Ընտրություններին կմասնակցի նաեւ «Քոմեդի քլաբը»

10/03/2007 Լիլիթ ՍԵՅՐԱՆՅԱՆ

Համամասնական ընտրակարգով ընտրութուններին մասնակցելու համար ԿԸՀ-ում գրանցված 28 կուսակցություններից միայն մեկն է, որի մասին մինչ օրս ոչինչ հայտնի չէ: Խոսքը Միացյալ ազատական ազգային կուսակցության (ՄԻԱԿ) մասին է:

Պարզվեց, այս կուսակցության մասին չէինք էլ կարող որեւէ բան իմանալ, ասենք, նախորդ շաբաթ, որովհետեւ այն դեռեւս գրանցված չի եղել: Կուսակցության գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանը երեկ մեզ հետ հեռախոսազրույցում նշեց, որ ՄԻԱԿ-ն ընդամենն օրեր առաջ է իր փաստաթղթերը ներկայացրել պետռեգիստր, եւ գրանցվելուն պես անմիջապես հայտ է ներկայացրել ԿԸՀ` առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար: «Երկու օր առաջ ենք գրանցվել, փաստաթղթերը ներկայացրել ենք պետռեգիստր եւ գրանցվել ենք: Ստեղծման մեջ որեւէ առանձնահատուկ նպատակ չկա, բացի այն, որ քաղաքական պրոցեսներին մասնակցելու ցանկություն կա,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը։- Սովորական կուսակցություն է, որեւէ բանով մյուսներից չի տարբերվում»: Բնականաբար հետաքրքրվեցինք, որ` եթե մյուսներից որեւէ բանով չի տարբերվում, ինչո՞ւ են նորը ստեղծել: Ի պատասխան՝ Լ. Մարտիրոսյանն ասաց. «Ստեղծել ենք, որ մեր սեփական կուսակցությունով մասնակցենք քաղաքական գործընթացներին»: Ճիշտ է` կուսակցության անվանումն արդեն հուշում էր, թե այն ինչ գաղափարախոսությամբ է առաջնորդվելու, սակայն կուսակցության գլխավոր քարտուղարից, այնուամենայնիվ, հետաքրքրվեցինք, թե ինչպիսի՞ն է իրենց կուսակցության ծրագիրը եւ ի՞նչ խնդիրներ է արծարծում այն: «Մենք նոր կուսակցություն ենք, դեռ չենք հասցրել հրապարակել մեր կանոնադրությունը: Շուտով մեր էլեկտրոնային կայքը կլինի, եւ ամեն ինչ կտեղադրվի, մեր ծրագիրն ու կանոնադրությունը: Բայց նշեմ, որ մենք լիբերալ կուսակցություն ենք եւ առաջարկում ենք իրականացնել լիբերալ կարդինալ բարեփոխումներ»,- ասաց Լեւոն Մարտիրոսյանը:

Քանի որ նախընտրական փուլում նոր կուսակցությունների ստեղծումն առանձնապես նոր երեւույթ չէ Հայաստանում (հիշենք թեկուզ 2003թ. ԱԺ ընտրություններից առաջ ստեղծված «Արդարություն» կուսակցությունը), միանգամից նշենք, որ այս կուսակցությունը, թերեւս, մեզ չհետաքրքրեր, եթե նրա համամասնական ցուցակի երկրորդ հորիզոնականը զբաղեցնող անձը ծանոթ չլիներ: Իսկ ՄԻԱԿ-ի երկրորդ հորիզոնականում, որքան էլ զարմանալի է, հայտնի «Քոմեդի քլաբ» ծրագրի մասնակից եւ խմբագիր, շատերի կողմից սիրված Գարիկ Մարտիրոսյանն է` ՄԻԱԿ-ի գլխավոր քարտուղար Լեւոն Մարտիրոսյանի հարազատ եղբայրը: Հենց նա էլ այս կուսակցության միակ «առանձնահատկությունն» է: Դա չի թաքցնում նաեւ Լ. Մարտիրոսյանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ է որոշել զբաղվել քաղաքականությամբ, Լ. Մարտիրոսյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ է ասում, որ նա որոշել է զբաղվել քաղաքականությամբ: Ցուցակում նրա անունը կա, որպեսզի ցուցակն ամրապնդվի իր ներկայությամբ, եւ նա մասնակցի ընտրարշավին: Այո, Գարիկը քաղաքականությունից հեռու մարդ է: Ցուցակում բոլորն էլ մինչ այս հեռու են եղել քաղաքականությունից: Ինչ-որ մեկը չկա, ով մինչ այս մոտ է եղել քաղաքականությանը»: Լ. Մարտիրոսյանը նաեւ հավաստեց, որ նախընտրական քարոզարշավի սկսվելուն պես Հայաստան կգա նաեւ Գարիկ Մարտիրոսյանը, ու կմասնակցի ՄԻԱԿ քարոզարշավին։

Հ.Գ. ՄԻԱԿ ցուցակը կազմված է 23 հոգուց: