Մետրոյի ջարդուխուրդ արված վագոններ, կոտրված ծնոտներ ու կողեր, մի քանի մարդ հիվանդանոցում են, մի քանիսը` ոստիկանությունում: Ահա այսպիսին են Ռուսաստանի սուպերգավաթի համար ԲԿՄԱ-ի եւ «Սպարտակի» միջեւ շաբաթ օրը կայացած ֆուտբոլային խաղի հետեւանքները: Այն, որ թեժ խաղ է լինելու, վաղուց էր պարզ: Առանց այդ էլ անհաշտ հակառակորդներն այս խաղաշրջանում արդեն մի անգամ հանդիպել էին Իսրայելում` Ռուսաստանի Առաջին ալիքի անվան անհասկանալի մրցաշարում: Դրանից հետո սպորտային կայքերը դարձել էին սպարտակցիների եւ բանակայինների մրցահրապարակ: Բանավոր մենամարտերը, ինչպես եւ խոստացել էին ֆանատները, պիտի վերաճեին հարաբերությունների իրական պարզաբանման: Իրավիճակն ավելի սրեց երկու թիմերի անճարակ խաղը ՈՒԵՖԱ-ի գավաթի համար: Ու թեեւ բանակայինները տանուլ տվեցին քիչ հայտնի իսրայելական թիմին, իսկ սպարտակցիները`նույնքան քիչ հայտնի իսպանականին, այդ պարտություններն ավելի սրեցին երկրպագուների անհաշտ հակամարտությունը: Անիմաստ է հարցնել, թե որտեղ էր ոստիկանությունը: Ողջ հետխորհրդային տարածքում այն կարծես նույնն է. ոստիկանությունն անկարող է կանխարգելել իրադարձությունների նման զարգացումը: Թեեւ շաբաթ օրը Մոսկվայում տեղի ունեցած ծեծկռտուքը կարելի էր կանխել: Առավել եւս, որ զանգվածային կռիվները սկսվել էին խաղի սկսվելուց դեռ առաջ եւ մայրաքաղաքի տարբեր շրջաններում: Սակայն չկանխեցին, ինչով էլ եւս մի անգամ ապացուցեցին, որ շուկայում առեւտուր անող անմեղ ադրբեջանցի առեւտրականների կամ տաջիկ ու մոլդովացի շինարարների դեմ պայքարելը նրանց շատ ավելի լավ է հաջողվում, քան իսկական խուլիգաններին ու հաստագլուխներին ցրելը, որոնք քողարկվում են ֆուտբոլային ակումբների դրոշների ներքո: Եվ դժվար թե սա վերջին խոշոր ծեծկռտուքը լինի. ֆուտբոլային սեզոնը դեռ նոր է սկսվում: Շաբաթ օրը մեկնարկում է ազգային չեմպիոնատը…
ԱՊՀ մյուս երկրներում չեմպիոնատն ընթացքի մեջ է: Ավելի ճիշտ` այն երկրներում, որոնք անցել են աշուն-գարուն համակարգին: Ճիշտ է, թե՛ կրքերը, թե՛ չեմպիոնատների մակարդակն անհամեմատ զիջում են Ռուսաստանին: Ուկրաինայում, արդեն մի տարի է, հակամարտում են Կիեւի «Դինամոն» եւ Դոնեցկի «Շախտյորը»: Սակայն տուրուդմբոցներ չեն լինում: Վրաստանում ամեն ինչ ավելի լուրջ է: Չեմպիոնի կոչմանը հավակնում են միանգամից մի քանի թիմ: Եթե միլիոնատեր Բադրի Պատարկացիշվիլին, որ վերջերս ցանկանում էր գնել Լոնդոնի «Վեստ Հեմ» ակումբը, լրջորեն հիշի Թբիլիսիի սեփական «Դինամոյի» մասին, մի թիմ, որ ժամանակին հայտնի էր ողջ աշխարհում եւ սիրված ԽՍՀՄ-ում, ապա մրցաշարի ելքը ոչ մի տարակույս չի հարուցի ոչ ներկա, ոչ հետագա մրցաշրջաններում: Սակայն երեւում է` նա որոշել է աջակցել ազգային չեմպիոնատի ինտրիգներին, այդ պատճառով ձեռնպահ է մնում խոշոր ֆինանսական ներդրումներից: Ահա եւ «Դինամոն» աշնանային մրցաշրջանից հետո պահպանում է իր դիրքը` առաջատարներից մի քիչ հետ մնալով, սակայն չեմպիոնատի համար դա էլ բավական է:
Հայաստանն ու Ադրբեջանը նույնպես շուտով իրենց առաջնությունների մեկնարկը կտան: Այդ երկրների ֆուտբոլային կյանքում ամենահետաքրքիրը, թերեւս, այն է, որ նրանց ազգային հավաքականները Եվրոպայի չեմպիոնատում հայտնվել են նույն խմբում: Պարզ չէ, թե նրանք ինչպես են խաղալու: Հայերն առաջարկում են մեկը մյուսին հյուր գնալ, Ադրբեջանն անվտանգության երաշխիքներ չի ուզում տալ եւ ուզում է խաղերն անցկացնել կամ Թուրքիայում, կամ Ուկրաինայում:
Նույնպիսի հանգիստ, առանց հուզականության եւ փոքրաթիվ (երկրպագուների թիվը նկատի ունեմ) չեմպիոնատներ են նաեւ ԱՊՀ մյուս երկրներում: Հավաքականներն ուրիշ բան են: Նախկին ԽՍՀՄ երկրների մեծ մասը խաղում են Եվրոպայի առաջնության ընտրական փուլում, եւ ներկա դրությամբ՝ գրեթե ոչ մեկը չի կորցրել Եվրոպա մեկնելու հնարավորությունը, թեեւ իրականում դժվար թե որեւէ մեկին հաջողվի լուծել այդ խնդիրը: Միգուցե Ռուսաստանի՞ն հաջողվի: Թեեւ նա էլ ահավոր վատ է խաղում: Իսկ Ուկրաինայի թիմը շատ ծանրաշարժ է, եւ Իտալիայի, Ֆրանսիայի ու Շոտլանդիայի թիմերի հետ հեշտ չի լինելու: Իսկ հետաքրքիր է. տեսականորեն կարո՞ղ էր արդյոք նախկին ԽՍՀՄ-ի հավաքականը մեկնել Եվրոպա: Եվ ի՞նչ տեսք դա կունենար: Դարպասապահը, ենթադրաբար, կլիներ ԲԿՄԱ-ի Ակինֆեեւը: Պաշտպանները` վրացի Ասաթիանին, ԲԿՄԱ-ից` Բերեզուցկի եղբայրները եւ ուկրաինացի Նեսմաչնին: Կիսապաշտպանները` Կոբիաշվիլին, ուկրաինացիներ Տիմոշչուկն ու Գուսինը, իսկ հարձակվողները` ռուսաստանցի Կերժակովը, Արվելիձեն եւ Շեւչենկոն: Մնացած հանրապետություններից կլինեն 1-2 խաղացող` պահեստայինների կազմում, եւ հավաքականը կարող էր փորձել ուժերը եվրոպական մակարդակով: Բայց այդպիսի թիմ չկա ու չի լինի: Գուցե ինչ-որ ընկերական հանդիպման ժամանակ, բայց դժվար թե, դա քիչ հավանական է: Այնպես որ, հույսը պետք է ուրիշ բանի վրա դնել: Ասում են` ֆուտբոլը դրական հույզեր է արթնացնում: Այդ պատճառով էլ կուզենայի, որ սկսվող կամ վերսկսված առաջնությունների ժամանակ նախկին ԽՍՀՄ բոլոր երկրներում ավելի շատ գեղեցիկ խաղեր լինեին, որոնք կարողանային դրական լիցքեր հաղորդել: Գուցե այդ ժամանակ` դրական հույզերի առկայությամբ, ԱՊՀ-ում խնդիրներն էլ կքչանային: Չէ՞ որ, հիմա որ կողմ նայում ես` միջպետական հակամարտություններ են: