Ըստ նախարարության՝ մեղավորը շահառուներն են

10/03/2007 Լենա ՆԱԶԱՐՅԱՆ, Էդիկ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ

«Հետքի» փետրվարի 12-ի թողարկման մեջ «Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել» հոդվածի հրապարակումից հետո ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ կազմակերպվեց հանդիպում, որի նպատակն էր «Հետքին» պարզաբանել, թե ինչո՞ւ են որոշ բնակարաններ մի քանի ամիս հետո հայտնվում կիսաքանդ վիճակում, եւ ովքե՞ր են մեղավոր ստեղծված իրավիճակի համար (Մանկատան շրջանավարտներին հատկացված տներում հնարավոր չէ ապրել, http://hetq.am/arm/society/0702-home.html):

Նախարարությունը պնդում է, որ վթարային բնակարաններ չեն տրամադրել

«Պետական աջակցություն մանկատան շրջանավարտներին» ծրագրի պատասխանատուները վստահեցնում են, որ ոչ մի շահառու երբեւէ վթարային բնակարան չի ստացել: «Այլ հարց է, որ շահառուի կողմից բնակարանի բնակեցումից հետո ինչ-ինչ պատճառներով (ջրմուղ-կոյուղու համակարգի վթար, շահառուի կողմից տանիքում անտենայի տեղադրում եւ այլն) փոխվում է բնակարանի տեխնիկական վիճակը: Նման իրավիճակ կարող է ստեղծվել ամենուր եւ ամեն բնակարանում: Լրացուցիչ վերանորոգումների համար պետական բյուջեով գումար չի նախատեսվում: Շահառուն պետք է ինքը հոգա իր բնակարանի հոգսերը»,- գրված է փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի պատասխան նամակում:

«Սոկոլ Գրուպ» կազմակերպության փոխնախագահ Գրիշա Մարտիրոսյանը նույնպես պնդեց, որ մինչեւ հիմա անձամբ իրեն ոչ մի շահառու չի դժգոհել: «Բոլորը ունեն իմ հեռախոսահամարը, թող հիմա մեկը գա եւ ասի, որ մենք վատ ենք վերաբերվել, հաշվի չենք առել ցանկությունները, չենք հարմարվել: Թող գան եւ ասեն: Ի վերջո, նախարարությունը հավանություն է տվել եւ ընդունել է այդ բնակարանները, մենք չենք ստիպել նրանց»,- ասում է Գրիշա Մարտիրոսյանը: Այնուամենայնիվ, «Սոկոլ Գրուպի» ներկայացուցիչը նշեց նաեւ, որ Երեւանի բնակարանների մեծամասնությունը 40-50 տարվա մաշվածություն ունի, եւ, բնական է, որ բնակարանում կլինեն խնդիրներ: «Մենք չենք կարող վերանորոգել ամբողջ շենքի խողովակները կամ տանիքը, հիմա մենք եկանք այն եզրակացության, որ մեզ համար ավելի հարմար է շենք կառուցել, քան տարածքներ գնել»,- ասաց Գ. Մարտիրոսյանը:

Խնդիրներն ավելի արագ են ի հայտ եկել այն տարածքներում, որոնք բնակելի չեն եղել ի սկզբանե: Ընդ որում, այս հարցը շատ հեշտ է լուծվում. հանրակացարանների սենյակները եւ այլ չորս պատ ունեցող տարածքները սեփականաշնորհվում են համապատասխան մարմինների թույլտվությամբ, ստանում բնակելի տարածքի կարգավիճակ, վերանորոգվում, եւ ոչ ոք չի կարող ասել, որ որեւէ բան անօրինական է:

«Գուցե իրենց համար ավելի մատչելի է վերցնել տարածքը եւ բնակարանի վերածել, քան մեկ սենյականոց գնել, դա արդեն իրենք են որոշում, ի վերջո, նրանք շահույթ հետապնդող կազմակերպություն են»,- ասում է ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության Ընտանիքի, կանանց եւ երեխաների վարչության պետ Լալա Ղազարյանը:

Ինչո՞ւ «Սոկոլ Գրուպը»

2004թ.-ից նախարարությունն աշխատում է «Սոկոլ Գրուպ» կազմակերպության հետ: Նախորդ հոդվածի հիմնական հարցադրումներից մեկն էլ այն էր, թե ինչո՞ւ է նախարարությունը 2004թ.-ից շարունակում բնակարաններ ձեռք բերելու համար պայմանագիր կնքել միայն «Սոկոլ Գրուպ» կազմակերպության հետ: Նախապես նշենք, որ «Սոկոլ Գրուպ» կազմակերպությունից առաջ` 2003թ.-ին, 35 բնակարան շրջանավարտների համար գնել է «Կարեն Z» կազմակերպությունը, որի հետ նախարարությունը հետագայում հրաժարվել է աշխատել ոչ պատշաճ ծառայություն մատուցելու պատճառով: Այսինքն` նախարարությունն ընդունել է, որ այդ կազմակերպությունը շահառուներին հատկացրել է վատ բնակարաններ, այլապես նրանցից չէր հրաժարվի: (Նախորդ հոդվածում նշված Չարենցավանի եւ Երեւանի 16-րդ թաղամասի բնակարանները ձեռք է բերել «Կարեն Z»-ը):

Փոխնախարար Ֆիլարետ Բերիկյանի պատասխանում գրված է. «Թեպետ 2004թ.-ին «Սոկոլ Գրուպը» չէր հաղթել աշխատանքները կատարելու համար հայտարարված մրցույթում, սակայն մենք հարկ համարեցինք կնքել պայմանագիր այդ կազմակերպության հետ, քանի որ 2004թ.-ին այդ գործընթացին մասնակցելու ցանկություն հայտնել էր միայն «Սոկոլ Գրուպը», եւ նաեւ այն պատճառով, որ նախարարությունը կանգնած էր ընտրության առջեւ` կամ կնքել պայմանագիր եւ ծախսել այդ նպատակի համար տվյալ տարվա պետական բյուջեով նախատեսված գումարը, կամ ձախողել այն: 2005-2006թթ.-ին, հայտնվելով նմանատիպ իրավիճակում եւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ «Սոկոլ Գրուպը» Երեւանում ունի շենք, որը կարող է վերանորոգել 36 հատ մեկ սենյականոց բնակարանների համար, նախարարությունը կրկին պայմանագիր կնքեց «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ-ի հետ»: Նշենք, որ պարոն Բերիկյանի հիմնավորումը չի համապատասխանում իրականությանը. «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի տրամադրած տեղեկանքով՝ 2004-ին մրցույթին մասնակցելու հայտ է ներկայացրել եւս մեկ կազմակերպություն` «Լ.Կ. ընդ Դ. Ինտերնեշիոնալ Ինվեստմենտ Գրուպ» ՍՊԸ անվանումով:

2006թ.-ին, բացի «Սոկոլ Գրուպից», մրցույթին մասնակցել են եւս երկու կազմակերպություններ` «Արամազդ» ՍՊԸ-ն եւ «Տրանսպորտ» ասոցիացիա ՍՊԸ-ն: Բոլոր մասնակիցների հայտերը մերժվել են հրավերի պայմաններին չհամապատասխանելու հիմնավորմամբ: Սակայն պայմանագիրը նորից կնքվել է «Սոկոլ Գրուպի» հետ:

Այսինքն` կառավարությունից ինչ-որ մեկը նման հրահանգ է իջեցրել, որ այդ գործը պետք է անի «Սոկոլ Գրուպը»: Նշենք, որ պայմանագիրը կնքելուց հետո ծրագրի ամբողջ գումարը միանգամից փոխանցվում է ընկերությանը, որը մոտ մեկ տարի հետո փոխարենը տալիս է բնակարաններ: Վերջին անգամ «Սոկոլ Գրուպը» ստացել է մոտ 700 հազար դոլար:

2003թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ-ի միջոցով ձեռք է բերվել 10 բնակարան, «Կարեն Z» կազմակերպության միջոցով` 25 բնակարան: 2004թ.-ին «Պետական գնումների գործակալություն» ՊՈԱԿ` 5 բնակարան, «Կարեն Z»` 10, «Սոկոլ Գրուպ» ՍՊԸ` 37 բնակարան: 2005 -2006թթ.-ին նույնպես աշխատել է «Սոկոլ Գրուպը», սակայն, փաստացի բնակարան դեռ չի հանձնվել: Ընդհանուր առմամբ, այս պահին ընդամենը մանկատան 87 շրջանավարտ է բնակարան ստացել:

Գումարը չի բավարարում լավ բնակարան գնելու համար

ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը բողոքների դեպքում պատճառաբանում է, որ բնակարանների համար նախատեսված բյուջեն կազմվում է տարեսկզբին, իսկ տարեվերջին բնակարանները թանկանում են, ինչի արդյունքում նախատեսված գումարը չի բավարարում: Հիմա Երեւանում բնակարան ստանալու հնարավորությունը շատ ավելի քիչ է, քան մեկ տարի առաջ: Սակայն այսօր նույնիսկ Էջմիածնի, Զվարթնոցի, Աբովյանի բնակարանների գինը գրեթե հավասարվում է Երեւանում բնակարանների արժեքին (տես աղյուսակը):

Ծրագրի շրջանակներում գնված բնակարանները «Սոկոլ Գրուպից» ընդունում է հատուկ այդ նպատակով ստեղծված հանձնաժողովը, որի անդամները ՀՀ Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության եւ ՀՀ կառավարությանն առընթեր Պետական գույքի կառավարման վարչության աշխատակիցներն են: Հետագայում բնակարանները որպես պետական սեփականություն հանձնվում են Պետական գույքի կառավարման վարչությանը: Շրջանավարտները կարող են սեփականաշնորհել դրանք միայն 10 տարի հետո: Հանձնաժողովի խնդիրն է՝ վերահսկել բնակարանային պայմանները: Սակայն մեզ հետ զրուցած մի քանի շրջանավարտներ փաստում են, որ բողոքների դեպքում ստանում են հետեւյալ պատասխանները. «Չես ուզում՝ մի ուզի, կամ` սա էլ է շատ ձեզ համար, քանի տալիս ենք, վերցրու եւ այլն»:

Ծրագրի պատասխանատուներն էլ նշում են, որ շատ դեպքերում շրջանավարտները բնակարան են պահանջում ըստ իրենց քմահաճույքների, չեն հարմարվում եւ մոռանում են, որ տարիներ շարունակ սա էլ չի եղել: Այժմ Չարբախում վերակառուցվում է 36 մեկ սենյականոց բնակարանների համար նախատեսված շենք, որով հնարավոր կլինի փակել Երեւանում առկա պահանջը: Փոխնախարար Ֆ. Բերիկյանը չցանկացավ շինարարական աշխատանքների ավարտման հստակ ժամկետ նշել, սակայն ասաց, որ մոտ ապագայում բնակարաններն արդեն պատրաստ կլինեն: Այս ծրագիրն իսկապես կառավարության կարեւոր ձեռքբերումներից է, մանկատունն ավարտած շրջանավարտը այլեւս չի հայտնվում փողոցում, սակայն այն պետք է վերահսկվի, որպեսզի չդառնա միայն ինչ-որ կազմակերպության բիզնեսի ծաղկում:

www.hetq.am