Կովկասյան վագրը շարունակում է մլավել

10/03/2007 Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Համաշխարհային բանկը (ՀԲ) կազմել է Հայաստանի տնտեսության զարգացման վերաբերյալ «Կովկասյան վագր» անունը կրող հերթական երկհատորյա զեկույցը: Հիշեցնենք, որ անցյալ տարվա զեկույցն ի սկզբանե ուներ ավելի սարսափազդու անվանում՝ «Կովկասյան վագրի մռնչյունը»:

Բայց հետո «մռնչյուն» բառը հանվեց, եւ մնաց միայն տնտեսագիտական տերմինը՝ կովկասյան վագրը: Իսկ այս տերմինն իր տնտեսագիտական նշանակությունը կորցրեց եւ զվարճալի դարձավ այն ժամանակ, երբ Հայաստանը «Կովկասյան վագր» անվանեց ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Դրանից հետո արդեն հստակ չէր, թե ՀԲ-ն «Կովկասյան վագր» ասելով՝ ձե՞ռք է առնում Հայաստանին, թե՞ լուրջ է վերաբերվում: Մանավանդ, որ այդ անունը կրող զեկույցի մեջ անընդհատ հիշատակվում է, թե Հայաստանն աղքատ եւ կոռումպացված երկիր է: Այս տարվա զեկույցում էլ նշված է, որ Հայաստանը շարունակում է մնալ կոռումպացված, ստվերային տնտեսություն ունեցող աղքատ երկիր, եւ 1 շնչին հասնող եկամուտները կազմում են 1600 դոլար՝ Բալթյան երկրների ցուցանիշի մեկ երրորդը: ՀԲ-ի մասնագետներն այս անգամ մեկ այլ հետաքրքիր համեմատություն էլ են արել՝ ՀՀ տնտեսության զարգացումը նմանեցրել են «Ասիական վագրի» հետ, որովհետեւ վերջին 5 տարիներին ապահովել է երկնիշ թվով աճ: Ընթերցողներին տեղեկացնենք, որ «Ասիական վագր» են համարվում Հոնկոնգը, Կորեան, Սինգապուրը, որոնք ունեն շատ ավելի զարգացած տնտեսություն, եւ որոնց հետ հաշվի են նստում նույնիսկ զարգացած տնտեսություն ունեցող եվրոպական երկրները: Իսկ Հայաստանը զարգացման այս որակական տեմպերով նույնիսկ 10 տարի հետո էլ չի կարողանա մրցակցել, ասենք, Կորեայի հետ: Այսօր մեր խանութները հեղեղված են Կորեայում արտադրված էլեկտրական տարբեր տեսակի տեխնիկայով: Այնպես որ, ՀԲ-ն հաստատ Հայաստանին ձեռք է առել՝ այս անգամ էլ նմանեցնելով «Ասիական վագրի» հետ: Իհարկե, զեկույցում երբեմն դրական բնութագրումներ էլ կան, սակայն յուրաքանչյուր դրական խոսքին հետեւում են բազմաթիվ բացասական մտքեր եւ մտահոգություններ: Եվ տպավորություն է ստեղծվում, թե դրական բնութագրումները ոչ թե իրականությունն են արտացոլում, այլ միջազգային կառույցներին հատուկ քաղաքականություն է: Այսպես՝ զեկույցում նշված է, որ ՀՆԱ-ի աճի տպավորիչ տեմպերին զուգահեռ տնտեսության աճը համարժեք չի անդրադառնում զբաղվածության վրա, եւ աշխատունակ բնակչության 1/5-ը գործազուրկ է:

«Ձեւավորվել է աշխատանքի երկակի շուկա, որին բնորոշ է կատարված աշխատանքին ոչ համարժեք՝ ցածր վարձատրությունը կամ ընդամենը գոյատեւման համար բավարար եկամուտ ապահովող աշխատանքը: Ներդրումների եւ տնտեսության աճի հետ զբաղվածության մակարդակի ոչ համադրելի բարձրացման պատճառը երկրի գործարար միջավայրն է… Զբաղվածության մակարդակի բարձրացման առաջնահերթ խնդիրն ընկերությունների ստեղծումն ու խոշորացումը խոչընդոտող արգելքների վերացումն է: Մրցակցության խթանելուն կոչված կառույցների եւ գործառույթների ձեւավորման թերությունները հանգեցնում են գործազրկության մակարդակի պահպանմանը»,- նշված է աշխատության մեջ:

Անցյալ տարվա զեկույցում նշված էր, թե ՀՀ-ն իր տնտեսական աճի բարձր տեմպերով պարտական է առաջին սերնդի կառուցվածքային բարեփոխումների իրականացմանը: ՀՀ իշխանությունները պատեհ առիթը բաց չեն թողնում քննադատելու իրենց նախորդների վարած տնտեսական քաղաքականությունը, մինչդեռ ՀԲ-ն շեշտում է, որ վերջին տարիների տնտեսական երկնիշ աճն ապահովվել է նախկինում կատարված բարեփոխումների շնորհիվ: Զեկույցում ասվում է, որ աճի հետագա հնարավորությունները կախված կլինեն երկրորդ սերնդի բարեփոխումների իրականացումից: Այս անգամ ՀԲ-ի մասնագետները նշում են, թե Հայաստանն անպայման պետք է օգտվի բարեփոխումների նոր հնարավորություններից, որոնք ուղղված կլինեն մրցակցային միջավայրի զարգացմանը, առեւտրի եւ կապիտալի միջազգային շուկաների հետ ավելի սերտ ինտեգրմանը, ֆինանսական շուկաների խորացմանը եւ բարձր տեխնոլոգիաների ներդրման նպատակով նոր գիտելիքների յուրացման համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանը:

«Երկրորդ սերնդի բարեփոխումներում առկա հնարավորություններից չօգտվելու եւ դրանց առնչվող ինստիտուցիոնալ ու քաղաքական դժվարությունները չհաղթահարելու դեպքում հաջորդ տասնամյակում տնտեսության աճի բարձր տեմպերը կվտանգվեն: Չնայած վերջին մի քանի տարիներին աճի բազայի ընդլայնմանը, այն շարունակում է մնալ սահմանափակ, արտահանումը կենտրոնացած է որոշակի ապրանքների ու շուկաների վրա: Թույլ զարգացած մրցակցության եւ քաղաքական ենթատեքստի ազդեցությամբ առաջացող լրացուցիչ ծախսերի պարագայում առկա են տեղական ու մասնավոր ներդրումների աճը խոչընդոտող նշանակալի գործոններ, եւ երկիրը պատշաճ կերպով չի օգտվում գիտելիքների ու նորարարության խթանման հնարավորություններից»,- նշված է զեկույցում:

ՀԲ-ի մասնագետների կարծիքով՝ թեեւ Հայաստանը ձեռնամուխ է եղել երկրորդ սերնդի բարեփոխումներին, սակայն կոռուպցիային առնչվող խնդիրները, հարկային ու մաքսային ոլորտում կամայական գործելաոճը, կորպորատիվ կառավարման ոլորտի ցածր զարգացածությունը, ներդրումների համար անբարենպաստ պայմանները շարունակում են խոչընդոտել տնտեսության զարգացմանը: Զեկույցում նշված է, որ վերը նշված թերությունները խոչընդոտում են հատկապես հեռահաղորդակցության ու ավիացիայի ոլորտների զարգացմանը: Ստեղծված անբարենպաստ միջավայրը հանգեցրել է ապրանքային երկակի շուկաների ստեղծմանը, որտեղ գերիշխող դիրք ունեցող ձեռնարկատերերն օգտվում են գույքային իրավունքի պաշտպանությունից, հարկային ու մաքսային կողմնապահ գործելաոճից, իսկ շուկա մուտք գործել ցանկացողները հայտնվում են ոչ շահեկան վիճակում: ՀԲ-ի մասնագետները կարծում են, որ վերը նշված թերությունները վերացնելու համար ՀՀ-ն պետք է վերանայի իր վարած քաղաքականությունը: Զեկույցում տարբեր առիթներով է նշվում, որ տնտեսության զարգացմանը խոչընդոտում է հատկապես հարկային եւ մաքսային վարչարարությունը: Այս կառույցների վարած քաղաքականության պատճառով Հայաստանում կաղում է մրցակցությունը: Բավականին ընդարձակ անդրադարձ կա տնտեսության տարբեր ոլորտներին եւ հատկապես՝ վառելանյութի շուկային:

«Վառելանյութի առեւտրի ոլորտի թույլ մրցակցության հետեւանքով զգալիորեն տուժում է հասարակության բարեկեցությունը: Վառելանյութի ներկրման վիճակագրությունը չի արտացոլում երկրի իրական պատկերը: 2000 թ.-ից նվազել է վառելիքի ներմուծումը: Եվ սա տեղի է ունեցել ներմուծվող ավտոմեքենաների քանակի շեշտակի աճի դեպքում, երբ ամենակոպիտ հաշվարկներով՝ տարեկան ՀՀ է ներմուծվում ավելի քան 14.000 ավտոմեքենա: Այս պարագայում ամենահավանական բացատրությունն այն է, որ վառելիքի մի մասը ներմուծվում է մաքսանենգ ճանապարհով»,- նշված է զեկույցում:

Արժե հիշեցնել, որ վառելիքի շուկային վերաբերող հատվածը գրեթե ոչնչով չէր տարբերվում անցած տարվա զեկույցի բնութագրումներից: Սա նշանակում է, որ ոլորտում տիրող վիճակը շարունակում է մնալ նույնքան անմխիթար, ինչը, խոստովանենք, որ վայել չէ «Կովկասյան վագրին»: ՀԲ-ի մասնագետներն անդրադարձել են նաեւ տնտեսության մյուս ոլորտներին, ներկայացրել են եղած թերություններն ու հետագա զարգացմանը խոչնդոտող գործոնները: Իսկ զեկույցի այդ հատվածներին կանդրադառնանք առաջիկայում: