Սերբիայի վերաբերյալ դատարանի վճիռը ցույց տվեց միջազգային իրավունքի սահմանները

10/03/2007 «Նոր ձեւաչափ» խորհրդատվական կենտրոն

Վերջին տարիներին «ցեղասպանություն» բառը սկսել են չափազանց հաճախ օգտագործել: Այնքան հաճախ, որ այն արդեն ընկալվում է որպես սովորական, շարքային երեւույթ. տեսեք-տեսեք, սպանել են մի քանի հարյուր հազար անմեղ մարդկանց: Եվ քչերն են իրենց հարց տալիս, թե ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ են նրանց սպանում էթնիկ սկզբունքով: Եվ ինչո՞ւ են մի դեպքում զանգվածային սպանությունները կոչվում «ողբերգական իրադարձություններ», իսկ մյուս դեպքում՝ ցեղասպանություն:

Հաագայում Միջազգային դատարանի որոշումն այն մասին, որ Սերբիան, որպես պետություն, ուղղակի պատասխանատվություն չի կրում Բոսնիայում պատերազմի ընթացքում իրականացված ցեղասպանության համար, բազմաթիվ հարցեր է առաջացրել: Դրանցից ամենակարեւորն է՝ իսկ ո՞վ է մեղավոր Բոսնիայի մահմեդականների սպանության մեջ: Դատարանն ապացուցված է ճանաչել 1992-95թթ. Բոսնիայում միջէթնիկ հակամարտության ժամանակահատվածում ցեղասպանության միայն մեկ փաստ. 1995 թվականին Սրեբրենիցա քաղաքում մահմեդական համայնքի մոտ 8 հազար տղամարդկանց եւ տղաների սպանությունը Բոսնիայի սերբերի կողմից:

Սակայն, ընդհանրապես, պետք է խոստովանել, որ Հաագայի Միջազգային դատարանը շատ հայտնի վայր է դարձել հին եւ նոր հաշիվների մաքրման համար: Ամենայն հավանականությամբ, Սերբիան իսկապես մեղավոր չէ. պատերազմ էր, եւ ո՞վ գիտե, թե իրականում ովքեր են սպանել բոսնիացի մահմեդականներին: Սակայն դատարանն, այնուամենայնիվ, անհրաժեշտ համարեց նշել, որ Սերբիայի կառավարությունը բավարար միջոցներ չի ձեռնարկել դրա կանխարգելման համար: Բնականաբար, դատավճռի ընթերցումից հետո Բոսնիայի մահմեդականների հոգեւոր առաջնորդներն իրենց հիասթափությունը հայտնեցին Հաագայի Միջազգային դատարանի որոշման վերաբերյալ: «Տասնամյա դատաքննության դրական կողմը դարձավ այն փաստը, որ Սրեբրենիցայի զոհերի հարազատները միջազգային ամբիոն ստացան, սակայն դատարանը հենց սկզբից ոչ մի շանս չուներ մեղադրական դատավճիռ կայացնելու եւ, առավել եւս, պատժամիջոց կիրառելու: Սերբիայի վերաբերյալ դատարանի դատավճիռը ցույց տվեց միջազգային իրավունքի սահմանները»,- գրում է «Times»-ը:

Այս ամբողջ պատմությունը կարող է առնչվել նաեւ Հայաստանին: Ինչպես հայտնի է, Թուրքիան դիտարկում է Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ Միջազգային դատարանին դիմելու հնարավորությունը: Այդ մասին տարեսկզբին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Աբդուլլահ Գյուլը: Նրա խոսքերով, պաշտոնաթող դիվանագետները, թուրք եւ օտարերկրյա «վստահելի» իրավագետ-փորձագետները մանրակրկիտ ուսումնասիրում են այդ հարցը: «Միլիեթ» թերթում հրապարակված «Պատմական քայլ Թուրքիայի կողմից» հոդվածում նշվում է, որ Թուրքիայի կառավարությունը «նոր քաղաքականություն է մշակում» Հայոց ցեղասպանության մասին «պնդումների» առնչությամբ, որը հաջորդում է գիտնականների հանձնաժողովի ստեղծման վերաբերյալ առաջարկին: Թուրքիայի` միջազգային դատարաններին, մասնավորապես, Հաագայի դատարանին դիմելու գաղափարը նորույթ չէ, վերջինիս հեղինակը պաշտոնաթող թուրք դիվանագետ Գյունդուզ Օքթանն է, ով երկար ժամանակ եղել է տարբեր եվրոպական կառույցներում Թուրքիայի դեսպան: ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիայի Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանի խոսքերով, գոյություն ունի Հայոց ցեղասպանության հարցում Թուրքիայի քաղաքականության երկու տարբերակ: «Նրանք պատրաստվում են շարունակելու հերքման կամ միջազգային դատարանին դիմելու քաղաքականությունը, պատճառաբանելով, որ հայերին, միեւնույն է, չի հաջողվի ապացուցել, որ 1915 թվականի իրադարձությունները Ցեղասպանություն է: Հերքման քաղաքականությունը շարունակելու մասին որոշումը կայացվել էր ամենաբարձր մակարդակով՝ Թուրքիայի գլխավոր շտաբի կողմից»,- նշել է նա: Նշենք, որ Օքթանն այդ հարցում խիստ բացասական վերաբերմունք ցուցաբերող թուրք քաղաքական գործիչներից մեկն է, եւ Հաշտության հայ-թուրքական հանձնաժողովի (TARC) անդամ լինելու օրոք մշտապես հանդես է եկել Հայոց ցեղասպանության ճանաչման դեմ: Համենայն դեպս, հազիվ թե Թուրքիան համարձակվի դիմել Հաագայի դատարանին: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին երիտթուրքերի կառավարության կողմից մեկ ու կես միլիոն հայերի սպանության դեմ ապացույցներ միգուցե եւ գտնի, սակայն «հայկական հարցի վերջնական լուծման» մասին ներքին գործերի նախարար Թալեաթ փաշայի հեռագրերը գերակշռում են մնացած բոլորը:

Ի դեպ, Մեհմետ Յիլմազը «Հյուրիեթ» թերթում գրում է, որ Սրեբրենիցայի մասին Միջազգային դատարանի վերջին որոշումը Թուրքիային ցույց է տվել, թե ինչպես նա պետք է լուծի Հայող ցեղասպանության խնդիրը. «Թուրքիան պետք է սկսի Հաագայում այս հարցի ներկայացման նախապատրաստումը եւ կենտրոնացնի ջանքերն այդ ուղղությամբ: Մենք պետք է սովորենք այս հարցով բաց բանավեճեր վարել եւ վերցնենք նախաձեռնությունը մեր ձեռքը: Սակայն մենք պետք է փոխենք մեր ռազմավարությունը եւ որքան հնարավոր է շուտ վերահսկողության տակ առնենք այս հարցի զարգացման գործընթացը»:

Սակայն Հայաստանը պահանջներ ունի ոչ միայն Թուրքիայից: Լրացել է սումգայիթյան ջարդերի 19 տարին, եւ մինչեւ հիմա նույնիսկ իրավական գնահատական չի տրվել այդ ոճրագործությանը, չխոսելով արդեն նյութական փոխհատուցման մասին: Դեռ ավելին, Ադրբեջանը սկսել է Բաքվի կողմից իրագործված, այսպես կոչված, «Խոջալուում ցեղասպանության» լայնածավալ քարոզարշավը: Խոսում են, ավելի ճիշտ՝ այդ մասին խոսում էին ոչ թե հայերը, այլ Ադրբեջանի այն ժամանակվա իշխանությունները: Ադրբեջանի նախկին նախագահ Այազ Մութալիբովն ընդգծում էր, որ

«… Խոջալուի վրա հարձակումը պատահական չէր»: «Նեզավիսիմայա գազետա» թերթին տված հարցազրույցում նա հայտարարել էր, որ «հայերը միջանցք էին թողել մարդկանց դուրս գալու համար»: Սակայն խաղաղ բնակիչների շարասյունն Ադրբեջանի Ազգային ճակատի զինված կազմավորումների կողմից գնդակոծվել էր Աղդամի շրջանի սահմանի մատույցներում, ինչն ավելի ուշ հաստատել էր Այազ Մութալիբովը՝ այդ ոճրագործությունը կապելով ընդդիմության կողմից տեղի ունեցածի ողջ պատասխանատվությունն իր վրա բարդելու եղանակով իրեն իշխանությունից հեռացնելու փորձերի հետ: Նշենք, որ Խոջալուի կրակակետերի վերացումը եւ օդանավակայանի ապաշրջափակումն Ադրբեջանի կողմից լիակատար բնաջնջման դատապարտված ԼՂՀ բնակչության համար ֆիզիկական գոյատեւման միակ միջոցն էր: Ամենօրյա ռմբակոծությունները Խոջալուից խլում էին հարյուրավոր խաղաղ բնակիչների՝ երեխաների, ծերերի եւ կանանց կյանքը:

Ճիշտ է, եթե բոսնիացի մահմեդականների դեպքում կան որոշակի փաստեր, ապա Խոջալուի գործը շատ ավելի բարդ է: Միակ մարդը, որը դուրս գալու ժամանակ նկարահանել է զոհվածներին, իսկ նրանք հիսունն էին, օպերատոր Չինգիզ Մուստաֆաեւն էր, ով նկարահանումից որոշ ժամանակ անց զոհվել է չպարզված հանգամանքներում: Ինչը պաշտոնական Բաքվին չի խանգարում հայտարարել «հայերի գազանությունների» մասին: Ամբողջ շաբաթ ադրբեջանական ԶԼՄ-ները խոսում էին միայն այդ մասին, միջոցառումներ էին կազմակերպվում պետական մակարդակով, եւ այդ ամենը՝ միայն սեփական ժողովրդին իրականում տեղի չունեցածում համոզելու նպատակով: Ուշագրավ է, որ Բաքվում կազմակերպված միջոցառմանը, որին մասնակցելու հրավերք էին ստացել Ադրբեջանում հավատարմագրված դիվանագետները, ներկայացել էին միայն Թուրքիայի, Վրաստանի, Մոլդովայի եւ Եգիպտոսի դեսպանները:

Այդ հարցում բոլորից շատ Ադրբեջանին ձգտում է օգնել Թուրքիան, ինչը միանգամայն հասկանալի է: Բայց ահա Թուրքիայի Օրթադօղու տեխնիկական համալսարանում վեճ է տեղի ունեցել Խոջալուի մասին պատմող ադրբեջանցի ուսանողների եւ մի շարք թուրք ուսանողների միջեւ: Փետրվարի 26-ին ադրբեջանցի ուսանողները պատռել էին հանրակացարանի պատերին փակցված պաստառները «Հրանտ Դինքը եւ ժողովուրդների եղբայրությունը» թեմայով, որից հետո ձախ խմբավորումների ներկայացուցիչների թվին պատկանող այդ պաստառները փակցրած ուսանողների եւ ադրբեջանցի ուսանողների միջեւ ծեծկռտուք է սկսվել: Այնուհետեւ, ի նշան ադրբեջանցիների կողմից պաստառների պատռման դեմ բողոքի, ձախ խմբավորումների ներկայացուցիչները երթ են կազմակերպել համալսարանից մինչեւ հանրակացարաններ: Երթի ընթացքում միջադեպեր տեղի չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, Թուրքիային Ադրբեջանի պատճառով ավելորդ գլխացավանք պետք չէ, բավական է նաեւ այն, որ երկիրը հարկադրված դարձել է Բաքվի պատանդը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում:

Ի մի բերելով վերն ասվածը, հարկ է նշել, որ Հաագայի Միջազգային դատարանն իր որոշմամբ դատավճիռ է կայացրել ոչ միայն Բոսնիայի չհիմնավորված պահանջների վերաբերյալ, այլեւ ստիպել խորհելու բոլոր նրանց, ովքեր կցանկանան դիմել նման հայցով՝ վերջինիս համար գրեթե ոչ մի հիմք չունենալով:

Հիշեցնենք, որ Միջազգային դատարանի բոլոր որոշումները ենթակա են պարտադիր կատարման, վերջնական են եւ բողոքարկման ենթակա չեն: