գալու հավակնություններ ունեցող մյուս կուսակցությունների համամասնական ցուցակները եւ տեսնել՝ քանի՞ բիզնեսմեն կա այնտեղ։
Դա լիովին հասկանալի է. գործարարներին ձեռնտու է կայունությունը։ Կայունությունն էլ նրանց համար առաջին հերթին ներկա իշխանությունների վերընտրությունն է։ Իսկ «ընտրություն» ասվածը մեզանում կարծես ամենեւին էլ անորոշություն չէ, ինչպես լինում է նորմալ երկրներում։ Իշխանություններին արդեն հաջողվել է մարդկանց մեջ ներարկել այն միտքը, որ ամեն ինչ նախապես որոշված է՝ կոնկրետ տոկոսներով, ընտրություններն էլ զուտ ֆորմալ բնույթ են կրելու։ Եթե անորոշություն չկա, չկա եւ ռիսկ, հետեւաբար, չկան եւ տնտեսական ցնցումներ։
Ինչ վերաբերում է սկզբում հիշատակված «տնտեսությանը քիչ ուշադրություն դարձնելուն», ապա այդ արտահայտությունը շատ պայմանական է։ Մեզանում այդ «ուշադրություն դարձնելը» նույնացվում է տնտեսվարողին հարկային մամլիչի տակ դնելու հետ։ Եվ շատերը մեծ հաճույքով պատրաստ են հրաժարվել այդօրինակ «ուշադրությունից»։
Ինչեւէ, ամեն ինչ ցույց կտա ժամանակը։ Դատողություններ եւ կանխատեսումներ անելը մեր պարագայում անիմաստ է։ Հայաստանն այնպիսի ունիկալ երկիր է, որ չի տեղավորվում ոչ մի տնտեսական կամ քաղաքական օրինաչափության մեջ։ Մի երկրում, որտեղ տնտեսությունն աճում է երկնիշ թվերով, բայց մարդը կարող է սոցիալական պատճառներով իրեն հրկիզել, ամեն ինչ էլ հնարավոր է, այդ թվում՝ ընտրական սյուրպրիզներ։ Հրաշքներ, ասում են, երբեմն լինում են, եթե դրանց հավատում ես։