Հայաստանյան իրականությունում շինարարության մեջ վերջին տարիների նորամուծություններից է «եվրոնորոգում» հասկացությունը: Շատերը սա կպայմանավորեն խորհրդային սովետական հասարակարգից ժողովրդավարական հասարակարգին անցմամբ, եվրոինտեգրմամբ կամ հայերին «բնորոշ օտարամոլությամբ»: Սակայն սա հարցի մյուս կողմն է: Ավանդական կապիտալ վերանորոգման համեմատ այն ունի էական տարբերություններ. առավելություննե՞ր, թե՞ թերություններ՝ բավական վիճելի հարց է:
Կարեւորն այստեղ ֆինանսական հնարավորություններն են, դրանով պայմանավորված՝ շինանյութի որակն ու վարպետների մասնագիտական հմտությունները: Չենք սխալվի, եթե ասենք, որ «եվրոնորոգումը» շատերի կողմից ընկալվում է էժան արտաքին հարդարում կարճաժամկետ օգտագործման համար: Հեռվից այն գեղեցիկ է, հաճելի, սակայն մի փոքր ուշադիր նայելուց հետո անմիջապես աչքի են զարնում բազմաթիվ թերություններ ու բացթողումներ: Եթե մինչեւ հիմա ամբողջությամբ «եվրո» հասկացությունը կենցաղից մուտք չի գործել քաղաքական կյանք, ապա դրա որոշ տարրեր արդեն կարելի է նկատել:
Ավարտվեց Աժ համամասնական եւ մեծամասնական ընտրակարգերով պատգամավորության թեկնածուների առաջադրումը: Հիմնական քաղաքական այս մրցապայքարին մասնակցելու հայտ ներկայացրեցին 28 քաղաքական ուժեր՝ համամասնական ընտրակարգով, եւ 173 ՀՀ քաղաքացիներ՝ մեծամասնական ընտրակարգով: Փաստորեն, սրանք այն հիմնական քաղաքական ուժերն ու անհատներն են, որոնցից կընտրվեն մեր հաջորդ 5 տարիների օրենսդիրները: Եվ դեռ ավելին, նրանք ոչ միայն զբաղվելու են օրենսդրական աշխատանքով, երկրի զարգացման ընթացքի կանխորոշմամբ, այլ լինելու են մեր երկրի դեմքը թե՛ պետության ներսում, թե՛ նրա սահմաններից դուրս, լինելու են քաղաքական էլիտայի հիմնական կորիզը: Իսկ, որ ոչ պակաս կարեւոր է, նրանց աշխատաոճն ու ապրելակերպը, շարժուձեւն ու պահվածքը շատ-շատերի համար լինելու է ընդօրինակելի:
Բոլորս էլ ներքուստ ցանկանում ենք, որպեսզի առաջիկա խորհրդարանն էապես տարբերվի ներկայիս խորհրդարանից: Ոչ թե արտաքուստ, այլ էությամբ: Սա միայն մեր ցանկությունը չէ, սա նաեւ ժամանակի պահանջն է: Իսկ այս ցանկությունը միայն ու միայն հնարավորություն ունեն իրականացնելու երկրի քաղաքական ուժերն ու ժողովուրդը: Առաջինները պետք է «պեղեն» եւ ի հայտ բերեն երկրի կարող ուժերին եւ նրանց միջոցով կազմեն ծրագրեր եւ, ինչպես ծրագրերն, այնպես էլ իրենց թիմերը ներկայացնեն ժողովրդի ընտրությանը: Իսկ ժողովուրդն էլ պետք է ընտրի լավագույնից լավագույնին: Սա պարզ մի բանաձեւ է եւ բազմիցս հաջողությամբ կիրառված շատ ու շատ երկրներում:
Շատերն են քննադատում 2003թ. ընտրված խորհրդարանը: Սակայն ուշադիր ուսումնասիրելու դեպքում ակնհայտ է, որ առաջարկվածն էլ մի արտառոց բան չի եղել: Մեկ-մեկ կարելի է թվել բոլոր այն պատճառները, թե ինչու 21 քաղաքական ուժերից խորհրդարան անցան միայն 6-ը, թե ինչու վերջիններս հավաքեցին այդքան քվե: Ժամանակի ընթացքում բոլորն էլ ապացուցեցին, թե ինչի են ընդունակ, թե ինչ ներուժ ունեն: Իսկ դա բնավ էլ չի համապատասխանում մեր ժողովրդի ներուժին, այն հաստատ ավելին է: Փաստորեն, պատկերավոր ասած, 2003թ. ԱԺ-ում կատարվեց «եվրոնորոգում», եւ այս 4 տարիներին ընթացքում հստակ ի հայտ եկան բոլոր թերությունները:
Այսօր ձեռքի տակ ունենալով ընտրվելու հայտ ներկայացրած քաղաքական ուժերի ցանկը՝ կարելի է փաստել, որ թեեւ առաջին հայացքից այն մեծ է ու ներկայացուցչական, սակայն, ըստ էության, առանց նշանակալի տարբերությունների: Թերեւս, ամենաէական տարբերությունն ընդդիմության միասնական դաշինքի բացակայությունն է: Շատ են նորահայտ կուսակցությունները, որոնց հիմնական մասի կյանքը սկսվելու եւ ավարտվելու է այս ընտրություններում, մի մասն էլ հույսները դրել են իրենց ցուցակներում ներգրավված հայտնի անհատների վրա: Ցուցակում են նաեւ արդեն բազմիցս ընտրական հայտ ներկայացրած քաղաքական ուժերը՝ մի մասը՝ գործով ապացուցած իր կենսունակությունը, մյուս մասն էլ՝ ընդհակառակը: Թերեւս, միակ հուսադրողն այս պայքարում այն է, որ եկող խորհրդարանում, հնարավոր է, ձեւավորվի իրական ընդդիմադիր թեւ՝ ի տարբերություն նախորդ բազմամարդ, բայց չհամախմբված ու անկազմակերպ ընդդիմության:
Սակայն, ինչպես ասում են՝ «հույսը վերջինն է մեռնում»: Հուսանք, որ սա կլինի վերջին «եվրոնորոգումը» հայրենի խորհրդարանում, եւ հաջորդ անգամ մենք մեր տարիների փորձն ու ներուժն ամբողջությամբ կներդնենք ՀՀ Ազգային ժողովը «կապիտալ վերանորոգելու» գործում: Կարեւորն այն է, որ այս անգամ գոնե «եվրոնորոգումն» անենք որակյալ «շինանյութով», հմուտ վարպետներով եւ, իհարկե, շինարարության կանոններին համապատասխան: